|
Աղասի Թադևոսյան 2009-10-02
ԱՄՆ-ում թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի վարչապետը նշել է. «Մենք ջանքեր ենք գործադրում, որպեսզի լուծում ձեռք բերենք, որը շահավետ կլինի Թուրքիայի համար, բայց որը նաև չի վնասի Ադրբեջանին։ Մենք այլընտրանքի մասին չենք կարող մտածել»։
Էրդողանի խոսքում, կարծում եմ, առավել հետաքրքիր մասը ոչ թե այն է որ իրենք փորձում են Թուրքիային շահավետ այնպիսի լուծումներ գտնել, որոնք չվնասեն Ադրբեջանին, այլ հատկապես այն, որ խոսվում է այլընտրանքի բացակայության մասին: Այսինքն, եթե Թուրքիայի համար չկա այլընտրանք, քան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, դա անկախ ամեն ինչից կարող է նշանակել, որ տարածաշրջանում այնպիսի լուրջ փոփոխություններ են տեղի ունենում, որ Թուրքիան ստիպված է իր արտաքին քաղաքականությունը վերակառուցել: Դժվար է կարծել, որ եթե տարածաշրջանում ակնկալվելիք փոփոխությունները վերաբերելու են Թուրքիային, ապա չեն առնչվելու Հայաստանին: Դատելով Իրանի հանդեպ միջազգային հանրության վերաբերմունքի կոշտացումից և հատկապես Ռուսաստանի դիրքորոշման մեջ նկատվող փոխակերպումներից՝ մեր տարածաշրջանում հաստատ սպասվում են գործընթացներ, որոնք անտեսել չենք կարող: Դրանք հայտնի են ընդհանուր գծերով, սակայն կոնկրետ մանրամասների մասին դժվար է առայժմ դատողություններ անելը: Մանրամասները հայտնի են թերևս միայն հիմնական դերակատարներին: Իսկ ի՞նչ է կատարվում Հայաստանում: Տերպետրոսյանական ընդդիմության հիմնական մասի կարծիքով, Հայաստանի համար հիմնական վտանգը ոչ այնքան հայ-թուրքական հարաբերությունների մանրամասների մեջ է, որքան այն բանի, որ հարաբերությունների կառուցմամբ զբաղվում է լեգիտիմության դեֆիցիտ ունեցող իշխանությունը: Տրամաբանություն կա, բայց այս պահին դա արդեն էական չէ:
Իսկ ազգայնական թևի հիմնական ներկայացուցիչ դաշնակցությունն էլ մտել է «պայքարի վճռական փուլ» և իր նստացույցահացադուլային միջոցառումներով պարզապես արդարացնում է իր անգործությունը և փորձում փրկել իր դեմքը: Հոկտեմբերի 10-ին Թուրքիայի ու Հայաստանի արտգործնախարարների կողմից ենթադրաբար ստորագրվելիք նոր փաստաթուղթը հավանաբար նոր հեռանկարներ կբացի ՀՅԴ համար արտգործնախարարի հրաժարականի պահանջը ավելի բարձր նոտայով հնչեցնելու: Ըստ դաշնակցական վերնախավի նախագահը չի կարողանում իր ինքնագլուխ արտգործնախարարին կարգի հրավիրել և սա անընդհատ շրջանցելով նախագահին՝ ինքնուրույնաբար արձանագրություններ է ստորագրում թուրքերի հետ ու վատ վիճակում դնում Սերժ Սարգսյանին:
Այսինքն, Հայաստանում հայդատական գծի ամենավառ ներկայացուցիչը (իրենց իսկ ինքնաբնորոշմամբ) զբաղված է հայրենասիրության իմիտացիայով (արդեն մեր բնորոշմամբ): Սա այդքան էլ վատ չէ, եթե հաշվի ենք առնում, որ գոնե արտաքին տպավորությամբ կուսակցության վերնախավում իմիտացիան պլանավորված ու հաշվարկված է: Ավելի վատ վիճակում են իմիտացիոն հայրենասիրության այն ներկայացուցիչները, որոնց գործողություններն անկեղծ, անգիտակից ու մեխանիկական են` հենված հայդատական ստերեոտիպացված աշխարհընկալման վրա:
Կան նաև այնպիսինները, որոնք ինչ-ինչ շահերից դրդված քանդում են արխիվները, գտնում նորանոր ապացույցներ և փորձում հանրությանը սևեռել այն մտքի վրա, որ այսօրվա աշխարհում դեռևս հնարավոր է հայ-թուրքական հարաբերությունների վիճելի հարցերը լուծել Սևրի պայմանգրով և սին հույսեր ներշնչում թե իրենց և թե հանրությանը՝ իբր Հայաստանը հնարավորություն ունի ընդլայնելու իր սահմանները Թուրքիայի հաշվին:
Այն, որ Թուրքիային առայժմ կործանում կամ քայքայում չի սպասում, դա ակնհայտ է: Այն, որ թուրքերը համաշխարհային գլոբալ փոխակերպումներին պատրաստվում են՝ խիստ պրագմատիկ ձևով ուժեղացնելով իրենց պետությունը, դա նույնպես ակնհայտ է: Իսկ այն, որ ազգային կոչվող ներքին ու արտաքին ուժերը Հայաստանին ստիպում են մնալ պահանջատիրական անպտուղ իռացիոնալիզմին գերի, նույնպես ակնհայտ է:
Սակայն, ներկայիս հայ-թուրքական գործընթացները և դրա շուրջ բարձրացված աղմուկը թույլ է տալիս եզրակացնել, որ հայդատական մոտեցումը ճգնաժամի մեջ է և, բախվելով հայ-թուրքական հարաբերությունների կառուցման ժամանակակից դիվանագիտական խնդրին, չի կարողանում առաջադրել գործուն լուծումներ: Միակ բանը, որն առաջարկում է այդ թևը՝ վերաբերում է բանակցությունները փակուղի տանելուն ու այս խնդրի հետ կապված բոլոր հնարավոր զարգացումներից փախուստի դիմելուն: Այն, որ Հայաստանը կանգնած է Թուրքիայի հետ փոխհարաբերություններ հաստատելու խնդրի առջև և դրան ոչ միայն Թուրքիան, այլ նաև Հայաստանը այլընտրանք չունի, այնքան ակնհայտ է, որ քննարկելը նույնիսկ անիմաստ է: Ենթադրվում է, որ հայ քաղաքական միտքը պետք է ունենար Հայաստանի Հանրապետության իրական շահերի ընկալում և դրանից բխող զարգացումների ու քայլերի տարբերակներ: Ի դեպ, քաղաքականության օբյեկտից սուբյեկտ դառնալու հիմնական ճանապարհը դա կարող էր լինել: Այսինքն, ակնհայտ է, որ խնդիրն այն չէ, թե պետք է մերժել Թուրքիայի հետ փոխհարաբերություններ սկսելու միջազգային հանրության առաջարկ-պահանջը, այլ այն, որ Հայաստանը Թուրքիայի հետ փոխհարաբերությունները պետք է կառուցի իր շահերը տարածաշրջանային գործընթացների ու զարգացումների տրամաբանությանը հարմարեցնելով: Եթե դա չլինի և նորից փորձենք մեր շահերը հակադրել տարածաշրջանային ու գլոբալ զարգացումների ընթացքին` տանուլ կտանք հաստատ: Ահա այս կոնտեքստում է, որ գլոբալ դերակատարների հանդեպ Սերժ Սարգսյանի վարած «փափուկ» դիվանագիտությունն ավելի շահեկան է, քան էթնոցենտրիկ այլընտրանքը, որն առաջարկում են ազգային կամ ազգայնական համարվող ուժերը:
Ցավալի է բայց փաստ, որ այս պահին այլընտրանք մենք չենք կարող առաջադրել: Այսինքն, նախորդ տաս տարիներին ազգայնական երեսպաշտությամբ զբաղված Հայաստանի նախկին իշխանությունները չեն ձևավորել որևէ ռացիոնալ ռեսուրս, որը թույլ կտար այսօրվա Հայաստանին վարելու ավելի ինքնուրույն արտաքին քաղաքականություն: Կարծում ենք, նախորդ տաս տարվա ամենամեծ կորուստներից մեկը, որը գոնե առաջիկա տարիներին պետք է ինչ-որ ջանքերով վերականգնել, դա է:
Իսկ ինչպե՞ս է գիտակցվում Հայաստանի շահը ներհասարակական դաշտում: Նկատենք, որ մենք հատուկ են գերադասությունը տալիս հասարականին, այլ ոչ քաղաքականին: Պատճառն այն է, որ այսօր հասարակության ներսում ինտելեկտուալ ռեսուրսը շատ ավելի բարձորակ է ու դիֆերենցված, քան սպառված ու հալումաշ եղած, ծիծաղելի ու միայն ծաղրանքի ենթակա քաղաքական դաշտում:
Քննարկումների մի մակարդակն ընթանում է վերջին 150 տարում իրեն սպառած, իր անօգուտությունն ու իռացիոնալիզմը բազմիցս ցուցադրած, հայությանը լրջագույն կորուստների ու ցնցումների ենթարկած, սակայն հայության ամենասուրբ էմոցիաները երեսպաշտորեն շահագործող հայդատականության դաշտում: Եթե հաշվի առնենք, որ այսօր տարածաշրջանում զարգացումների տրամաբանությունը տարանջատվել է զուտ էթնիկության միաչափ հարթությունից և ձեռք բերել նոր ու բազմաչափ մակարդակներ, ապա ակնհայտ է դառնում որ հայդատական հենքին հանգեցվող քաղաքականությունը պարզապես չի կարող ֆունկցիոնալ լինել և դրական արդյունքների հանգեցնել:
Այս դեպքում խնդիր է առաջանում խոստովանելու, որ չնայած այդ մոտեցումները հայ ժողովդրի էթնիկական զգացմունքները խորապես շոյում են, բայց վտանգավորության աստիճանի սահմանափակում են ժամանակակից գործընթացները սթափ բանականության հարթությունում ընկալելու ու դրանց արձագանքելու հնարավորությունները: Իհարկե էթնիկական գործոնը հայերի համար խիստ կարևոր ռեսուրսներ է ձևավորում և այն ընդհանրապես հաշվի չառնել չի կարելի, սակայն դա դարձնել արժեքային հենակետ տարածաշրջանում քաղաքականություն վարելու ու փոխհարաբերություններ կառուցելու համար՝ խիստ վտանգավոր ու անհեռատես մոտեցում է: Ավելին, այսօր էթնիկական ռեսուրսի դինամիկ վերարտադրության հիմնահարցը ինչպես Հայաստանում այնպես էլ Սփյուռքում պետք է վերանայել և առկա իռացիոնալիզմը աստիճանաբար լրացնել ռացիոնալիզմով, հակառակ դեպքում մենք չենք կարող խուսափել էթնիկական ռեսուրսների ծայրահեղ կորուստներից ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում: Ամենպարզ փաստարկը թեկուզ այն է, որ Հայաստանից կարող մարդկային ներուժի անվերադարձ արտագաղթի ծավալը գնալով մեծանալու է, իսկ Սփյուռքում երիտասարդությունն ավելի է գայթակղվելու արդիական և հետարդիական արժեքներով, քանի որ առաջարկվող ազգայինն արդեն ժամանակավրեպ ու արխաիկ է:
Այն, որ Թուրքիայի դիվանագիտության մեջ այսօր էթնիկական գործոնին տեղ է տրվում դա ակնհայտ է: Սակայն, ակնհայտ է նաև, որ դա հատկապես ակտիվ կերպով է գործադրվում զուտ տակտիկական նպատակներով: Իսկ իրականում նկատելի է, որ Թուրքիայի քայլերը ծրագրավորված են համարյա բոլոր հարթություններում` աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, տնտեսական և ազգային: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա տպավորությունն այնպիսին է, որ մենք Թուրքիայի հետ փոխհարաբերությունների հաստատման ճանապարհն անցնում ենք խարխափելով ու այդ պատճառով հաճախ մեր ձեռքից բռնած մեզ առաջ են տանում այլ դերակատարներ: Էթնիկ գործոնի վրա գերկենտրոնացվածությունն ու դրանով սահմանափակվածությունը հանգեցնում են իրավիճակի ոչ ադեքվատ ընկալումների և ոչ միայն պետականության, այլ հենց էթնիկության վտագմանը ոչ միայն Սփյուռքում, այլ` հենց բուն ներկայիս Հայաստանի տարածքում:
Հպանցիկ հայացքն իսկ բավական է հասկանալու համար, որ Հայաստանն իր քաղաքական, տնտեսական և այլ ռեսուրսներով զիջում է թե՛ Ադրբեջանին և թե՛ առավել ևս Թուրքիային: Այսինքն, եթե Հայաստանը ստիպված լիներ մեն մենակ դուրս գալու իր այս երկու հարևանների դեմ, ապա որևէ առումով չէր կարող մրցունակ լինել: Պարզ է, որ այդ պակասող ռեսուրսը լրացնում են գլոբալ դերակատարները, հանձինս ԱՄՆ-ի, ԵՄ-ի և որոշ առումներով նաև Ռուսաստանի: Հետևաբար, այդ լրացուցիչ ռեսուրսների տրամադրումը ունի իր նպատակները և հենց այնպես չի տրվում Հայաստանին: Այսինքն, եթե իր հարևաններից շատ առումներով թույլ Հայաստանին ռեսուրսային ներակումներ են կատարվում, դա նշանակում է, որ միջազգային հանրությունը Հայաստանի դերը կարևորում է և չի ցանկանում թույլ տալ, որ նա այս հարաբերությունների կարգավորումից դուրս գա որպես տուժող կողմ:
Եվ ընդհանարպես, սառը և հաշվարկված դատելու դեպքում, ավելի հավանական է ենթադրել, որ այս հարբերությունները ոչ թե որևէ մեկի դեմ են լինելու, այլ` բոլորին կողմ: Նման ենթադրության համար հիմքը, ոչ թե Սերժ Սարգսյանի թիմի հաջողակ լինելու մասին խոսակցություններն են, այլ հայ-թուրքական փոխհարաբերություններում Հայաստանի վրա միջազգային հանրության կողմից իրականացվող ռեսուրսային ներդրումների այն հսկայական ծավալը, որը թույլ է տալիս Հայաստանին Թուրքիայի հետ հարաբերվելու որպես հավասար կողմի:
Հավատացեք, որ Թուրքիան այսօր այնքան չի քաղաքակրթվել, որ ինքնակամ շահագրգռվածություն ցույց տար իրենից թույլ հարևանի հետ՝ որպես հարաբերության հավասար կողմի, վերաբերվելու համար:
Այսօր միգուցե մեզ մի փոքր այլ տեսանկյուններից է պետք մոտենալ հարցին: Եթե հավատանք որ ներկայումս միջազգային հանրությունը Թուրքիայի ու Ադրբեջանի դրդմամբ իրոք մեր դեմ «դավեր» է նյութում, ապա պետք է որ ավելի տրամաբանական լիներ թշնամի հարևանների դեմ Հայաստանին մեն մենակ թողնելը, որից հետո ավելի հեշտ կլիներ հետևանքներից օգտվելը: Այսինքն, ստեղծել այն իրավիճակը, ինչ արեցին արևմուտքն ու բոլշևիկյան Ռուսաստանը առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ ըստ էության Հայաստանը թողնվեց Թուրքիային ու Ադրբեջանին դեմ հանդիման և հետո գաղութացվեց բոլշևիկացման ճանապարհով: Այսօր միգուցե իրոք պետք է իրավիճակը համարել բարենպաստ ու, դրանից օգտվելով, մտածել հետագա քայլերի մասին: Այն քայլերի, որոնք ոչ թե «ծովից ծով» Հայաստանի մեռած առասպելի վերակենդանացմանն են ուղղված լինելու, որ նորից դատապարտեն Հայաստանը մեկուսացման, այլ այս՝ 30 000 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող պետության, կայացման ու զարգացման, և դեռևս չարտագաղթած մարդկանց համար ստեղծվեն քաղաքակիրթ աշխարհին մաս դառնալու, արժեքային արդիական միջավայրին ինտեգրվելու ու զարգանալու հնարավորություններ:
|