|
Աղասի Թադևոսյան 2010-08-27
Հայաստանում աղմուկ է: Այս անգամ այն Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետը երկարաձգելու առիթով է բարձրացել: Թե ինչին են դեմ կամ ինչին են կողմ մարդիկ, հեշտ չէ հասկանալը: Եթե կողմ են, որ Հայաստանը դառնա ռուսական ազդեցության «հատուկ գոտի», ապա դա պարզ ասող չկա: Իսկ եթե կողմ ենք որ, ինչպես օրինակ Վրաստանը, մենք էլ արևմտյան հստակ կողմնորոշում ընդունենք, ապա դրա մասին էլ խոսող չկա: Ոչ այս են ասում, ոչ`այն, որպեսզի աղմուկը դառնա բանավեճ: Տպավորություն է ստեղծվում, որ բոլորը վախեցած են և գլուխները կորցրած միակ ճարը Ռուսաստանի թևի տակ մտնելու մեջ են տեսնում: Եվ հասարակական քննարկում կոչվող ներկայիս տհաճ ժխորի գլխավոր նպատակը քավության նոխազ գտնելն է: Իշխանության ներկայացուցիչները գտնում են, որ Հայաստանն ինքնուրույն չի կարող դիմակայել Ադրբեջանին, քանի որ ռազմական հավասարակշռությունը Թուրքիայի ու Ռուսաստանի գործուն մասնակցությամբ աստիճանականորեն խախտվում է հօգուտ Ադրբեջանի: Հետևաբար, ելքը մնում է Ռուսաստանի ուժին ու օգնությանը ապավինելը: Համարյա նույնն են կրկնում նաև ընդդիմության ներկայացուցիչները, ձեռքի հետ էլ մեղադրում Հայաստանն այդ վիճակին հասցրած օրվա իշխանությանն ու պահանջում նրա հեռացումը` չասելով, սակայն, թե իրենք ինչ ելքեր ու ուղիներ են առաջարկում: Ստացվում է, որ բոլորն էլ համակարծիք են, որ Հայաստանն ի վիճակի չէ ինքն իրեն պաշտպանելու և պետք է ապավինի Ռուսաստանին: Թե որքանով է այսպիսի դիրքորոշումը վտանգավոր Հայաստանի համար, բավական է միայն ասել, որ եթե մի պետության իշխանությունն ու ընդդիմությունը ձայն ձայնի տված սեփական անվտանգության երաշխավորը համարում են մեկ այլ պետության, ապա նա չունի անվտանգություն: Նա կարող է ունենալ ժամանակավոր ապահովություն, բայց դա իհարկե անվտանգություն չէ: Փաստորեն, ստացվում է, որ այս պահին Հայաստանում կարևորվում ու քննարկվում է ոչ թե ի՞նչ անելու, այլ` ո՞վ է մեղավորը հարցը:
Այն, որ արմատական կոչվող ընդդիմությունը չունի այլընտրանքային դիրքորոշում Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական գերակայությունների վերաբերյալ, ներքաղաքական առումով նշանակում է, որ Հայաստանում ընդդիմություն պարզապես չկա: Ավելի որոշակի ասած, եթե արմատական ընդդիմությունը հայտարարում է, որ իր պայքարի նպատակը Հայաստանը ժողովրդավարական երկիր դարձնելն է, բայց միևնույն ժամանակ, արտահայտված արևմտամետ չի, ապա այն կեղծ ընդդիմություն է: Հետևաբար, ճիշտ են նրանք, ովքեր խոսում են, որ Հայաստանում իրական ընդդիմության ձևավորման անհրաժեշտություն կա: Չէ որ հենց նույն կոնգրեսամերձ ինտելեկտուալներից ոմանք էլ պնդում էին, որ ներքին քաղաքականությունը բխում է արտաքին քաղաքականությունից: Հետևաբար, եթե և իշխանությունը, և թե այսպես կոչված արմատական ընդդիմությունը ռուսամետ են, այսինքն համակարծիք են, որ հայոց փրկությունը կապվում է Ռուսիո հետ, ապա նրանց ներքին քաղաքականությունը չի կարող վերջին հաշվով մեծ տարբերություններ ունենալ:
Պարզեմ միտքս: Ակնհայտ է, որ Հայաստանի այսօրվա ընդդիմությունն ունի ռուսամետ դիրքորոշում: Եվ որ 2008-ից ի վեր Հայաստանը քաղաքականապես վերածվեց ռուսական կցորդ պետության, դրանում հսկայական ներդրում ունի նաև ընդդիմությունը, նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը և 2008-ի փետրվար-մարտյան աղմուկը: Այն, որ Լևոն Զուրաբյանը հայտարարում է, թե ստեղծված իրավիճակի համար պատասխանատու են օրվա իշխանությունները, դա իհարկե ճիշտ է: Բայց ակնհայտ է նաև, որ օրվա ընդդիմության մեղքն այս ամենի մեջ նույնքան ծանրակշիռ է, որքան օրվա իշխանությանը: Ըստ էության, նրանք միասին են խաղացել այս խաղը և այսօր արդեն ավարտին են հասցնում Ռոբերտ Քոչարյանի օրոք սկսած Հայաստանը Ռուսաստանի ազդեցության հատուկ գոտի դարձնելու քաղաքականությունը:
Եթե ասվածը սխալ է, ապա թող ընդդիմությունը հստակ, առանց սեթևեթության հայտարարի, որ ինքը արևմտամետ դիրքոշում ունի և ձգտելու է, որ Հայաստանը դուրս գա ռուսական ազդեցության գոտուց ու վերցնի Եվրամիությանը ինտեգրման կուրս: Հատկապես որ դրա համար Եվրամիությունը արևելյան գործընկերության իր ծրագրով ստեղծել է անհրաժեշտ նախադրյալները: Թող ընդդիմությունը հստակ նշի, որ իշխանությունը վերցնելուց հետո իր գլխավոր նպատակը և արտաքին քաղաքականության գերակայությունը լինելու է Հայաստանը Եվրամիության անդամ երկիր դարձնելը, իսկ իր անվտանգության հեռանկարը կապում է ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ: Չի կարելի հանրությանը խաբել, թե հնարավոր է դառնալ ժողովրդավարական երկիր՝ միաժամանակ մնալով Ռուսաստանի ազդեցության հատուկ գոտի: Իսկ եթե խոսքը վերաբերում է այդ գոտուց դուրս գալուն, ապա դրա մասին պետք է հայտարարի առաջին հերթին հայաստանյան ընդդիմադիր քաղաքական բևեռը, այլ ոչ թե դա անելու պարտականությունը գցի եվրոպացիների վրա ու նվնվա, թե արևմուտքը մեզ չօգնեց 2008-ին: Եվրոպացիները չօգնեցին, որովհետև չհասկացան, թե մեր այսպես կոչված արմատական ընդդիմությունը ուզում է այդ օգնությունը Հայաստանում ժողովրդավարություն հաստատելու՞ համար, թե՞ Ռուսաստանի ազդեցության «հատուկ գոտում» պարզապես իշխանափոխություն իրականացնելու: Այսինքն, եվրոպացիները պարզ հասկացան, որ մեր այսպես կոչված ընդդիմադիր շարժումը ժողովրդավարություն տարածելու իրենց քաղաքականության գոտում չէ և հրաժարվեցին օտար խաղերում գործիքի դեր ստանձնելուց: Հայաստանում պետք է լինի գոնե մեկ ընդդիմադիր քաղաքական ուժ, որն ունենա հստակ արտահայտված արևմտյան դիրքորոշում: Կույս մնալու և միաժամանակ հաճույք ստանալու ժամանակներն անցել են: Պետք է որոշակիություն մտնի այն առանցքային հարցում. կա արդյո՞ք Հայաստանում ընդդիմություն ընդհանրապես, թե՞ոչ: Եվ դրա ինդիկատորներից կարևորը պետք է լինի ընդդիմության արտաքին քաղաքական կողմնորոշումը: Եթե այն կա, ապա պետք է շատ հստակ այլընտրանքներ առաջարկի՝ Հայաստանը ռուսական ազդեցության «հատուկ գոտի» դարձնելու անվտանգության այն մոդելին, որն ըստ շատ փորձագետների, այդ թվում և կոնգրեսամերձ, տանում է Հայաստանի ինքնիշխանության ճգնաժամին և վերջին հաշվով քողարկված գաղութացմանը: Մեզ պետք չի, որ իշխանության գա մի ընդդիմություն, որը չունի Հայաստանի արտաքին քաղաքականության այլընտրանքային ռազմավարություն: Ասածս կարևոր է, քանի որ լակմուսի թղթի նշանակություն ունի ոչ միայն արտաքին քաղաքական առումով, այլ` ներքաղաքական: Եթե ընդդիմությունը հայտարարում է ժողովրդավարության մասին, սակայն ունի ռուսամետ կողմնորոշում, և իր գերակա նպատակը չի համարում Հայաստանի Եվրամիության անդամ դառնալը, ապա նա անկեղծ չէ և զբաղված է հասարակության գիտակցությունը մանիպուլացնելով ու մարդկանց խաբելով: Չի կարող ժողովրդավարություն հաստատվել ռուսական ազդեցության տակ գտնվող երկրում, այն պարզ պատճառով, որ ժողովրդավարությունը ոչ միայն խորթ է այսօրվա Ռուսաստանին, այլ` անցանակալի:
Միայն այն, որ Ռուսաստանը անտագոնիստական դիրքորոշում ունի Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին Հայաստանի ինտեգրման հարցի հանդեպ, արդեն խոչընդոտ է Հայաստանի ժողովրդավարացմանը (հիշենք արևելյան գործընկերության նախագծին կամ Վրաստանում անցկացված ՆԱՏՕ-ի վերջին զորավարժություններին Հայաստանի մասնակցությանը վերաբերող ռուսաստանյան ուղերձներն ու ճնշումը): Այսինքն, ժողովրդավարությունը քաղաքակրթական առումով տարածաժամանակային ու մշակութային տեսանկյունից Հայաստանը կարող է մերձեցնել Ռուսաստանի քաղաքական հակառակորդներից մեկին` Եվրամիությանը: Հետևաբար, Հայաստանի ժողովրդավարացումը իրականում կարող է հակասել Ռուսաստանի նեոկայսերական շահերին: Ուստի, ցանկացած քաղաքական ուժի համար, որն իրեն հռչակում է ընդդիմություն և հայտարարում Հայաստանում ժողովրդավարության հաստատման մասին, պարտադիր է ժողովրդավարության մշակութային ու քաղաքական կրողի` Եվրամիության հանդեպ հստակ արտաքին քաղաքական դիրքորոշում ունենալը: Կարծում եմ, որ Հայաստանի արտաքին քաղաքական քայլերի ու դրանց այլընտրանքների շուրջ բանավեճի կայացումը միայն այս դեպքում է հնարավոր: Հակառակ պարագայում տպավորությունն այն է, որ բոլորը մեր մոտ համաձայն են, որ Հայաստանը դառնա Ռուսաստանի ազդեցության «հատուկ գոտի»: Պարզապես մի քիչ «անտրամադիր» են դրանից ու հիմնականում վիճում են. Արդյո՞ք նպատակահարմար է, որ այստեղ ռուսական ուժերը ևս տաս տարի մնան, թե` հիսուն: Եթե մենք չունենք Հայաստանի արտաքին քաղաքական զարգացման այլընտրաքային տեսլականներ, ապա այդ վեճն անիմաստ է: Իսկ եթե ունենք, ապա այդ հարցը պետք է քննարկել համապատասխան` Հայաստանը Ռուսաստանի ազդեցության «հատուկ գոտի» կամ Հայաստանը որպես Եվրամիության անդամ հեռանկարների համատեքստերում, դրանցից բխող անվտանգության համակարգով:
|