|
Աղասի Թադևոսյան 2009-10-21
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը կարող են ոչ միայն արտաքինքաղաքական, այլև` ներհասարակական կյանքում արմատական փոփոխությունների պատճառ դառնալ: Դատելով սկսված գործընթացի տրամաբանությունից՝ այլևս հնարավոր չի լինելու հին ու ընդունված ձևերով՝ ո՛չ հարևանների հետ հարաբերվել և ո՛չ էլ շարունակել երկրի ներսում հարաբերությունների կառուցումը:
Այս առումով հայաստանյան հասարակությունում ծավալված բանավեճը, կարծես թե, ընթանում է ոչ այն ուղղությամբ: Նոր իրավիճակում սպասվելիք ու անհրաժեշտ տրանսֆորմացիաների հիմնահարցը, ինչպես նաև դրանից հետևող խնդիրների ու մարտահրավերների լուծման առկա հնարավորությունները, մարդկային, ինստիտուցիոնալ ու, ընդհանրապես, որակապես նոր տիպի ազգային ռեսուրսների ձևավորման հիմնահարցերը քննարկելու փոխարեն, քաղաքական ուժերն իրենց ողջ էներգիան կենտրոնացրել են հասարակությունը «բանակների» բաժանելու վրա: Ինչպես ազգայնական դաշտը ներկայացնող ՀՅԴ-ն և նրա շուրջ խմբված ուժերը, այնպես էլ որպես ազատական ու ժողովրդավարական արժեքների ջատագով ներկայացնող Հայ ազգային կոնգրեսն ու, մասնավորապես, նրա կորիզը հանդիսացող հհշական վերնախավն ինչ-ինչ սեփական հիմքերով՝ փաստացիորեն, իրենց գործունեությունն ուղղել են հայ-թուրքական հարաբերություներին «ոչ» ասելուն: Ճիշտ է, կան տարբերություններ, որոնք, սակայն, որևէ կերպ չեն նպաստում հասարակակական կյանքում նոր որակների ձևավորմանը:
Ամիսներ առաջ, երբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված առաջին քայլերն էին արվում, նախագահական թիմը շրջանառության մեջ մտցրեց «նյուզմեյքերության» մասին մի դրույթ, որն իսկույն ծաղրի ենթարկվեց ընդդիմության կողմից: Խոսքը վերաբերում էր Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի արտաքին քաղաքական քայլերը տարածաշրջանում որպես «նյուզմեյքերություն» որակելուն: Այն, որ դա այդ պահին չափազանցված էր, հասկանալի էր բոլորին: Նախաձեռնությունն, իհարկե, գլոբալ դերակատարներինն էր: Սակայն, փաստ է նաև, որ նախաձեռնողականությունը, այսպես թե այնպես, առկա է, մասնավորապես՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պարագայում: Խնդիրն այն է, որ չնայած քաղաքական դաշտում տիրող քննադատական պրկված մթնոլորտին, այդ քննադատականությունն, անկախ հեղինակից, անպտուղ է ու դեստրուկտիվ և դեռ առայժմ, բացի փակուղային լուծումներից, որևէ ելք չի առաջարկել այն մասին, որը կվերաբերի տարածաշրջանում սկսված գործընթացներին ՀՀ արդյունավետ ու շահեկան մասնակցության խնդրին: Միակ բանը, որ ասվում է՝ իշխանափոխությունն է, որը տարածաշրջանում սկսված գործընթացներին մասնակցության արդյունավետ առաջարկների բացակայության պարագայում արդեն հիշեցնում է հայտնի ասացվածքը, թե «արջը յոթ երգ գիտի, յոթն էլ մեղրի մասին»:
Քաղաքական դաշտի լիակատար անզորության ու անգործունակության ստեղծված իրավիճակում՝ միակ ռացիոնալ ակնկալիքն այն է մնում, որ իշխանության գլուխ հանդիսացող ՀՀ նախագահը տարբերվի քաղաքական ուժերից և իր ընկալումներով ու քայլերով ադեքվատ լինի իրական գործընթացներին, ի տարբերություն մեր քաղաքական դաշտի ողջ ներկապնակի, որտեղ «ոչ»-ը կամ «այո»-ն առայժմ հիմնավորված չեն: Առաջինները «ոչ» են ասում, որովհետև վախեցած են, որ անվերադարձ կկորցնեն իշխանության գալու իրենց շանսը, իսկ երկրորդներն «այո» են ասում, որովհետև վախենում են, որ շեֆը կպատժի:
Շաբաթներ առաջ էր, երբ Սերժ Սարգսյանը մի առիթով խոսել էր մեր քաղաքական ուժերի վարքի հետ կապված իր՝ «քահ-քահ» ծիծաղելու մասին: Իրենց ընդդիմադիր համարող ուժերն այս առիթով բնականաբար իրենք էլ ծիծաղեցին, բայց արդեն Սերժ Սարգսյանի վրա: Սակայն այս փոխադարձ «ծիծաղի» ընթացքում այդպես էլ ոչ ոք համարձակություն չունեցավ ասել, որ Սերժ Սարգսյանը լիովին հիմքեր ունի «քահ-քահ» ծիծաղելու ընթացիկ իրադարձությունները համարժեք գնահատելու ունակություններ չունեցող մեր զարմանահրաշ, տարածաժամանակային ներկա կոնտինուումից դուրս մնացած ու իրական կյանքից փաստացիորեն բացակա Հայաստանի քաղաքական դաշտի վրա: Հայաստանի քաղաքական ուժերը մնացել են մի տարածաժամանակային միավորում, որն արդեն չկա, ինչպես իրականում չկա այն պայթած աստղը, որի՝ մեզ հասնող լուսապատկերը ստեղծում է նրա լինելիության պատրանքը: Այս բանը կարող է հասկանալ մարդը, ով հասկանում է, թե ինչ է տեղի ունենում աշխարհում: Ու եթե Սերժ Սարգսյանի «քահ-քահ» ծիծաղը պայմանավորված է հենց այս փաստարկով, ուրեմն ամեն ինչ այդքան էլ մռայլ չէ, որքան փորձում են ներկայացնել անցյալում ապրելու սիրահարները:
Հայտնի փաստ է, որ եթե ինչ-որ բան փոխվում է արտաքին հարաբերություններում, ապա այն պահանջում է նաև համարժեք փոփոխություններ ու վերաձևավորումներ ներքին կյանքում: Արդեն առկա է այն փաստը, որ Հայաստանի բնակչությունը, անկախ 2008 թ. փետրվարին ու դրան հաջորդած շրջանում ձևավորված քաղաքական նախասիրություններից, բաժանվում է երկու հիմնական մասի` Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման կողմնակիցների և ընդդիմադիրների: Ընդդիմադիրների հիմնական փաստարկն այն է, որ Հայաստանը զիջումների ու կորուստների գնով է հասնելու հարաբերությունների կարգավորման ու սահմանի բացմանը: Նախկին արտգործնախարարը, ծայրահեղացնելով իրավիճակը, արձանագրությունների ստորագրումը նույնիսկ անվանեց «կապիտուլյացիա», չգիտես էլ՝ հավատալով իր ասածին, թե` ոչ: Սրանց պատճառաբանությունները պարզ են` վախենում են չդիմանանք, վախենում են որ տանուլ կտանք տնտեսապես, ժողովրդագրորեն և այլն, և այլն: Ուստի, առաջարկվում է մեկուսանալ, պատ շարել և շարունակել ապրել հին ձևով` արհամարելով այն գործընթացները, որոնք տեղի են ունենում աշխարհում և որոնց չմասնակցելը նշանակում է տարածաժամանակային առումով տեղափոխվել, ասենք՝ ամազոնյան խուլ անտառներ:
Այսինքն, այս պահին մեզ իրոք անհրաժեշտ է նորովի ընկալումներ ու մոտեցումներ ունեցող քաղաքական ուժ կամ գործիչ: Եվ այդ առումով այս պահին միակ ու լավագույն տարբերակն այն կլինի, որ Հայաստանի անունից գործընթացը վարող ու որոշումներ կայացնող անհատը կամ խումբը տվյալ պարագայում գոնե արտաքին քաղաքական հարթությունում լինի ինքնագիտակից, որովհետև այլ ինքնագիտակից գործիչներ կամ ուժեր հրապարակում կամ չկան, կամ եթե նույնիսկ կան, դեռ բավականաչափ ազդեցիկ ու կազմակերպված չեն: Ստեղծված իրավիճակում մեր ժամանակը չի բավականացնի ներքին դաշտը արտաքին խնդիրներին համարժեք փոխակերպելու, էլ չեմ ասում անհրաժեշտ նոր որակներ ձևավորելու համար:
Իրադարձություններն այն արագությամբ են զարգանում, որ որևէ մեկին, ով կհավակնի լոկալ դերակատար դառնալու, շանս չի տրվելու չհարմարեցնել սեփական արագությունը ու ռիթմը գլոբալ գործընթացներին: Այս պահին ով իրավիճակը ադեկվատ չգնահատեց ու հետ մնաց, նա հետ կմնա ընդհանրապես: «Ոչ»-ի կողմնակիցներն ասում են, թե Հայաստանն այս պահին պատրաստ չի այս գործընթացին մասնակցելու, ուստի մի կողմ քաշվել է պետք, հակառակ դեպքում կպարտվենք: «Այո»-ի կողմնակիցները գտնում են, որ ոչ մի բանի կատարելապես չի կարելի պատրաստվել, անհրաժեշտ է դառնալ գործընթացների մասնակից և մասնակցության տրամաբանությունն ու ընթացքը կհստակեցնեն նաև այն խնդիրները, որոնց լուծման համար անհրաժեշտ կլինի համարժեք փոփոխությունների ենթարկել նաև ՀՀ ներքաղաքական, ներհասարակական ու տնտեսական համակարգերը: Այսինքն, բախումը կարծեք թե ստատիզմի ու դինամիզմի կողմնակիցների միջև է: Առաջինները կողմ են այնպիսի մի բան ստեղծելուն, որ հետո դրանով ՀՀ-ն ապահովի տարածաշրջանում իր դիրքի կայունությունը և անվտանգությունը, հաշվի չառնելով այն կարևոր հանգամանքը, որ այսօրվա արագ փոփոխվող աշխարհում ստատիկ արժեքներն ու համակարգերը շատ արագ հնանում են ու խանգարում առաջընթացին ու ճկունությանը: Հետևաբար ստեղծված իրավիճակում, կարևորը սկսված գործընթացներին մասնակից դառնալու մասին վճիռ կայացնելն է: Իհարկե, մասնակցության համար ՀՀ-ին անհրաժեշտ կլինի ձևավորել համարժեք ռեսուրսներ, մասնավորապես առանցքային կարևորություն կստանա նորացման ռեսուրսի ձևավորման խնդիրը, որը թույլ կտա ՀՀ-ն դարձնել համաշխարհային գործընթացների իրական մասնակից, ճկուն ու դինամիկ, իրավիճակները համարժեքորեն գնահատելու ու արձագանքելու ունակություններով օժտված պետություն:
Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակը փորձության պահ է մեզ համար: Ինչպես յուրաքանչյուր մարդ, այնպես էլ ազգերն ու պետությունները, ունենում է նման պահեր, և կամ վախենում են ու, ողջ կյանքը փախչելով փորձությունից ու հետաձգելով այն, ինչ-որ ձևով գոյատևում, կամ էլ չվախենալով՝ համարձակվում են գնալ փորձության, ընդունում են իրենց ուղղված մարտահրավերը, անցնում կայացման ու ինքնահաստատման փուլը ու դառնում ինքնագիտակից ու ինքնուրույն, սեփական կյանքի տերը:
Խուսափողականության, վճռական քայլն անընդհատ վաղվան թողնելու կողմնակիցները պետք է իմանան, որ որպես պետություն ինքնագիտակցության լուրջ տրանսֆորմացիաներ է ապրում նաև մեր ավանդական հովանավորը, մեզ փափուկ ու անհոգ կյանք ապահովող հարյուրամյա տեր ու գաղութատեր Ռուսաստանը: Եվ եթե տրանսֆորմացիայի արդյունքում գաղութատիրոջ նրա դարավոր ինքնությունը փոխակերպվի դինամիկ զարգացող դերակատարի ինքնության, ապա մենք վաղ թե ուշ ստիպված ենք լինելու ավելի ծանր պայմաններում մտնել փորձության դաշտ: Իսկ այն ժամանակ կարող է և քաղաքակիրթ աշխարհը մեզ համար չներդնի այն հսկայական ռեսուրսները, որոնք որ պատրաստ են դնել այսօր` ընդհանուր գործընթացի տրամաբանությունը ապահովելու շահից ելնելով:
Միգուցե իրոք կարևորը տարածաժամանակային այնպիսի հարթություն տեղափոխվելն է, որտեղ կյանքն ընթանում է ներկայում և միտված է ապագային, այլ` ոչ անցյալում ու անցյալին:
|