|
Սուրեն Սուրենյանց 2010-08-28
Հայաստանի քաղաքական համակարգին միշտ էլ բնորոշ է եղել անտագոնիզմը: Անցած 20 տարիներին իշխանություններն ու ընդդիմությունը շռայլորեն անվանարկել են միմյանց՝ «թալանչի», «դավաճան» եզրերը դարձնելով քաղաքական բանավեճի անքակտելի մաս: Բացառությամբ 1991թ. նախագահական և 1999թ. խորհրդարանական ընտրությունների՝ մնացած բոլոր ընտրությունների արդյունքները վիճարկվել են օրվա ընդդիմության կողմից, հասարակությունը բաժանվել է «յուրայինների» և «օտարների», հետընտրական զարգացումները ունեցել են դրամատիկ, երբեմն՝ ողբերգական վերջաբան: Արդյունքում ունեցել ենք ավելի անվերահսկելի իշխանություններ, քաղկալանավորներ, հուսահատ և երկիրը լքող հասարակություն: Կոնկրետ այսօրվա քաղաքական քարտեզի հիմքը դրվեց 2007թ.-ի վերջին, երբ գործող իշխանության վերատադրության ճանապարհին հայտնվեց լուրջ խոչընդոտ՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականություն վերադառնալու հրապարակային հայտով: «Ավազակապետություն» և «քիրվայություն» բառերը, որով Սերժ Սարգսյանի և Տեր-Պետրոսյանի կողմնակիցները որակում էին միմյանց՝ դարձան այն նշանային բառերը, որոնք լավագույնս բացահայտում են այսօրվա քաղաքական համակարգի իռացիոնալ բնույթը: Երբ իշխանության ներկայացուցիչները, պարզունակ մեկնաբաննություններ տալով ԼՂ խնդրում և հայ-թուրքական հարաբերությունների հարցում առաջին նախագահի մոտեցումներին, նրան մեղադրում էին քիրվայության մեջ, վարկաբեկվում էր ընտրութուն գաղափարը, որովհետև դավաճանի հետ ընտրական մարաթոնի չեն մասնակցում, նրան դատում են:
Երբ Լ. Տեր-Պետրոսյանը իշխանություններին որակեց «ավազակապետություն» եզրով, դարձյալ ընտրության ինստիտուտը կորցրեց իմաստը, որովհետև ընտրության հիմնական առաքելությունն իշխանության քաղաքական ժառանգականությունը, լեգալ փոխանցումը ապահովելն է, իսկ ավազակապետությունը կարող է կործանվել ոչ թե ընտրությունների, այլ միայն գրոհի, նվաճման միջոցով:
Արդյունքում՝ ընտրական պրոցեսում մրցակցության էլեմնենտները, իրական քաղաքականությունը ոչնչացվեցին՝ տեղը զիջելով կոշտ ուժային հակադրությանը, ինչի հետևանքներն ակնհայտ են. հերթական կեղծված ընտրություններ, Մարտի 1, հասարակությունից օտարված և նոր համակարգ ստեղծելու կարողություն չունեցող իշխանություն, արագ իշխանափոխություն խոստացող ու այդ խոստոււմների գերին դարձած և հասարակությանը հիասթափեցնող ընդդիմություն, անվերահսկելի ուժայիններ, իրավազրկված քաղկալանավորներ:
2008-ի ընտրական պրոցեսն իր բնույթով գաղափարական չէր, նույնիսկ քաղաքական չէր՝ դասական իմաստով: Այն ռեսուրսային էր, որի իմաստը՝ իշխանության համար, սեփական համակարգը կոնսոլիդացնելն էր, ընդդիմությունն էլ փորձում էր կազմաքանդել նույն այդ համակարգը: Այս պայմաններում քաղաքական սուբյեկտները մրցակցել, կոմպրոմիսների գալ չէին կարող. մեկի հաղթանակը մյուսի անվերապահ կապիտուլյացիան էր կամ՝ հակառակը: Նման համակարգերը զարգացման հեռանկար չունեն:
Պատահական չէ, որ, օրինակ, գեներալ Մանվել Գրիգորյանը՝ նույնիսկ անկախ սեփական ցանկությունից, դարձել էր ընտրական կամպանիայի առանցքային դեմքերից մեկը: Տեր-Պետրոսյանն Ազատության հրապարակում վանկարկում էր գեներալի անունը՝ ցույց տալով, որ հասարակությանը միավորելու է ոչ թե կրեատիվ գաղափարի, այլ՝ իշխանության կազմաքանդման թեզի շուրջ: Իշխանությունը՝ հրապարակային ու ստվերային շանտաժի միջոցով կաշկանդում էր Մանվելին: Վերջինս շատ շուտով թշնամի դարձավ երկու ճամբարների համար, որտեղ դեռ երեկ նա փառապանծ գեներալ ու հերոս էր: Ու դա այն պատճառով, որ գեներալը չարեց այն, ինչը չպիտի աներ. նա իշխանության հրամանով չկրակեց անզեն մարդկանց վրա, բայց և չընտրեց Ազատության հրապարակի հարթակում «հերոսանալու» տարբերակը:
Նախագահական ընտրություններից երկուս և կես տարի հետո, մեր քաղաքական համակարգին բնորոշում է դարձյալ հակադրության մթնոլորտը: Ժողովուրդը տուն է գնացել անտարբեր՝ դիտորդի կարգավիճակով հետևելով Բաղրամյան և Կորյուն փողոցներից եկող անհասկանալի մեսիջներին:
Արդեն քչերն են հավատում, որ Սարգսյանին կհաջողվի ստեղծել նոր, ավելի բաց համակարգ: Քաղաքական, տնտեսական հարաբերություններում նույն մոնոպոլ դրսևորումներն են, վերացված չեն Մարտի 1-ի հետևանքները, արտաքին քաղաքական նախաձեռնություններն իրենց բնույթով հակասական են և հետևողականությամբ աչքի չեն ընկնում: Իշխանությունը հասարակության հետ երկխոսություն ծավալելու փոխարեն՝ գերադսում է իր կայունության և լեգիտիմության հետ կապված խնդիրները լուծել արտաքին աշխարհում: Դրա վառ ապացույցը ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետի չհիմնավորված երկարաձգումն էր, որն էական հարված է հասցնում Հայաստանի անկախությանը, լրուրջ խնդիրներ կարող է հարուցել մեր և հարևան երկրների, մասնավորապես, Վրաստանի հարաբերություններում:
Արդյո՞ք իշխանության նման որակն արդարացնում է հայաստանյան ընդդիմության այսօրվա վիճակը: Ոմանք կարծում են, որ նման իշխանության պայմաններում՝ ընդդիմությունն ինստիտուցոինալ կառույցներ ստեղծելու, երկարաժամկետ խնդիրներ ձևակերպելու անհրաժեշտություն չունի և նախկին գործելակերպի շարունակումը կարող է արդյունավետ լինել: Այդ մարդիկ չարաչար սխալվում են, որովհետև որակապես նոր համակարգ չստեղծած ընդդիմությունը չի կարող դիտվել իբրև իրական այլընտրանք և հետևաբար՝ անլուծելի է դառնալու իշխանափոխության խնդիրը:
Մյուս կողմից, եթե ընդդիմությունը որակապես նոր, բաց համակարգի կրող չէ, իշխանափոխությունը ոչ միայն չի կարող որակական փոփոխություններ առաջացնել երկրում, այլ՝ կարող է դառնալ համապարփակ ճգնաժամի պատճառ: Դրա վառ վկայությունը՝ 1998-ի իշխանափոխություն էր, որը ոչ թե քաղաքական գործընթացի, այլ՝ հեղաշրջման հետևանք էր:
2008-ի նախագահական ընտրություններից հետո՝ ՀԱԿ-ը նոր համակարգ ստեղծելու, երկարաժամկետ քաղաքական պրոյեկտ դառնալու շանս ուներ, որը, սակայն, իրականություն չդարձավ Կորյունի գրասենյակում ձևավորված ընդդիմադիր նոմենկլատուրայի ոչ ադեկվատ քայլերի պատճառով: Հատկապես Երևանի քաղաքապետական ընտրություններից և հայ-թուրքական գործընթացի մեկնարկից հետո՝ Կոնգրեսը քաղաքական նախաձեռնությունն ամբողջապես զիջեց իշխանություններին՝ դառնալով նրանց քայլերին անհաջող արձագանքող վերլուծական կենտրոն: Ավելին, ՀԱԿ ասելիքի գլխավոր հասցեատերը դարձյալ ոչ թե Հայաստանի քաղաքացին է, այլ՝ արտաքին աշխարհի ազդեցիկ կենտրոնները, որոնք, սակայն, բոլոր դեպքերում գերադասում են գործ ունենալ իրական իշխանության հետ:
Թե՛ իշխանության և թե՛ ընդդիմության ճամբարներում ստեղծվել են ավտորիտար փակ համակարգեր, որոնք չեն կարոզանում ահնգամ ձևակերպել երկրի զարգացման խնդիրները: Սեփական պատրոններին քծնելը, նրանց ցանկացած քայլին ծափերով արձագանքելը՝ հիշեցնում են խորհրդային նախատիպերը: Թե՛ իշխանության և թե՛ ընդդիմության ճամբարներում էլիտաները հակադրության մոդելը դարձրել են իրենց գոյության, ազդեցության մեծացման միակ գործոնը: Հակադրության ռեժիմն անվերահսկելի ու սանձարձակ է դարձնում ուժային կառույցներին՝ իշխանության ներսում «արժևորելով» նրանց դերակատարությունը, ինչը լուրջ խոչընդոտ է հնարավոր բարեփոխումների անցկացմանը: Հակադրության ռեժիմը դառնում է նաև ընդդիմության նոմենկլատուրայի գոյության միակ աղբյուրը՝ նրանց ազատելով նոր իդեաներ գեներացնելու, նոր մոտեցումներ ձևակերպելու գլխացավանքից:
Այս առումով եմ ասում, որ իշխանության և ընդդիմության համակարգերն միմյանցից որակապես չեն տարբերվում: Խոսքը ոչ թե մարդկանց մտավոր ու բարոյական ներուժի, այլ՝ համակարգերի տրամաբանության մասին է: Պատահական չէ, որ երկու համակարգերն էլ գործում են ռուսական դաշտում՝ կենաց-մահու կռիվ տալով չեկիստական Ռուսաստանի առաջին դեմքերին քծնելու մրցավազքում:
Վերահրապարակում Օրիգինալը տես՝ surenyants.livejournal.com |