Չանդրադառնալ մարտի 1-ին կայացած հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին հնարավոր չէ: Նախ, իմ գնահատականով այն մինչև 2009 թ. մարտ ընկած ժամանակահատվածը Հայաստանում տեղի ունեցած ամենաառանցքային քաղաքական իրադարձությունն է:
Երկրորդ, իր հարցադրումներով և ներքին էներգիայով այն կարող է նպաստել հասարակական-քաղաքական դաշտում «հավելյալ արժեքի» ստեղծմանը, այլ կերպ ասած` նոր որակի մտածողություն ու աշխարհայցք կրող հասարական-քաղաքական խավի ձևավորմանը: Երրորդ, նման առանցքային քաղաքական փաստը կամ իրողությունը պետք է բազմաթիվ մեկնաբանությունների արժանանա թեկուզ այն պատճառով, որ այն չթողնվի միայն ընդդիմության կամ իշխանության ներկայացուցիչների մեկնաբանությանը: Երբ որևէ երևույթ քանակապես և որակապես նոր ու բազմազան մեկնաբանությունների է արժանանում, հասարկությունը ավելի մեծ շանսեր է ստեղծում ինքն իր համար «փակից» դեպի «բացը», հետևաբար նաև, ուղղահայաց-ավտորիտարից` հորիզոնական-ժողովրդավարականի փոխվելու համար: Մյուս կողմից էլ հասարակությունը մեկնաբանությունների բազմազանության միջոցով կարող է իշխանություն-ընդդիմություն հակադրությունը տեղափոխել հասարակական դաշտ` սեփականացնելով հիմնախնդիրը, հետևաբար և ուժեղացնելով թե՛ ընդդիմության և թե՛ դիմության ունեցած իշխանության բաժինների վրա իր ազդեցությունը: Մարտի 1-ի ելույթը բեկումային կարելի է համարել այն առումով, որ որակապես նոր բնույթի մարտահրավեր է նետել: Ընկալվու՞մ է դա, թե ոչ, բայց իշխանությունը կամ պետք է ընդունի այդ մարտահրավերը և փորձի փոխել իր որակը (ինչը իշխանության շատ ներկայացուցիչներ չեն կարող հանդուրժել, քանի որ նրանց աշխարհընկալման շրջանակներում դա հավասարազոր է իշխանության կորստին) կամ պետք է անտեսի մարտահրավերը և ստիպված լինի ավելի նեղացնել ունեցած իշխանության շրջանը էլ ավելի փոքր, բայց խմբիշխանության տեսանկյունից վստահելի շրջանակների վրա, որպեսզի վերհսկողությունից դուրս չգան ուժային ու ֆինանսական լծակները: Սակայն, այս հեռանկարը մի շարք հեղինակավոր վերլուծաբաններ, ինչպես, ասենք, ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, համարում են պայթունավտանգ ու կործանարար հենց իշխանության համար: 
Մարտահրավերի բովանդակությունն ամփոփված է ընդդիմության հետագա ռազմավարության, նպատակի ու մարտավարության ձևակերպումներում, որոնք այդպես հստակ ներկայացվեցին առաջին անգամ: «Միանգամից հարկ եմ համարում հայտարարել. Համաժողովրդական շարժման կամ Հայ Ազգային Կոնգրեսի բառապաշարում իսպառ բացակայել և այսուհետև ևս բացակայելու են գրոհ, ապստամբություն, հեղափոխություն հասկացությունները։ Եթե այս հասկացություններն են կազմում քաղաքական ուժերի վճռականության մասին պատկերացման հիմքը, ապա մենք կտրականապես մերժում ենք այդպիսի վճռականությունը։ Ապստամբության կամ հեղափոխության հնամաշ գաղափարները պետք է վերջնականապես դուրս մղվեն մեր երկրի քաղաքական օրակարգից։ Քանի դեռ դա տեղի չի ունեցել, Հայաստանը իրավական, ժողովրդավարական պետություն դառնալու հեռանկար չի կարող ունենալ»: Չափազանց հստակ ձևակերպված նպատակի` ժողովրդավարական պետության կառուցման մարտավարությունը համարվում է ուժային գործողություններից, կամ ուղղահայաց ազդեցության գործիքներից հրաժարումը, քանի որ հակառակ դեպքում մարտավարության սխալ ընտրույթը կարող է հանգեցնել ռազմավարական նպատակի փոփոխությանը, ինչը հավասարազոր է ընդդիմադիր շարժման կործանմանը: Հստակ է, որ ընդդիմության առաջնորդը մերժում է իշխանափոխությունը որպես շարժման նպատակ դիտելը: Ավելին, նման նպատակադրումը գնահատվում է չափազանց վտանգավոր ու անընդունելի, ինչպես ներքաղաքական ու հասարակական, այնպես էլ` արտաքին քաղաքական, պետական ու ազգային անվտանգության տեսանկյունից: Մարտավարական խնդիրներից գլխավորը համարվում է գիտակից քաղաքացիական հասարակության ձևավորումն ու երկարատև պայքարի պատրաստ, պատասխանատու ու ինստիտուցիոնալ ընդդիմության ստեղծումը: Առաջին հայացքից տարիների տքնաջան ու լայնածավալ աշխատանք պահանջող, չափից դուրս երկարատև խնդիր է դրված, որը, թվում է թե, ընդդիմության համար փակուղային է: Բայց հարցն այն է, որ այս նպատակներն ու խնդիրները ներկայացված են որպես մարտահրավեր, ոչ միայն իշխանությանը, ոչ միայն քաղաքական ողջ սպեկտրին, այլ նաև յուրաքանչյուր մարդու, ով ապրում է Հայաստանում, առանձին խավերի, խմբերի և վերջապես` ողջ հասարակությանը: Հենց սա է, որ դանդաղ գործող ռումբի էֆեկտի սկզբունքի վրա է կառուցված, ինչը ոչ մի կերպ չի ընկալվում ո՛չ իշխող վերնախավի ու ո՛չ էլ կուսակցությունների ներկայացուցիչների ու քաղաքական մեկնաբանների զգալի մասի կողմից: Մասնավորապես, ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանի «քաղաքական պայքարում որոշիչը հավաքված մարդկանց բռունցքը չէ, այլ ինտելեկտը, այն է` ինչ խնդիրների մասին է ընդդիմությունը այս պահին խոսում» արտահայտությունը ցույց է տալիս, որ իշխող կուսակցությունում չի ընկալվում, որ իշխանության լծակներին տիրապետող շրջանակներին նետված է մարտահրավեր և որ այն անտեսելը վտանգավոր է գործող դիմության համար: Ուրախանալ ու թեթևացած շունչ քաշել այն բանի համար, որ Լ. Տեր-Պետրոսյանը հրաժարվեց ապստամբության ու հեղափոխության կոչերից և համարել դա ընդդիմության պարտվողականության ու անզորության նշան` կամ վերլուծական ունակությունների բացակայության կամ էլ սեփական դիրքերի սխալ գնահատման վկայություն է: Մի բան ակնհայտ է, կոնցեպտուալ մտածողությանը հակադրվում է պատեհապաշտական պրագմատիզմը: Այդպես են փչանում փակ համակարգերը: Չէի ցանկանա աչքաթող անել Լ. Տեր-Պետրոսյանի ելույթի ներածական, մասը, որտեղ, անդրադառնալով ԵԽԽՎ Ադրբեջանի գծով համազեկուցող Անդրես Հերկելի այն արտահայտությանը, թե Հայաստանը գնահատվում է որպես ժողովրդավարության զարգացման ռազմավարությունից շեղված և ռուսական ազդեցության տակ գտնվող երկիր, զգուշորեն ձևակերպվում է նաև քաղաքական պայքարի ռազմավարությունը: Կարելի է ենթադրել, որ խոսքը Ռուսաստանի` ռազմավարական գործընկերության քողով փակված և օրեցօր ավելի խստացող նեոգաղութատիրական ենթակայությունից Հայաստանի ազատագրման մասին է, ինչն աշխարհում ստեղծված գլոբալ քաղաքական ու քաղաքակրթական ներկա գործընթացների կոնտեքստում հայկական պետականության կայացման ու զարգացման գլխավոր, կամ նույնիսկ միակ երաշխիքն է: Ցավոք, 1988 թ. սկսված ազգային ազատագրական պայքարը, որն ուղղված էր խորհրդառուսական ռեժիմի թոթափմանը և ինքնիշխան, ժողովրդավարական Հայաստանի կայացմանը, մինչև օրս չի լուծել հիմնական խնդիրը, այն է` սեփական զարգացման ուղին ինքնուրույն, առանց ռուսական կողմի թելադրանքի ու պարտադրանքի ընտրելու հնարավորության ձևավորումը: Այս առումով, նետված մարտահրավերը վերադարձ է դեպի անկախության ժամանակաշրջանի սկիզբ: Նրանց, ում համար ռուսական կողմնորոշումը գոյատևման կենսական պայման է, իսկ ժողովրդավարության զարգացումը ծիծաղելի հեքիաթ, այս մարտահրավերը կթվա դատարկ խոսք: Բայց, եթե Հայաստանում կան անհատներ, խավեր, խմբեր ու կազմակերպություններ, ում համար իր երկրի ինքնիշխանությունը և ժողովրդավարությունն արժեքներ են, այս մարտահրավերը կդառնա ինքնաիրացման ու կոնսոլիդացման դրդապատճառ: Վերջին հաշվով, Հայաստանում քաղաքական պայքարի այս իրավիճակը ձևավորվել է նախորդ դարաշրջանի մտածողությամբ ապրող ռուսաֆիլ վերնախավի ու նոր ձևավորվող, իննովացիոն մտածողություն ունեցող, ինտելեկտուալ էլիտաների բախման հետևանքում: Գործընթացը մտել է անդառնալիության փուլ, որն անխուսափելիորեն նոր զարգացումներ է պահանջում: «Հին ուժերին» կամ օլիգարխիկ կուսակցություններին չի հաջողվելու կասեցել այն, որովհետև այն գործիքները, ինչին նրանք են տիրապետում, գտնվում է փոխահարաբերությունների նյութական, ֆիզիկական հարթությունում: Իսկ այն փոխահարաբերությունները, որոնք այսօր կառուցվում են «նոր» սերնդի կողմից, գտնվում է նշանային, խոսքային ու գաղափարական հարթությունում, որի վրա նյութական փոխհարաբերությունների մակարդակից ազդելը չափազանց դժվար, համարյա անհնարին գործ է: |