|
Աղասի Թադևոսյան 2009-04-25 Շվեյցարիայում հայ-թուրքական համատեղ հայտարարությանն ամենակտրուկը, թերևս, արձագանքեց ՀՅԴ-ն: Հայ-թուրքական հարաբերությունները ընթանում էին զարգացման տրամաբանությամբ. Այնպես որ իրեն քիչ թե շատ փորձառու համարող քաղաքական ուժի համար բոլորովին էլ անսպասելի չպետք է համարվեր նման փաստաթղթի ստորագրումը:
Հետևաբար` անհամաձայնություն պետք էր հայտնել ոչ թե արդեն կատարվածի առիթով, այլ մինչ այդ: Սա` հրապարակայնորեն ատահայտվող «զարմանքի» առիթով: Փորձենք ընդհանրացնել հակառակորդների փաստարկները: Նախ, որպես առանցքային են նշում հատկապես ապրիլի 24-ի նախօրեին նման փաստաթղթի սորագրման փաստը` այն համարելով Ցեղասպանության ճանաչմանն ուղղված տարիների աշխատանքի արդյունքների վտանգում:
Հետո, այն դիտվում է որպես պետականության ինքնիշխանությունն ու գոյությունը վտանգող քայլ և «բացասական առումով Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխություն»: Այն, որ քաղաքականության փոփոխություն կա, դրա հետ դժվար է չհամաձայնել, բայց որ դա բացասական է, պետք է հիմնավորել: Միայն էմոցիոնալ բացականչությունները, երևի, բավարար չեն:Կոնկրետ ՀՅԴ համար այս հայտարարությունն ունի քաղաքական ու PR նպատակաուղղվածություն, դա շատ հստակ է, սակայն այս ամենում ինչ գործ ունի «ՀՀ իրական շահերին» հղում անելը:
Ճանապարհային քարտեզի հակառակորդների հաջորդ փաստարկն այն է, որ չի կարելի ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից դուրս բերել Ցեղասպանության հիմնախնդիրը: Նկատենք, որ սա ՀՀ Ռ.Քոչարյանի ու նրա գործընկեր ՀՅԴ-ի կարգախոսն էր, ինչն անցած տաս տարում փակուղի է մտցրել Ղարաբաղի կարգավորումը, պատերազմի վերսկսման իրական վտանգ է ստեղծել, Հայաստանը մեկուսացրել է, Ռուսաստանից Հայաստանի կախվածությունը հասցրել է համարյա գաղութայինի:
Անցած տաս տարվա փորձը ցույց է տալիս, որ Ցեղասպանության ճանաչումը, որպես պետության արտաքին քաղաքականության գերակայություն որդեգրելը, նշանակում է իականում չունենալ պետական գերակայություն: Դա նշանակում է չունենալ ընդհանրապես քաղաքականություն: Արտաքին քաղաքականության գերակայությունը տվյալ երկրի հնարավորությունների ընդլայնումն է, սեփական քաղաքացիների բարօրությունը: Թե ինչպիսի նոր հնարավորություններ է ստեղծելու Հայաստանի Հանրապետության համար Ցեղասպանության ճանաչման նախկին մեթոդաբանությունը, որն ակնհայտորեն արդեն կորցրել է իր արդիականությունն ու արդյունավետությունը, պարզ չէ:
Սակայն շատ հստակ կարող են ուրվագծվել այն հնարավորությունները, որոնք կարող են ընձեռնվել Եվրոպական արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում, որին ուղղված առաջին քայլերից մեկն էլ պետք է դիտել հայ-թուրքական հաշտեցումը:
Սա ըստ էության աշխարհաքաղաքական նոր գործընթացների առաջին դրսևորումներից է մեր տարածաշրջանում: Արդյո՞ք դեռևս անցյալ դարասկզբի էթնոքաղաքական կատեգորիաներով առաջնորդվողները չեն փորձում հասկանալ, որ Հայաստանը, ինչպես և Թուրքիան, Ադրբեջանն ու մնացած երկրներն այս տարածաշրջանում այսօր ունեն ընտրույթի հնարավորություն և շատ սուղ ժամանակ կողմնորոշվելու համար:
Նրանք ովքեր կառչած կմնան հին իրողություններից և չեն ընկալի նորը, նրանք կշարունակեն ապրել անցյալ ժամանակում, խոսել քաղաքակիրթ աշխարհին անհասկանալի բառապաշարով ու հասկացություններով: Ու եթե մեր երկրի որոշ ուժեր առաջարկում են հակադրվել նորին, ապա հետաքրքիր է` իսկ ինչի՞ հաշվին են ակնկալում նույն ԱՄՆ-ի բարեհաճությունն ՀՀ համար կարևոր հիմնահարցերի, այդ թվում և Ցեղասպանության լուծման գործում:
Այսօր, եթե մենք թույլ տանք ազգի անունից խոսել դեռևս անցյալ ժամանակում ապրող ինչ-որ գործիչների ու ուժերի, ապա կնմանվենք մի վայրենու, որը հրաժարվում է ընդունել քաղաքակրթության նորմերը, սակայն միևնույն ժամանակ ակնկալում, որ քաղաքակիրթ աշխարհը հանդես կգա որպես դաշնակից ու հովանավոր: Խնդրո առարկա ճանապարհային քարտեզի կամ հայ-թուրքական հաշտցման անդրադարձները, կարծես թե, հատուկ են արվում, որ մարդկանց ուշադրությունը շեղեն խնդրի բուն էությունից: Իսկ խնդրի բուն էությունը պետք է փնտրել այնտեղ, թե այդ ինչն է պատճառը, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի այս նեղ պահին ԱՄՆ-ն ու Եվրոպան ամենաբարձր մակարդակով զբաղված են հայ-թուրքական խնդիրներով: Արդյոք, պետք է այնքան նաիվ լինելել` մտածելու համար, որ այս ամենի նպատակը Օբամային «Ցեղասպանություն» բառը արտասանելու պարտավորությունից ազատելն էր:
Հայաստանի անկախացումից ի վեր արդեն 18 տարի է Թուրքիան ու Հայաստանը թշնամական հարաբերություններ ունեն, դիվանագիտական կապեր չկան, փոխարենը ունենք փակ սահմաններ: Հարց է առաջանում` ու՞մ էր ձեռնտու այս ամենը: Թվում է` մի քիչ Իրանին, ամենաշատը Ռուսաստանին ու մի փոքր էլ երևի Ադրբեջանին, եթե վերջինս, իհարկե այդ հարցին մոտենում է մեր ցեղասպանահայդատահայրենասիրականին համարժեք ալիևաղարաբաղահայրենասիրական շրջագծում: Ու էլ ոչ մեկի:
Իսկ ում ձեռնտու չէ: Առաջին հերթին` Հայաստանին: Ապա`«Հնգօրյա պատերազմից» հետո եղած վիճակը ձեռնտու չէ Թուրքիային, Եվրոպային և ԱՄՆ-ին: Այստեղ հասկացան, որ կոմունիկացիոն տեսանկյունից տարածաշրջանում ավելի վստահելի գործընկեր պետք է համարել այն երկրին, ով անմիջական սահմաններ չունի Ռուսաստանի հետ և զերծ է ուղղակի ներխուժման վտանգից:
Միևնույն ժամանակ այդ երկրների համար անհրաժեշտ է անվտանգության երաշխիքներ ձևավորել: իսկ արդեն այս խնդրի լուծման ամենահեռանկարային, վստահելի ու կայուն տարբերակը ինտեգրումն է Եվրոպային: Կարելի է ենթադրել, որ Եվրոպան շահագրգիռ է Հայաստանի ինտեգրման հեռանկարով, և այդ ինտեգրման ուղին անցնում է Թուրքիայով: Ստացվում է նաև, որ Եվրոմիությանը անդամակցության Թուրքիայի վաղեմի երազանքի իրականացման ճանապարհն «անցնում» է Հայաստանով:
Ի դեպ նկատենք, որ աշխարհում Ցեղասպանության ճանաչման ու փոխհատուցման քաղաքակիրթ նախադեպ կա միայն Եվրոպական ընտանիքում: Ավելին, նույն Շվեյցարիան, Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրենք ընդունած երկրներից մեկն է, ինչն ի դեպ այդպես էլ չարեց Ռուսաստանը: Կարծում եմ, մեր այս երկու երկրների միջև ցեղասպանության ճանաչման հետ կապված հիմնահարցը լուծում կարող է ստանալ եվրոպական համագործակցության շրջագծում:
Քաղաքակիրթ աշխարհը վաղուց արդեն հարաբերությունների բախումային մոդելից անցել է մրցակցային, իսկ հիմա էլ անցում է կատարում համակեցության մոդելին: Ինչու չմտածել, որ ցեղասպանության ճանաչման գործընթացը նույնպես պետք է որոշակի վերաիմաստավորման ենթարկվի ու, ընդհանրապես, ով է ասել, որ դա ինչ-որ մի քաղաքական ուժի տիրույթն է:
Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների փոխադարձ կարգավորումը Եվրոպային ինտեգրվելու տեսանկյունից այս երկու երկրների համար շրջադարձային է: Հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը էթնոքաղաքական կամ միջպետական և նույնիսկ տարածաշրջանային մակարդակից տեղափոխվել է ռազմաստրատեգրական ու աշխարհաքաղաքական հարթություն:
Եթե հասկանանք այս փոփոխությունների բնույթը, կկարողանանք քայլերը ճիշտ իրականցնել: Եթե ոչ, ապա` հերթական անգամ կոնցեպտուալ հայրենիքի տեսալականի մեր սիրահարները կործանարար հարված կհասցնեն իրական հայրենիքին: Հետևանքները տարբեր կարող են լինել, ընդհուպ մինչև տարածքների կորուստ: Այն տարածքների, որոնք աշխարհաքաղաքական տեսանկյունից Հայաստանն այսօր գրավիչ են դարձրել գլոբալ խաղացողների համար:
Կրկին վերադառնանք մեր հարցադրման. ինչու են ոմանք փորձում մարդկանց մոտ տպավորություն ստեղծել, թե հայտարարությունը խափանեց Ցեղասպանության ճանաչման հարցում ձեռք բերված նվաճումները: Կամ թե փորձ է արվում ՀՀ զարգացման իրական հնարավորություններին որպես այընտրանք նորից բարձրացնել պատմական Հայաստանի հողերի վերադարձի կամ Հայաստան-Թուրքիա ներկա սահմանների վերանայման հարցադրումները:
Ու՞մ շահն է պաշտպանվում այդ ձևով` իրանա-ռուսակա՞ն, թե՞ Հայաստանի: Այսօր տեղի է ունենում արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն, որը կարող է բերել ավելի խորքային փոփոխությունների քան քաղաքականն է: Հայաստանին առաջարկվում է հաղթահարել թուրքական վտանգի վախը, հրաժարվել ռուսական կիսագաղութային կապվածությունից և մոտենալ եվրոպական ընտանիքին` Հարավային Կովկասը վերածելով Եվրոպայի սահմանի:
Ես չգիտմ, թե ինչ են մտածում երկրի այսօրվա ղեկավարներ (անկղծ ասած հետաքրքիր էլ չի), սական կարծում եմ զարգացումների տրամաբանությունն այնպիսին է, որ փոխվելու է ցեղասպանության քննարկման շրջագիծը և մեթոդաբանությունը:
Եվ վերջապես, ՀՀ –ին տրված է ընտրույթի հնարավորություն` քաղաքակրթության ու հետադիմության միջև, կամ մենք օգտվելու ենք այս հնարավորությունից, կամ շարունակելու ենք ապրել անցյալով` դրանք մատուցելով որպես ապագայի ազգային տեսլական
|