|
Աղասի Թադևոսյան 2009-05-03
Այսպես կոչված «Ճանապարհային քարտեզի» վերաբերյալ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների ապրիլի 22-ին արած հայտարարությունը բառիս բուն իմաստով փոթորկել է հասարակությունը: Կարծիքները բևեռացված են: Ազգայնականության վրա սեփական ռազմավարությունը կառուցող իշխանական կուսակցություններից մեկը` ՀՅԴ նույնիսկ մասնակիորեն դուրս եկավ իշխանությունից:
նկատենք` իշխանության հանդեպ ՀՅԴ կեցվածքը իր յուրօրինակության շնորհիվ արդեն համալրել է զվարճալի թեմաների շարքը և դրան չարժե այստեղ անդրադառնալ: Ինչ վերաբերում է ազգայնականության մնացած խմբերին, ապա նրանց դիրքորոշումմ անհանդուրժողական է: Սա ընկալելի ու հասկանալի է, սակայն Հայաստանում ձևավորված իրավիճակի տարօրինակությունն այն է, որ նույնիսկ ոչ ազգայնական ուժերն ու գործիչները շատ «վախվորած» են` զգուշանալով «ազգի դավաճան» որակվելու վտանգից:
Ստեղծված իրավիճակում, անհրաժեշտ է հասկանալ, թե առկա տարբեր քաղաքական ուժերից ու գաղափարական հոսանքներից ով ինչպես է ընկալում առնվազն երկու առանցքային հիմնահարց` 1. այսօր աշխարհում ձևավորված իրականությունը, 2. Հայաստանում առկա իրականությունը:
Սա շատ կարևոր է, քանի որ պահը վճռորոշ է պետության համար և սխալ կամ ճիշտ կողմնորոշումը կարող է ճակատագրական լինել հետագա զարգացումների առումով: Սխալվելուց խուսափելու միակ ելքը իրականությունը հորինվածքից, առասպելից և խաբկանքից զատելու մեջ է: Սա մի նմխնդիր է, ինչի լուծումը պահանջում է լինել ոչ թե «հայրենասեր», այլ` առնվազն իրատես:
Այսօր, աշխարհում քաղաքականությունը կառուցվում է իրատեսության վրա: Իսկ իրատեսությունը բխում է առաջին հերթին զարգացման նպատակից ու խնդիրներից: Այսինքն, որևէ ազգ հեռանկար ու ապագա ունի, եթե նրա ինքնակազմակերպման կառույցները ծառայում են զարգացմանը: Ինքնակազմակերպման կառույցներ ասելով` նկատի ունենք ինչպես պետությունը, այնպես էլ հասարակական, քաղաքական, մշակութային, ազգային, տնտեսական և այլ ինստիտուցիաներ:
Մեր պես ծայրագավառային վիճակում գտնվող երկրի համար ձգտել զարգացման նշանակում է, ձգտել ինտեգրվել զարգացած աշխարհին, կամ այլ կերպ ասած` ջանք գործադրել ծայրագավառային կախյալ կապիտալիզմի շրջագծից անցնելու Կենտրոնի ինքնուրույն զարգացող կապիտալիզմին:
Դրա համար անհրաժեշտ է պետության ներքին քաղաքականությունը ուղղորդել մարդկային զարգացմանն ու որակյալ մարդկային կապիտալի կուտակմանը, որը կարող է հանգեցնել նորացման ռեսուրսների ձևավորմանը, իսկ արտաքին քաղաքականությունը` կենտրոնին կապող կոմունիկացիաների զարգացմանը: Մնացած այն ամենը, ինչ չի առնչվում այս տրամաբանությանը կամ առավել ևս դուրս է դրանից, պետք է դասել քաղաքական առասպելաբանությանը, որը եթե նույնիսկ ներկայացվում է տարբեր տեսակի հայրենասիրությունների շղարշով քողարկած, միևնույն է վնասակար է, հնացած, անհեռանկար, կրիտիկական իրավիճակներում ` կործանարար:
Մեր ազգայնականների մոտեցման իրատեսականությունը կամ առասպելականությունը գնահատելու համար փորձենք հիմնական մի քանի հարցադրումների շուրջ որոշակիացումներ մտցնել: Խոսքը մասնավորապես վերաբերում է Ցեղասպանությանը և Արևմտահայաստանի տարածքների հիմնախնդրին:
Ըստ էության, ազգայնական ուժերի համար հայ-թուրքական հաշտեցման գործընթացի հիմնական «դեմ» փաստարկը կապված է Ցեղասպանության ճանաչման ու Հայ Դատի հիմնախնդրի հետ: Ազգայնականները գտնում են, որ Ցեղասպանության ճանաչման ու Հայ Դատի խնդիրները պետական արտաքին քաղաքականության առանցքային ու առաջնահերթ ուղղությունները պետք է լինեն: Համարվում է, որ այդ դեպքում միջազգային հանրության ճնշման տակ Թուրքիան ստիպված կլինի ոչ միայն ֆինանսական լուրջ տույժեր վճարել, այլ նաև տարածքային հատուցումների գնալ: Ազգայնականներից որոշները տարածքային հատուցման խնդիրը տեսնում են Սևրի դաշնագրով նախատեսված սահմաններին վերադառնալով: Դրանով է հիմնավորվում նաև ներկա սահմանների ամրագրմանը վերաբերող մերժողական դիրքորոշումը: Կարելի է ամփոփ ձևով ասել, որ ազգայնականների քաղաքականության նպատակը Ցեղասպանության ճանաչումից ակնկալվող ֆինանսական ու տարածքային հատուցումն է:
Նկատենք, որ ազգայնականներից և ոչ մեկը չունի որևէ խելամիտ ծրագիր, որը հաջորդելու է պատմական Հայաստանի տարածքի քաղաքական-աշխարհագրական յուրացմանը: Խոսքը վերաբերում է առաջին հերթին արևմտյան Հայաստանի ժողովրդագրական, տնտեսական ու էթնամշակութային յուրացման խնդիրներին: Ակնհայտ է, որ Արևմտահայաստանի միացումը ժողովրդագրական առումով խախտելու է Հայաստանի էթնիկ հավասարակշռությունը: Նկատենք, որ Արևմտահայաստանի տարածքները անմարդաբնակ չեն և այդտեղ ապրում են մի քանի միլիոն քրդեր ու թուրքեր: Ինչ էլ մտածենք ու աենք, փաստ է, որ աշխարհը չի գնա այդ տարածքներում ապրողների տեղահանմանը:
Հարց` ՀՅԴ-ն և մյուս ազգայնականները ինչպե՞ս են հայացնելու այդ տարածքները, եթե ենթադրենք, որ Հայ Դատի հետևողական քաղաքականության շնորհիվ մոտ ապագայում Թուրքիան հանկարծ ինչ-որ մի հրաշքով տարածքային փոխհատուցում տա Հայաստանին:
Այս առումով նկատենք, որ հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ ազգայնականների բարձրացրած ահազանգերից մեկը հենց ժողովրդագրական բնույթի էր, քանի որ շատ լուրջ էր համարվում Թուրքիայի սահմանակից շրջանների բնակչության ներհոսքը և ժողովրդագրական հավասարակշռության խախտումը: Կարծում ենք, այդ խնդիրը կարգավորման ենթակա է, սակայն քրդերով ու թուրքերով բնակեցված տարածքների միացումը հայերին Հայաստանում վերածելու է ազգային փոքրամասնության:
Անցած 18 տարների փորձը ցույց տվեց, որ նրանք ի վիճակի չեղան նույնիսկ բնակեցնելու ադրբեջանցիներից ազատագրված Շուշի քաղաքը: Որևէ մեկը չի կարող ժխտել, որ Շուշին այսօր դարձել է գլխավորապես անհաջողակների ու կյանքից մերժվածների բնակատեղի: Եթե Շուշիի ազատագրումից հետո ավելի քան 15 տարվա ընթացքում նույն ազգայնականներին չի հաջողվել ընդամենը 10.000 մարդ բնակեցնել դատարկ քաղաքում, իրականացնել տարածքի մշակութայնացումը և տնտեսական ենթակառուցվածքների ձևավորումը, ապա այդ ինչի հիման վրա են նրանք այդքան վստահ Արևմտյան Հայաստանի հարցում:
Չկա ծրագիր: Ո՛չ Դաշնակցությունը, ո՛չ Սփյուռքի կազմակերպությունները և ո՛չ էլ որևէ այլ ազգայնական ուժ չունի նման ծրագիր և չի կարող ունենալ:
Նույնիսկ Գերմանիայի նման հզոր ու զարգացած պետությունը չափազանց մեծ գնով կարողացավ ինտեգրել էթնոմշակութային առումով միատարր և տնտեսապես ոչ շատ հետամնաց ԳԴՀ-ին:
Ավելորդ չէ նաև նկատել, որ այսօրվա Հայաստանի հետամնացության, կոռումպացվածության ու անհաջողությունների գործում վերջին 10 տարում լուրջ «ներդրում» է ունեցել հայրենասիրական կոչերի պակաս չունեցող և տարբեր ձևաչափերի «կառուցողական կոալիցիաների» հանդեպ հատուկ թուլություն ունեցող Դաշնակցությունը:
Ասածս անշուշտ չի նշանակում, որ հեռանկարային առումով պետք է ընդհանրապես հրաժարվել պատմական հայրենիքի տարածքների վերադարձման խնդրից: Սակայն հարցը տեղափոխվում է այլ հարթություն: Նախ եկեք հասկանաք, թե ով է պահանջատերը` այսօրվա Հայաստանը, թե կոնկրետ մարդը: Հետո արդեն գալիս է առաջնահերթությունների խնդիրը: Առաջին հարցադրմանը պատասխանելու ենք մեկ այլ նյութով: Հիմա խոսենք առաջնահերթությունների մասին:
Եթե այսօր առաջնահերթությունը Հայաստանի զարգացումն ու ինտեգրումն է քաղաքակրթական Կենտրոնին և դեպի այն տանող ճանապարհը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն է, ապա պետք է կարողանալ դրան ադեքվատ համակարգեր ձևավորել:
Հետո` պետք է հասկանալ, որ Թուրքիայի հետ հակամարտության շարունակությունն անխուսափելիորեն բերելու է ռուսահպատակության: Ավելի կոշտ ասած` անկախության փասռտացի կորստի: Իսկ որ Ռուսաստանը երբեք չի թույլատրելու ինքնուրույն որոշումներ ընդունել, կարծում եմ բոլորին է պարզ: Հիշենք թեկուզ Իրան-Հայաստան գազատարի հետ կապված զարգացումները, կամ էլ ռուսական կողմից հնչող վերջին գնահատականները, երբ «զարմանք» էր հայտնվում, որ Հայաստանը ինքնուրույն քայլեր է անում ՆԱՏՕ ու ԵՄ հետ փոխհարաբերությունների հարթությունում:
Այսօր, տարածաշրջանում քաղաքական շահերի դասավորությունը մեզ համար նորից շանս է ստեղծել վերականգնելու մեր ինքնիշխանությունը և ինտեգրվել քաղաքակիրթ Կենտրոնին:
Այսօր մենք աշխարհի ու իրողությունների ընկալման ռուսական ազդեցության տակ ենք: Մեր ազգայնականները, այդ թվում և Դաշնակցությունը, հենց այդ ընկալումների շրջագծում վերջին հարյուրամյակում ձևավորված ահազանգերի ու ռիսկերի խնդիրն են փորձում շահարկել: Թուրքերը փորձում են որպես հակակշիռ առաջարկել իրենցը, որ իբր թե հայերն ու թուրքերը «բարեկամ» ժողովուրդներ են եղել, երկար ժամանակ ապրել են իրար հետ, իսկ Ցեղասպանությունը առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով առաջացած «պատմական մի կնճիռ է», որը համատեղ ուժերով պետք է հաղթահարել:
Եվրոպան ու Ամերիկան էլ առաջարկում են իրենց տարբերակը, ինտեգրվել Կենտրոնին միմյանց հետ նոր որակի հարաբերություններ հաստատելու ճանապարհով կամ ավելի ճիշտ Կենտրոնի քաղաքակրթական առանձնահատկությունները աշխարհագրական նոր սահմաններ տեղափոխելու միջոցով: Մենք հնարավորություն ունենք ընտրելու: Սեփականը առաջադրելու շանս մեզ առայժմ չեն տալու, իսկ ինքներս բավականաչափ ուժեղ չենք նման շանս ստեղծելու համար:
Մենք պետք է կարողանանք առանց զգացմունքների և բացառապես սառը դատողությամբ իրավիճակը գնահատելով ճիշտ ընտրություն կատարել: Դրա համար մեկ անգամ ևս պետք է որոշակիացնենք մեր շահը, որը կարծում եմ, որ, ներկա պայմաններում, ծայրագավառային ռուսահպատակ ու պայմանական պետականությամբ տարածքից դեպի քաղաքակրթական Կենտրոնին ինտեգրվող ինքնիշխան պետականության տրանսֆորմացվելու մեջ է:
Դժվար է միանշանակ ասել, թե սկսված գործընթացն ինչ փուլեր ու ելք է ունենալու: Գիտենք, որ այն առավելապես վերահսկվում է ոչ թե տարածաշրջանային խաղացողների, ինչպիսիք են օրինակ ՌԴ-ն, Թուրքիան, Հարավային Կովկասի երկրները, այլ գլոբալ խաղացողների` ԱՄՆ ու Եվրամիության կողմից:Կարող է ստացվել այնպես, որ անկախ մեր իշխանությունների քայլերի որակից, գործընթացն ինքը կարող է մեզ համար բարենպաստ լինել: Բարենպաստ, եթե այն «չփչացվի» Հայաստանի ռուսամետ «ազգայնականների» կամ էլ անկեղծ ու ոչ այնքան «հայրենասերների» կողմից: Իսկ դրա համար (փչացնելու) արդեն բավարար հիմքեր ստեղծվում են: Բոլոր այս ուժերը կոնսոլիդանալու լուրջ միտումներ են ցույց տալիս: Մյուս կողմից էլ, ինչքան էլ պարադոքսալ հնչի, հաշտեցման կողմնակիցներն ավելի թույլ են ու մասնատված` գլխավորապես կոնյունկտուրային շահերով առաջնորդվելու պատճառով:
Վերջին շրջանի անցուդարձն էլ ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանություններն աշխարհայացքորեն ընդունակ չեն ընկալելու Կենտրոնին ինտեգրման ռազմավարական հեռանկարը, ու այդ պատճառով արտաքին ու ներքին ճնշումների ներքո կարող են կոպիտ սխալներ թույլ տալ ու դուրս գալ ազգային ու պետական իրատեսական շահերի շրջագծից:
Խնդիրն/ն այն է նաև, որ այդ ինտեգրումը, բացի արտաքին պայմաններից, ենթադրում է բոլորովին նոր որակի ներքին ինստիտուտների ձևավորում: Իսյ այս հարցում մենք առայժմ տրամագծորեն հակառակ ճանապարհով ենք շարժվում:
|