|
Աղասի Թադևոսյան 2010-02-24
Հայաստանի ներկայի ու ապագայի վերաբերյալ կարծիքներն օր-օրի մռայլության նոր երանգներ են ձեռք բերում: Շատերի կարծիքով երկիրը ծայրահեղ ճգնաժամային վիճակում է, իսկ որոշներն էլ հակված են իրավիճակը բնութագրել որպես հետճգնաժամային, որն արդեն մտել է անդառնալիության` ճահճացման շրջան: Բնորոշումներն իհարկե հուսադրող չեն: Սակայն, ո՞րն է ճգնաժամային իրավիճակի մեր բնութագիրը: Սա այն հարց է, որն արժե քննարկել այնքան, մինչև ընդհանուր բնույթի գնահատականներից հնարավոր կլինի անցնել երևույթի առանձնահատկությունների բացահայտմանը և դրանից դուրս գալու ուղիների քննարկմանը:
Ինչպես էլ ձևակերպելու լինենք ներկայիս իրավիճակը, ճգնաժամային թե ճահճացման, հիմնական հարցերից մեկն այն է, թե արդյոք Հայաստանում ավարտվել է այսպես կոչված անցումային փուլը, թե այն դեռ ընթացքում է: Ակնհայտ է, որ անցումային գործընթացները, որոնց արդյունքում ենթադրվում էր ունենալ լիբերալ-դեմոկրատական պետություն, չի կարելի ոչ ավարտված համարել և ոչ էլ հաջողված: Այս տեսանկյունից հարցին մոտենալու դեպքում կարելի է ասել, որ անցումային գործընթացները Հայաստանում ձախողվեցին և հայտնվեցին ճգնաժամում կամ նույնիսկ ճահճացման մեջ սկսած իրենց ձեռնարկման պահից: Ազատ շուկա և ազատական տնտեսություն Հայաստանում չձևավորվեց, սակայն այդ անվան տակ այստեղ ստեղծվել է մուտացված մի տնտեսական համակարգ, որն իր բնույթով ու շահերով օլիգարխիկ է, իսկ ձևերով` ազատական: Նման վիճակում է նաև քաղաքական համակարգը, երբ դեմոկրատական ինստիտուտների կաղապարների ներքո գործում է մինչև ոսկորները կոռումպացված և իշխանության վերարտադրությունը բացառապես բիրտ ուժի միջամտությամբ իրականացնող բռնախմբային համակարգ: Չի կայացել նաև քաղաքացիական-հասարակական համակարգը և քաղաքացիական հաստատությունների մեծ մասը զբաղված է իր անդամների, այլ ոչ շահառու հասարակական խմբերի շահերի պաշտպանությամբ: Այսինքն, ասել, որ ճգնաժամ ու ճահճացում Հայաստանում չկա սխալ կլինի, քանի որ անցումային բոլոր գործընթացներն իրոք խորը ճգնաժամում են: Սակայն ասելով, թե երկիրն է հայտնվել ճահճացման մեջ, պետք է հասկանալ, որ այսօր Հայաստանում չկան արդյունքներ (պռօդուկտ) և հատկապես մշակութային արդյունքներ ստեղծելու ու շրջանառելու ունակ մարդկային ռեսուրսներ: Այսինքն, մի բան է երբ երկիրը չունի արդյուքներ ստեղծելու ռեսուրսներ, մեկ այլ բան, որ այդպիսի ռեսուրսներ կան, սակայն դրանք ստեղծագործական արդյունքների ձևավորման ու շրջանառման ինտենսիվ գործունեություն ծավալելու հնարավորություն չունեն: 2008 թ. ցույց տվեց, որ հասարակությունում առկա է բողոքի հսկայական էներգիա և այն առաջանում է ավելի կատարյալ Հայաստան ունենալու ցանկության չիրագործվածության պատճառով: Սա նշանակում է, որ հասարակությունում կա կուտակված հսկայական էներգիա, որը պոզիտիվ նպատակների առաջադրման դեպքում հնարավոր է կենտրոնանա դրանց շուրջ: Այսինքն կարելի է ասել, որ ավելի լավ Հայաստանի մասին տեսլականների շուրջ խմորումները ոչ թե ավարտվել ու ճահճացման փուլում են, այլ դրանք նոր են սկսվում: Չի բացառվում, որ այդ հոգեմտավոր գործընթացներն անհրաժեշտ ուժն ու ինտենսիվությունը չունենան և ավարտվեն առանց լուրջ արդյունքների: Այդ ժամանակ նոր, միգուցե, կարելի է խոսել այն մասին, որ Հայաստանն ու հայերը հատել են իրենց մշակութային ռեսուրսի կրիտիկական եզրագիծը, որից հետո առանց արտաքին միջամտության դրական փոփոխություններն անհնար են դառնում: Սակայն, այսօր դրա մասին խոսելը վաղ է այն պատճառով, քանի որ նախ, այդ դատողությունը հաստատող կամ ժխտող հստակ փաստեր չունենք և, հետո, չունենք նաև երկրի մշակութային ռեսուրսը կոնսոլիդացնելու ո՛չ կազմակերպված և ո՛չ էլ սպոնտան ընթացած գործընթացների նախադեպ:
Բայց հարց է առաջանում, թե որտեղից կարող է առաջանալ ճահճացման ու ճգնաժամի զգացողությունը: Խոստովանենք, որ նման զգացողություն բոլորս էլ երբեմն ունենում ենք: Հատկապես այն պահերին, երբ ինքներս կրավորական դիրքում ենք ու արդյունքների ստեղծման ու տարածման դժվարություններից հոգնած: Իսկ հոգնածությունն հաճախ առաջանում է, երբ կամ չենք ընկալում ու որսում ժամանակի մարտահրավերները, կամ վախենում ենք դրանք նկատելուց ու ոչ միայն չենք գնում ընդառաջ, այլ աշխատում ենք խուսափել դրանցից: Այստեղ է, որ կարող է առաջանալ ճգնաժամի ու հուսալքության զգացում: Այսպիսի ճգնաժամ նկատելի է այսօր հատկապես սովետի մտավորականության միջավայրում, որի մի հատվածը խորհրդային ստերեոտիպերին հավատարիմ գտավ իր համար տերեր, ում ողորմածության տակ կարողանում է արդարացնել իր մշակութային ու ստեղծագործական անպտղությունը, իսկ մի զգալի հատվածն էլ, հայտնվելով հովանավորությունից ու ուշադրությունից դուրս, չի գտնում ռեալիզացվելու այլ ճանապարհներ: Ներկայիս ճգնաժամն ինչ-որ առումով այդ սերնդի ճգնաժամն է, այլ` ոչ ողջ Հայաստանի: Եվ մարտահրավերները ադեկվատ կերպով ընկալելու, ընդունելու ու նոր մի բան ստեղծելու անկարողությունը, որում այսօր հայտնվել է այդ սերունդը (ինչպես իշխանությունում, այնպես էլ դրանից դուրս գտնվողները), ձևավորում է անելանելիության կամ լճացման մթնոլորտ:
Խորհրդային Միության փլուզումից հետո իշխանությունը մտածողության տեսանկյունից կառուցվեց խորհրդայինը քանդելու և դրա հիմքի վրա նորը կառուցելու ճանապարհով: Պատահական չէ, որ Հայաստանում ձևավորված հետխորհրդային իրողությունները այդքան նման էին խորհրդայինին. թե հհշական ու թե քոչարյանական փուլերը Հայաստանում ոչ թե նոր իրականության կառուցման տարիներ էին, այլ խորհրդայինի հիմքի վրա հետխորհրդայինի ձևավորման:
2008 թվականին հետխորհրդային իրականությանը նետված մարտահրավերը ցնցեց այն և նպաստեց, որ խորհրդային իրականության քայքայման հետխորհրդային փուլն իր դանդաղ ու աննկատ ընթացքից մտնի ավելի ակտիվ փուլ, ինչը բնականորեն պետք է ուղեկցվի դիմադրության ավելի կոշտ ու արտահայտված դրսևորումներով: Եվ լիովին տրամաբանական է, որ այդ եղած իրողությունների պահպանմամբ շահագրգիռ ուժերն այսօր գերկենտրոնացման գործընթաց են սկսել: Իսկ այդ իրականությունը ներկայացնող շատ խավեր ու հասարակական խմբեր էլ ստեղծված իրավիճակում կանգնած են իրենց ինքնության վերաիմաստավորման խնդիրների առաջ:
Այս իրականության ճգնաժամը կարող է շատերի մոտ տագնապի զգացում առաջացնել, քանի որ սպառնում է իր հետ կործանել նաև իրականության մասին մարդկանց պատկերացումները, ինչը որոշ դեպքերում կարող է նույնացվել նաև ընդհանրապես հին իրականության կործանման, այսինքն ճգնաժամի զգացողության հետ:
Հարց է առաջանում, թե ինչու Ռ.Քոչարյանի կառավարման տարիներին չէին հնչում ճգնաժամի, լճացման կամ ճահճացման մասին մտահոգություններ ու տագնապներ: Չի կարելի ասել, որ այդ տարիներին ձևավորված իրողություններն ավելի հուսադրող էին Հայաստանի և նրա բնակչության համար և որ այդ տարիներին Հայաստանում մարդու իրավունքների ու ազատությունների ոլորտում առաջընթաց կար: Կամ թե օլիգարխիկ համակարգն ավելի պակաս ու մենիշխանական ձևով էր հարստահարում պետական ու ազգային ռեսուրսները: Ոչ դեմքերն են փոխվել և ոչ էլ գործունեության ձևերը: Փոխվել են գնահատականներն, ու այդ գնահատականները ախտորոշում են ստեղծված համակարգն ավելի իրատեսորեն, քան այն մեկնաբանվել է անցած 20 տարիներին երբևիցե: Եվ այս փոփոխության հետևանքում հինը սկսել է քանդվել: Եվ քանի որ Ռ.Քոչարյանի աթոռակալության օրոք դա նկատելի չէր այդքան ակնհայտորեն, քան այսօր է, չկար նաև ճգնաժամի զգացողությունն ու դրա հետ կապված անգիտակից տագնապները: Սա ոչ թե հիասթափեցնող է, այլ հակառակը՝ հուսադրող: Այլ բան է, որ այն ավելի գործուն միտք, ավելի մեծ կամք ու ջանք է պահանջում և որ շատերն այսօր պատրաստ չեն դրա համար ճիգ գործադրելուն: Իհարկե, ինքնագիտակից ու իրենց նպատակը հստակ իմացող ազգերն ու պետությունները հատուկ կարևորություն են տալիս մտագործունեության, գաղափարների ձևավորման ու շրջանառման ունակությունների ու ռեսուրսների զարգացմանը, և այդ առումով մտավոր ոլորտի գործիչները թե՛ ստատուսային և թե՛ գործունեության պայմանների նպաստավորության տեսանկյունից կարևորվում են հասարակական ու պետական մակարդակներով և ստեղծագործականության համար շատ ավելի բարենպաստ վիճակում են: Ակնհայտ է, որ Հայաստանում այդ առումով վիճակը չափազանց մտահոգիչ է: Փաստ է նաև, որ Հայաստանում առաջին անգամ են մարդիկ իշխանության որակի փոփոխության խնդիրը կապում հոգեմտավոր ոլորտում արդյունքների ձևավորման ու փոխանակման գործընթացների ինտենսիվությունը բարձրացնելու հետ: Հեղափոխությունն այս ոլորտում է տեղի ունեցել: Սա մտածողության որակի փոփոխության սկզիբ է, որը կարող է հնարավոր դարձնել քաղաքակրթական արդի գործընթացներին Հայաստանի ներգրավումը:
Այսօր Հայաստանի գլխավոր պրոբլեմն այն չէ, որ փողը շրջանառվում է նեղ շրջանակի մարդկանց, այսպես կոչված օլիգարխների ձեռքում: Դա իհարկե լուրջ խնդիր է, սակայն գլխավոր պրոբլեմը երկրի ու հասարակության համար այն է, որ չափազանց ցածր է մտավոր արդյունքների ձևավորման ու փոխանակման գործընթացների ինտենսիվությունը: Այդքան միֆոլոգեմներով ապրող խորհրդահայ մտավորականությունը ի վիճակի չեղավ ընկալելու մարտահրավերը: Այսօրվա սերունդն այն ընկալել է արդեն, այն մտել է այսօրվա մտավորականի օրակարգ: Հայաստանի գլխավոր հիմնահարցն այսօր պրոգրեսիվ ռեսուրսների պահպանումը, զարգացումը և ինքնառեալիզացումն է: Բնական է, որ դրանում շահագրգռված չէ իշխող բռնախումբը և, ընդհանրապես, քաղաքական համակարգն ամբողջապես: Սակայն, դրանով շահագրգիռ խավեր հասարակությունում շատ կան: Պրոբլեմն այն է, որ այդ խավերը դեռևս հստակ չեն գիտակցում իրենց իշխանությունը, որը կարող է շատ ավելի ազդեցիկ լինել, եթե մեծացվի այդ իշխանությունը ձևավորող հոգեմտավոր բաղադրիչի շրջանառության ինտենսիվությունը, թեկուզ հենց այն խավերում, որոնք այն արժևորելու մշակութային ունակությամբ են օժտված: Այսպիսի գործընթացների ձևավորումը չափազանց կարևոր է նրանով, որ կարող է առաջացնել կապիտալի նոր տիպի` մշակութային կապիտալի ձևավորման և շրջանառության գործընթացներ: Մշակութային կապիտալի առաջացումն ու շրջանառությունը հասարակությունում կարող է ձևավորել այսօրվա ֆինանսական կապիտալի կողմից մոնոպոլ կերպով ձևավորվող «փակ» բնույթի սոցիալական կապիտալից որակապես տարբերվող «բաց» բնույթի սոցիալական կապիտալ, որի ազդեցությունը քաղաքական գործընթացի վրա չի կարող ձևավորել պսևդոդեմոկրատական ֆորմաներ, ինչպես հետխորհրդայինին հարմարեցված խորհրդահայ իրողությունների պարագայում:
|