|
Աղասի Թադևոսյան 2009-04-07 Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ-ի թեկնածու Արծվիկ Մինասյանը, օրերս անդրադառնալով այսպես կոչված «100 տոկոսանոց ցուցակներ» կազմելու և քաղաքացիներից անձնագրային տվյալներ հավաքագրելու մասին տարածված խոսակցություններին, նկատել է. «Եթե հանրապետականների պատասխանատուները համարում են, որ այսօր ընդհանրապես նման բան չկա, ապա դա դեմագոգիա է», - և շարունակել է, որ եթե շարունակվի նման պրակտիկան, ապա կարող են տեղի ունենալ անկանխատեսելի զարգացումներ:
Իսկ ու՞ր կարող են տանել առաջիկա ընտրությունները, - հարցը գնալով սկսում է ավելի արդիական դառնալ հասարակության համարյա բոլոր շերտերի համար:
ՀԱԿ ցուցակը գլխավորելու մասին Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունից հետո ՀՀԿ-ականները առաջ քաշեցին առաջին հայացքից տարօրինակ թվացող դրույթ, թե` ընդդիմությունը քաղաքականացնում է Երևանի ավագանու ընտրությունները: Տարօրինակն այստեղ այն է, որ խոսքը գնում է օրենքով որպես քաղաքական սահմանված ընտրությունների քաղաքականացման մասին:
Իհարկե, քաղաքական մյուս ուժերն առիթը բաց չթողին ցանկացած ընտրությունների քաղաքական լինելու թեզի մասին հիշեցնել: Սակայն, իշխանության կուսակցությունների տարբեր ներկայացուցիչներ դեռևս շարունակում են թեման արծարծել, ինչից մնում է եզրակացնել, որ քաղաքականացում ասելով մարդիկ նկատի ունեն իրենց անհանգստացնող մի այլ բան, որը դուրս է ընտրությունների` օրենքով սահմանված ռեալություններից:
Անհանգստությունն արտացոլված է մեդալի հակառակ կողմում:
Այսինքն, Երևանի ավագանում առաջիկա ընտրությունները երկու շատ կարևոր, բայց և տհաճ խնդիր են բարձրացնում իշխանական համակարգի համար: Նախ, այն պետք է ապացուցի, որ ինքը ունակ է սեփական իրականությունը վերարտադրել, իսկ դրա համար նրան անհարժեշտ է հասարակական ռեսուրս և, երկրորդ, նա պետք է ապացուցի, որ ինքը ուժ է և կարող է ոչ միայն դիմադրել հանրահավաքային ու քաղաքացիական հաղորդակցության արդյունքում ձևավորվող ուժի բևեռին, այլ նաև չեզոքացնել դրա ճնշումը:
Այս պարագայում իշխանական համակարգի անհանգստությունն ունի մի քանի հիմնական պատճառ: Նախ, նրանք անհանգստացած են, որ ընդդիմությունը հիպերտրոֆացնլու է Երևանի ավագանու ընտրությունների նշանակությունը և դրա նկատմամբ հասարակության հետաքրքրվածությունը, երկրորդ, այս ամենը մեծացնելու է քաղաքացիական մասնակցությունը ոչ միայն բուն ընտրությունում, այլ նաև դրա հետ կապված մյուս բոլոր պրոցեսներում:
Երևանի ավագանու առաջիկա ընտրություններն ընդդիմությունը արդեն իսկ որակել է որպես «նախագահական ընտրությունների երկրորդ փուլ»: Առայժմ չենք քննարկում այս տակտիկայի ուժեղ կամ թույլ (ճիշտ կամ սխալ) կողմերը: Նշենք միայն, որ այս տակտիկան կարող է կրկին բևեռացնել հասարակությունը և իշխանությանը կրկին դժվար լուծելի խնդիրների առաջ կանգնեցնել:
Երբ քաղաքական իրադարձությունների սրման ժամանակ հասարակության մեջ ինտենսիվ փոխհարաբերությունների հաճախակականությունը մեծանում է (ասենք` տեղի են ունենում շուրջօրյա հանրահավաքներ, քաղաքական երթեր և այլն), ապա իշխանությունը պահելու երկու ձև կա: Առաջին, «վերևից» փոխել իրականությունը` վերացնելով մարդկանց մեջ դժգոհություն առաջացնող իրողությունները: Հայաստանում դա հնարավոր է, եթե իշխանությունը սեփական իրականությունը մերժելու ճանապարհով, դիմի փոխակերպման: Երկրորդ, ձևավորել այնպիսի ուժային ռեսուրս, որը ոչ միայն կդիմանա երկրորդ բևեռում գտնվող ուժի ճնշմանը, այլև` կհակազդի ու կվերացնի այն:
2008թ. մարտի 1-ի դեպքերն, ըստ էության, կարելի է համարել երկրորդ ձևի դրսևորման անհաջող փորձ: Իսկ ինչու՞ անհաջող: Այն պատճառով, որ իշխանությանը չնայած հաջողվեց ուժի գործադրման միջոցով ճնշել մյուս բևեռում ձևավորվող նոր ուժի գործունեությունը, սակայն քանի որ իշխող համակարգը հետագայում հրաժարվեց որպես բռնության հասցեատեր ներկայանալուց, ապա իշխանության ռեսուրսի լուրջ կորուստ ունեցավ: Ակնհայտ է, որ չնայած ուժի գործադրմանը, համակարգի իշխանաթյունը մարտի 1-ից հետո ոչ թե ուժեղացել, այլ զգալիորեն թուլացել է:
Այլ բան է, որ ընդդիմության գլխավորած բևեռը նույնպես զգալիորեն թուլացրել է, առաջին հերթին, ծրագրային հստակ նպատակների ու դրանց ադեքվատ գործելակերպի բացակայության հիմքով: Այդ պատճառով էլ ընդդիմության թևում հաճախ խոսվում է վճռական գործողությունների անհրաժեշտության մասին, առանց հստակեցնելու դրանց բնույթն ու նպատակները:
Ինչպես վերը նշեցինք, Սերժ Սարգսյանն անցած մեկ տարում իր իշխանությունը ավելի ուժեղ դարձնելու երկու ճանապարհ ուներ: Առաջինը, սեփական իրականությունը մերժելու ճանապարհով նոր, հասարակության համար ընդունելի իրականություն ձևավորելն էր, որն այս մեկ տարում հանգեցվել է «մոզաիկ», հատվածական ինչ-ինչ գործողությունների, ինչը չի ընկալվում հասարակության կողմից և, կարծեք թե, իշխանական գործող համակարգի կողմից նույնպես: Մնում է երկրորդ ձևը, որը եթե Սերժ Սարգսյանը նույնիսկ չցանկանա էլ իրականացնել, ապա փոքր չէ հավանականությունը, որ գործող համակարգում կհայտնվեն ուժեր, որ պատրաստ են դրան:
Այլ բան է, որ այս մոդելն իրագործելու համար անհրաժեշտ կլինի ուժի շատ ավելի մեծ ռեսուրսներ, ինչպես բողոքի ինտենսիվությունը ճնշելու, այնպես էլ միջազգային հանրության աչքում համոզիչ երևալու համար: Իհարկե, տեսականորեն չի կարելի բացառել նաև կողմերի համագործակցելու ճանապարհը, ինչը հնարավոր կլինի, եթե թե՛ իշխանությունը և թե՛ընդդիմությունը համագործակցելու իրական խնդի դնեն: Իհարկե, իշխանության պատասխանատվությունը այս պարագայում շատ ավելի մեծ է:
Այս մոդելը, սակայն, առայժմ քիչ հավանական ու խիստ տեսական պետք է համարել, քանի որ դրա համար անհրաժեշտ կլինի սեփական իրականությունից դուրս գալու և իրավիճակը ողջամիտ ու սառը իրատեսությամբ վերլուծելու և գնահատելու հատկանիշներ: Ընդ որում, ասվածը վերաբերում է քաղաքական ու հասարակական պրոցեսներին մասնակից բոլոր կողմերին:
|