|
Աղասի Թադևոսյան 2009-09-21
ՀԱԿ հանրահավաքի օրը` սեպտեմբերի 18-ին, Երևանում շատ տարօրինակ մթնոլորտ էր տիրում: Մատենադարանում իբր թե հանրահավաք էր անում կոնգրեսական ընդդիմությունը, հրապարակում իբր թե նստացույց էր անում դաշնակցությունը, իսկ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ ինչ-որ մի խումբ իբր թե ռոք համերգ էր տալիս:
Կոնգրեսի հանրահավաքին մասնակից մարդկանց թիվն էլ զգալիորեն նվազել էր: Ստույգ որքան, էական չէ: Բայց զգացվում էր, որ մարդիկ ձանձրացել են միշտ նույն մտքերը լսելուց: Իսկ ավելի ճիշտ, կարծես թե մարդիկ չեն ցանկանում մասնակցել խոսքի փոխանակման այնպիսի զանգվածային միջոցառումների, որոնք չեն ուղեկցվում մտքի ու զգացմունքների փոխանակությամբ և չեն ձևավորում արդյունավետ գործողության հեռանկար: Միգուցե՝ իրենց հանրահավաքների մասին այլ կարծիքի են ընդդիմության առաջնորդներն ու նրանց համակիրները, սակայն ակնհայտ է, որ դրանք մտավոր թարմության ու լիցքերի անբավարարության պատճառով կորցրել են իրենց ձգողականության ուժը:
Հանրահավաքը լճացման փուլում է, որովհետև լճացել է ընդդիմությունը` իր կուսակցական ակտիվի արդեն ձանձրացնող միօրինակ ու տաղտուկ դեմքերով, որոնք այնքան են կրկնել իրենք իրենց, որ կարող են առանց խոսելու մի տասնհինգական րոպե կանգնել Մատենադարանի հարթակում ու հեռանալ, և պարզ կլինի, թե ինչ ասեցին Արարատ Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանը, Լևոն Զուրաբյանը, Արամ Սարգսյանը կամ նույն շարքից այլոք:
Միակ մարդն, ումից հասարակությունը դեռ ակնկալիք ունի նոր միտք լսելու, ընդդիմության առաջնորդն է: Սակայն, հանրահավաքից հանրահավաք նրա խոսքում նույնպես նկատելի է դառնում խորացող լճացման դրոշմը: Որևէ նոր բան չասվեց նաև վերջին հանրահավաքում: Ասվեց այն, ինչն արդեն հայտնի էր ու սպասելի: Իսկ եթե դրան հավելենք նաև այն հուսահատեցնող կարծիքը, որը վերաբերում էր ընդդիմության ռեսուրսի անբավարարությանը, ապա կարելի է անել մեկ եզրահանգում`
Հայաստանում թե ընդդիմադիր ու թե իշխանական դաշտում չկա մի որևէ ուժ, որը ստեղծված իրավիճակում ընդունակ է հասարակական երկխոսություն, քննարկում ու շարժում ձևավորելու կշիռ ունեցող միտք արտահայտել:
Հավելենք նաև, որ ռեսուրսն ինքն իրեն չի կարող լինել, այն ձևավորվում է մտքերի, գաղափարների ու գործողությունների միջոցով: Եվ այս պարագայում հարց է առաջանում, իսկ ինչով էր զբաղված ընդդիմությունը ասենք գոնե վերջին երկուսուկես ամիսներին: Ինչու՞, գիտակցելով ռեսուրսների անբավարարության խնդիրը, դրանով բացարձականապես չեն զբաղվել: Անկախ այն բանից, թե ինչն է պատճառը՝ ակնհայտ է, որ խոսքն այստեղ առաջին հերթին տվյալ ուժի, այլ ոչ հասարակական ռեսուրսի անբավարարության մասին է: Իսկ թե ինչու ընդդիմությունը չի փորձում նոր ու թարմ ուժեր ներգրավելու միջոցով հզորացնել իր ռեսուրսները, դա իրենք կիմանան: Բայց փաստն այն է, որ ընդդիմության առաջնորդի նշած ռեսուրսի բացակայությունը՝ դարձել է պատասխանատվությունից խուսափելու ինքնատիպ ռեսուրս: Բայց այս մասին ավելի ուշ: Օրեր առաջ, հարցազրույցներից մեկում, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը նկատել էր, որ Հայաստանի ազգային անվտանգության գլխավոր սպառնալիքը իշխող վերնախավն է: Նույն միքտը լսելի էր նաև ընդդիմության առաջնորդի խոսքում: Ավելին, նրա կարծիքով արտաքին ու ներքին քաղաքական մարտահրավերներին ադեքվատ գործելու միակ երաշխիքը իշխանափոխությունն է, որը սակայն ինչպես ինքը նշեց, անհրաժեշտ ռեսուրսների անբավարարության պատճառով ՀԱԿ-ը ի զորու չէ իրագործել միայնակ:
Հարց է ծագում՝ ի՞նչ անել: Սպասել, ասում է ընդդիմության առաջնորդը: Սպասել այնքան, մինչև մյուսները նույնպես կգիտակցեն իրավիճակի լրջությունը և քայլ կանեն: Բայց այս պատասխանը բավարար չէ, քանի որ նոր հարց է առաջանում: Իսկ եթե ոչ ոք այդպես էլ չարթնանա թմբիրից: Կամ այս պահին քրեաօլիգարխիկ համակարգին ձեռնտու լինի իր խմբակային շահերին ստորադասել պետական և ազգային շահերը ու ընդդիմությունն իր ռեսուրսների անբավարարության պատճառով ոչինչ չկարողանա անել:
Այն, որ իշխող վերնախավն, իր ներկա որակներով իրոք սպսռնալիք է ներկայացնում Հայաստանի ազգային անվտանգությանը, դրա հետ դժվար է չհամաձայնել: Սակայն դժվար է ընկալել նաև այն, որ ընդիմության առաջնորդը, ումից հասարակությունը լուծումներ է ակնկալում, այդ մասին կարող է խոսել ընդամենը որպես փաստի ու մի կողմ քաշվելով սպասել:
Լ.Տեր-Պետրոսյանն ասում է, թե Սերժ Սարգսյանի հրաժարականի դեպքում ինքը չի առաջադրվի ու ողջ մամուլը խոսում է այդ մասին որպես ցնցող նորության: Ոչ ոք չի մտածում, իսկ ի՞նչ է սպասվելու Հայաստանին Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, եթե այն այնուամենայնիվ տեղի ունենա: Ո՞վ, ի՞նչ լուծումներ է առաջարկում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, Ղարաբաղի հարցի լուծման և որ ամենակարևորն է՝ որքանո՞վ են այդ լուծումները համապատասխանում ու ծառայում Հայաստանի զարգացման ռազմավարությանը: Եվ վերջապես, ո՞վ է պատրաստ այս պահին մտնել պատասխանատվության տակ:
Ավելորդ եմ համարում մեկ անգամ ևս խոսել հայ-թուրքական հարաբերությունների շուրջ բարձրացված աղմուկի մասին: Բայց վախենամ, որ մենք այդ հարցում տանուլ տանք ցանկացած դեպքում` լինի դա իշխանական, կոնգրեսական թե դաշնակցական մոտեցում: Մենք այդ հարցում տանուլ կտանք, եթե ստորագրենք կամ չստորագրենք այդ փաստաթուղթը:
Այդ պարտությունը պայմանավորված է լինելու Հայաստանում քաղաքական ուժերի բարձրացրած աղմուկով, որը բացառում է սթափ գործողության երաշխիք հանդիսացող մտքերի ու առողջ երկխոսության հնարավորությունը:
Եվ այս պահին, երբ ամեն մեկն ակնկալում է քաղաքական, իսկ հաճախ նաև պարզ նյութական դիվիդենտներ շահել իր աղմկարարությունից, միակ հուսադրող միտքը դառնում է այն, թե այս տարածաշրջանում գլոբալ գործընթացների կոնտեքստում ընթացող փոփոխությունները կարող են անկախ մեզանից շահեկան հեռանկարներ բացել մեզ համար ու միգուցե այդ ամենից հետո աղմկարարությունը դառնա բացարձակ անօգուտ: Հաղթանակի միայն մեկ հնարավորություն կա, եթե իշխանությունը, ով իր վրա պատասխանատվություն է վերցրել մտնել հարաբերությունների կարգավորման գործընթաց, իրեն տարանջատի քաղաքական աղմուկից ու չդառնա դրա պարզ մասնակիցներից մեկը:
Հարց է առաջանում, իսկ ինչի համար է այս աղմուկը:
Կարծում եմ հիմնական պատճառը պատասխանատվության տակ մտնելու վախն է: Դա ակնհայտ է ինչպես ազգայնական, այնպես էլ ազատական թևերում: Այն, որ ՀՅԴ-ն չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, անկախ իրենց բերած «հիմնավորումներից», նշանակում է մեկ բան` նրանք չեն ցանկանում մտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կամ չկարգավորման խնդիրն իրենց ուսերին վերցնելու պատասխանատվության տակ:
Մանրամասները չեմ ուզում քննարկել, դա պարզապես անիմաստ է: ՀՅԴ-ն առայժմ փորձում է ժամանակ շահել, մնացածը հետո կերևա: Նույնը, բայց իր հաշվարկների հեռանկարով իրականացնում է Լ.Տեր Պետրոսյանը: Այն, որ այս պահին նա խաղից դուրս է դրել իրեն՝ պատճառաբանելով իշխանափոխության ռեսուրսի պակասով, ընդամենը պատասխանատվությունից խուսափելն արդարացնող քայլ է: Վստահորեն կարելի է ասել, որ եթե Տեր-Պետրոսյանի թիմն այս պահին նույնիսկ իշխանափոխության ռեսուրս էլ ունենար, ամեն գնով կփորձեր ցույց տալ, որ դրա հնարավորությունը չկա: Միգուցե դրանով պետք է բացատրել այն հանդարտությունը, որը որդեգրել է արմատական ընդդիմություն անվանումն ստացած քաղաքական այդ թիմը:
Ակնհայտ է մի բան, որ գլոբալ գործընթացները Հայաստանին կանգնեցրել են մի իրավիճակի առջև, երբ անհրաժեշտ է որոշումներ կայացնել շատ արմատական բնույթի հարցերի շուրջ: Իրավիճակն արդեն այնպիսին է, որ դրանցից խուսափելը կարծեք անհնար է: Եվ անկախ այն բանից, որ Սերժ Սարգսյանը իշխանության եկավ լեգիտիմության ծայրահեղ մեծ դեֆիցիտով,
այս պահին նա միակ քաղաքական գործիչն է, ով պաշտոնի բերումով, թե գիտակցաբար մտել է որոշում կայացնելու պատասխանատվության տակ: Ի՞նչ կլինի հետո, կարելի է միայն ենթադրել:
Բայց ակնհայտ է, որ ամեն մեկը գործելու է իր քաղաքական իմիջի ու կապիտալի պահպանման հաշվարկներով, այլ` ոչ Հայաստանի զարգացման: Եվ այս պահին մնում է ընդամենը հուսալ, որ տարածաշրջանում տարվող գլոբալ խաղը, ՀՀ ներկայիս նախագահի քաղաքական հաշվարկներն ու Հայաստանի զարգացման հեռանկարները, թեկուզ և պահի բերումով, համապատասխանեն միմյանց: Ցավոք, ստեղծված իրավիճակից շահեկանորեն դուրս գալու ավելի բանական հուսադրումներ առայժմ, կարծես թե, այլևս չունենք:
|