|
Աղասի Թադևոսյան 2009-05-28 Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները կոնկրետ տոկոսների տեսքով հրապարակելու շնորհը Հայաստանում պատկանում է միայն Ահարոն Ադիբեկյանին, ու մենք այդ մասին չենք խոսելու: Սակայն, ընդհանուր առմամբ, արդեն դժվար չէ հասկանալը, որ ընտրությունների արդյունքները «սարքվելու» են և ընդդիմությունը պարտություն է կրելու:
Ընտրությունների կեղծման հավանականությունը չեն բացառում նույնիսկ իշխանության ճամբարի ներկայացուցիչները: Դժվար չէ նաև հասկանալ, որ ընտրությանը և ընտրակեղծիքներին հետևելու են նաև ընդդիմության բողոքի ակցիաները: Միևնույն ժամանակ, դատելով նախընտրական փուլի համեմատաբար հանդարտ ընթացքից՝ տրամաբանական պետք է համարել, որ ընդդիմության հետընտրական գործողությունները դժվար թե այնպիսի հզոր թափ ստանան, ինչպես 2008թ. նախագահական ընտրություններում:
Իհարկե, բոլորն էլ հասկանում են, որ Երևանի ավագանու ընտրությունները համապետական նշանակության են, և հենց այդ պատճառով էլ իշխանությունը այս հարցում զիջումների չի կարող գնալ: Շատերը հասկանում են նաև, որ այդ նույն պատճառով ընդդիմությունը նույնպես կարող է խիստ անզիջում գտնվել և, օգտագործելով ժողովրդական ռեսուրսը, հետընտրական շրջանում փորձի ճնշում գործադրել իշխանության վրա: Հասկանալի է, որ անկախ այն բանից, թե ինչ բնույթի խախտումներ ու կեղծիքներ կգործարկվեն, ընդդիմությունը օգտագործելու է գործող իշխանական համակարգի հիմքերը թուլացնելու իր հնարավորությունը:
Սա ամենայն հավանականությամբ հասկանում է նաև Սերժ Սարգսյանը, ով Հանրապետության օրվա առթիվ, մայիսի 28-ին արված իր ուղերձում, անդրադարձ կատարելով անցյալի կորուստներին ու քաղված դասերին, այդ թվում և մարտիմեկյան դեպքերին, նկատում է. «Ինչ-որ պահի պետք է կանգ առնել: Ինչ-որ պահի պետք է սկսել նոր էջից: Սա են պահանջում անցյալի դասերը, սա է պահանջում մեր երկրի ապագան»: Որոշ առումով սա կարելի է ընկալել, որպես ժողովրդին ուղղված քարոզ, որի նպատակն է թուլացնել մայիսի 31-ին հետընտրական շրջանում մարդկանց փողոց դուրս գալու տրամադրությունները: Սակայն, առաջին հերթին այն կարելի է ընկալել, որպես ընդդիմության առաջնորդներին ուղղված ուղերձ` հնարավոր համագործակցության ենթատեքստով:
Նախընտրական շրջանը վաղն արդեն կավարտվի և կարելի է ասել, որ այն առանձնապես աչքի չընկավ բուռն իրադարձություններով: Իշխանական երկու կուսակցություններն էլ` ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն վարեցին գորշ նախընտրական կամպանիա, մի քանի անգամ միմյանց գլուխ ջարդեցին ու այլևս արդեն ասելիք չունեն: Նրանց գլխավոր նախապատրաստությունը անդրկուլիսային է: Ամենքը կփորձեն վերցնել այնքան, որքան որ իրենց բառապաշարով ասած «կբաշարեն»: Իսկ «բաշարելու» մեթոդներն ու ռեսուրսներն այս երկու կուսակցությունների համար նույնն են: Այնպես, որ նրանքպայքարելւ են նույն՝ իշխանական ռեսուրսը վերցնելու համար, սակայն ընդդիմության դեմ կպայքարեն միասնաբար: Հավանական է, որ իշխանական այդ երկու ուժերին միմյանց դեմ կռվացնելու ու մեկը մյուսին «զոռելու» տակտիկան առավել աշխատողն էր, ստեղծված իրավիճակում ձայների առավելագույն քանակ իշխանական ճամբարին բերելու համար: Ինչ վերաբերում է ընդդիմության նախընտրական գործողություններին, ապա դրանք նույնպես բավականին դժգույն էին ու անհետևողական: Եվ եթե նույնիսկ վաղը` մայիսի 29-ին շատ մեծ հանրահավաք էլ արվի, ապա դժվար է հավատալ, որ ընդդիմադիր ուժերը կկարողանան նախընտրական պայքարի միջոցով այնպիսի շարժում առաջացնել, որը կերաշխավորի նրանց անվիճելի հաղթանակը: Ընդդիմությունը տարավ բավական «հոգնած» ու ալարկոտ նախընտրական պայքար: Խոստովանենք, որ իշխանության ընտրակեղծիքների հնարավորության հաշվառման դեպքում, նախընտրական պայքարը պետք է ընթանար ոչ այնքան թաղային մարդակներով, այլ համաքաղաքային: Վերջինս շատ թույլ էր անցկացվում և այդպիսի ընտրապայքարի պարագայում դժվար է ակնկալել, որ հատկապես տատանվող ընտրազագվածը կթեքվի ընդդիմության կողմը: Պարզ ասած, եթե 2008 թ. նախագահական ընտրություններից առաջ ընդդիմության գործունեության արդյունքում ժողովուրդը ոգեշնչված էր ու կողմնորոշված, ապա ներկայումս, նրանցից շատերը, ովքեր 2008 թ. հստակ կողմնորոշված էին հօգուտ ընդդիմության, այսօր կամուկացի մեջ են:
Կարող էր արդյո՞ք ընդդիմությունն ավելի ակտիվ ու հաղթանակի հույսեր ներշնչող պայքար վարել: Իհարկե այո: Բայց, կարծեք, չուզեց դա անել: Տպավորությունն այնպիսինն է, որ ընդդիմությունն ուզում է ոչ թե հաղթել ընտրություններում, այլ ավելի շատ ձգտում է ընտրություններից հետո շիկացնել իրավիճակը: Եթե դա, իրոք, այդպես է, ապա կարելի է ընդդիմության համար մի քանի նպատակ առանձնացնել: Առաջին, շարունակել թուլացնել գործող իշխանության հիմքերը:
Երկրորդ, իշխանությունից զիջումներ կորզել, ստիպել կոմպրոմիսներ գնալու՝ հետագայում հավասարակշռված քաղաքական համակքրգ ստանլու նպատակով: Երրորդ, հասարակությանն ակտիվացնելու և իշխանություններին մեկ անգամ ևս ցնցելու միջոցով, ոչ միայն թուլացնել իշխանության հիմքերը այլ նաև «վերալիցքավորվել» համակարգը՝ առավել նպատակահարմար պահին իշխանության համար պայքարելու ռեսուրսներ ձևավորելու նպատակով:
Այն, որ ընդդիմությունը չի պատրաստվում ողբերգություն ստեղծել Երևանի ավագանու ընտրություններում չհաղթելու դեպքում, բազմիցս խոսել են նաև ընդդիմության առաջնորդները: Այսինքն, ընդդիմությունը չի բացառում իր պարտության հնարավորությունը: Խոսքն, անշուշտ, ազատ ու արդար ընտրություններում պարտություն կրելու մասին չէ, այլ հայաստանյան իրողությունների պայմաններում: Ավելին, ընդդիմության առաջնորդի 2009 թ. մարտի 1-ի հանրահավաքում հնչեցված ծրագրային ելույթում հստակ խոսվում է պայքարի երկարատևության և դրանում հասարակության նորանոր խավերի ընդգրկման, քաղաքացիական հասարակության կայացման անհարաժեշտության մասին:
Տեսականորեն չի կարելի բացառել Երևանի ավագանու ընտրություններում ընդդիմության հաղթանակի շանսը: Սակայն, պրակտիկորեն այն հավանական չէ, քանի որ դա թույլ չեն տա իշխանությունները: Հենց տեսականի ու իրականի միջև եղած այս հակասությունն էլ, կարծում ենք կարող է հիմք դառնալ ընդդիմության համար հետընտրական բողոքի կոշտ քայլերի դիմելու համար: Ընդդիմությանը դա օդի ու ջրի պես անհրաժեշտ է: Սակայն, նույնիսկ փողոց դուրս գալու դեպքում քիչ է հավանականությունը, որ ընդդիմությունը կգնա իշխանության վրա ժողովրդական ճնշման այնպիսի հզոր ալիք բորբոքելուն, որը կհանգեցնի անցյալ տարվա մարտիմեկյան դեպքերի կրկնությանը, համապատասխանաբար՝ բռնության ռեսուրսի վերջին հնարավորությունների գործադրմանը:
Տրամաբանական պետք է համարել, որ իշխանությունը նույնպես պատրաստվում է այդ սցենարին: Խոսքը ոչ միայն բռնության ռեսուրսի հնարավոր կիրառման խնդրին է վերաբերում, այլ դրա կիրառումից խուսափելու համար բանակցային ռեսուրսի ձևովորմանը: Դրա ձևավորման առումով լուրջ հիմք է՝ նախ, Լևոն Տեր-Պետրոսյանի մայիսի 15-ելույթը, ապա, մայիսի 28-ին Սերժ Սարգսյանի ուղերձը: Իսկ բանակցությունները կարող են ընդդիմությանը համար կայացման ու քաղաքական պայքարի նոր հեռանկար ձևավորել: Այս կոնտեքստում, որպես հետընտրական բորբոքված կրքերը լիցքաթափելու միջոց կարող է դիտվել նաև քաղբանտարկյալների ազատարձակումը, որի վերաբերյալ չափազանց թափանցիկ ակնարկ է արել Սերժ Սարգսյանը Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հարցերին պատասխանելիս:
Անշուշտ, միամիտ կլինի ենթադրել, որ առաջիկա ընտրությունների ու հնարավոր հետընտրական գործողությունների կառավարման գործում դեր չեն ունենալու Հայաստանի շուրջ ստեղծված միջազգային վիճակն ու արտաքին քաղաքական գործոնը: Սակայն տպավորությունն այնպիսին է, որ տարածաշրջանում ձևավորված արդի իրավիճակը դեռևս այնպիսին չէ, երբ իշխանափոխության խնդիրը սուր անհրաժեշտություն է դառնա: Այնպես, որ առավելագույնը, որ կարելի է ակնկալել Երևանի ավագանու առաջիկա ընտրություններից, դա քաղաքական երեք ուժերի ՀԱԿ-ի, ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի դիրքային պայքարն ու վարկանիշային փոփոխությունները կարող են լինել:
Չնայած՝ կապրենք կտեսնենք, Հայաստանում, ինչպես և բոլոր չկայացած համակարգերում, շատ մեծ են իռացիոնալ զարգցումների հնարավորությունը:
|