|
Աղասի Թադևոսյան 2010-04-30 Ընդդիմության ամեն հանրահավաքից, երթից, կամ նմանատիպ այլ իրադարձությունից հետո «շարժումն արդեն այն չէ» թեմայով քննարկումներն աշխուժանում են: Այդպես եղավ նաև ապրիլի 24-ին ընդդիմության երթից հետո: Իր հերթին ընդդիմությունն էլ նոր շարժման գաղափարին է բավական խանդոտ ու քննադատորեն վերաբերում: Հիմնական պատճառաբանությունն այն է, թե դա կարող է խանգարել ընդդիմադիր դաշտը համախմբելուն: Անկեղծ ասած, ուզում եմ հարցնել՝ իսկ մեր ինչին է պետք, որ ընդդիմադիր դաշտը համախմբված լինի. եթե իշխանությունը փոխելու համար, ապա այսօր Հայաստանում իշխանությունը, դրա փոփոխությունը ոչ միայն առաջնային, այլ ընդհանրապես խնդիր չեն: Ավելի կարևոր խնդիր է իշխանության հանդեպ մեր մոտեցումները փոխելը:
Խոսքը ոչ միայն ներկայիս ավտորիտար համակարգի, այլ` ընդհանրապես այն իշխանության մասին է, որի կրողը Հայաստանում բնակվող յուրաքանչյուր մարդ է: Հայաստանում շատ շատերը դեռևս իշխանություն բառը չեն կապում իրենց հետ: Քանի դեռ մարդիկ իշխանությունն իրենցից դուրս են տեսնում, իշխանության փոփոխությունը շատ ֆորմալ բնույթ կարող է ստանալ: Փրկչի կամ բարի թագավորի ստերեոտիպային մոտեցումները, որոնք կապված են վախճանաբանական առասպելների հետ, քաղաքացիական հասարակությանը որևէ առնչություն չեն կարող ունենալ այն պարզ պատճառով, որ մարդն ինքն իրեն միշտ զգալու է փոփոխությունների օբյեկտ: Մարդիկ այստեղ պարզ կատարողներ են, գործիքներ, ում միջոցով փրկիչը կամ բարի թագավորը պետք է վերցնի իշխանությունը` փոխարենը մարդկանց լավ կյանք ապահովելու ակնկալիքով: Որ ընդդիմության ինտերպրետացիաներում վախճանաբանական ու փրկչային կոդերին առաջնային տեղ է տրվում ակնհայտ է: Ընդդիմության գործիչներին լսելիս տպավորությունս միշտ այն է, որ նրանք մեծ բավականություն են ստանում երբ Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքական կյանքում պրոբլեմները խորանում են կործանարարության աստիճան: Լ. Տեր-Պետրոսյանի սպասելու ունակությանը ոչ ոք չի կասկածում: Բայց սպասել, որ գործող վարչակարգը փլուզման վտանգի առաջ կկանգնեցնի երկրի տնտեսական ու քաղաքական կյանքը և հետո գալ իշխանության, երկիրը կործանումից փրկելու առաքելությունով, խորքային առումով հակասում է քաղաքացիական հասարակության ու ժողովրդավարության գաղափարներին: Այդ ամենը հակասում է նաև շարժում երևույթին, այդ պատճառով էլ հավաքից հավաք ընդդիմության շարժումը ստանում է ավելի ու ավելի անկենդան բնույթ:
Սակայն, շարժման թուլացման այս ախտանշանները կարծեք այդքան էլ մտահոգիչ չեն, քանի որ խոսքը վերաբերում է փողոցային տարրերային շարժման թուլացմանը: Ավելին այդ տարրերային շարժման թուլացման արդյունքում ձևավորվել են այլ շարժումներ, որոնց մի մասն արդեն որակապես այլ բնույթ ունի և ուղղված է ոչ թե իշխանությունը պարզապես մեխանիկորեն վերցնելուն, այլ իշխանության որակներ ձևավորող գործընթացների վրա ազդելուն: Այդ շարժումների արդյունքում, այսօր ձևավորվում են այնպիսի հարթակներ, որտեղ մարդիկ կարող են շատ ավելի ազատ ու անկաշկանդ մտքեր արտահայտել ու փոխանակել, քան դրա հնարավորությունը տալիս են սևի ու սպիտակի դերը վերցրած վարչակարգն ու ընդդիմությունը: Հասարակությանը նման միօրինակ, սևի ու սպիտակի դիապազոնում պահելու իշխանական ու ընդդիմադիր թիմերի համատեղ ջանքերը ձևավորել են մի իրավիճակ երբ Հայաստանում սկսել է համատարած դառնալ այդ երկու ծայրահեղ գույների խառնումից առաջացող գորշությունը:
Հայաստանում այսօր ձևավորված հիմնական պրոբլեմը ոչ այնքան ընդդիմության ակտիվության կամ պասսիվության աստիճանն է, որքան այն գորշությունը, որը առաջացել է իրավիճակը սևի ու սպիտակի խիստ հակադիր դիապազոններում պահելու դիմադիր ու ընդդիմադիր ուժերի ձգտման հետևանքում: Այդ գորշությունը գալիս է նրանից որ մարդիկ նոր մտքեր ու զարգացումներ ակնկալում են կամ իշխող կամ ընդդիմադիր ուժերից, որոնք այդպես էլ չեն կարողանում ապահովել սևի ու սպիտակի արանքը լցնող դիապազոնը:
Հայաստանի ներկայիս գլխավոր պրոբլեմն այն չէ, որ ընդդիմադիր կամ դիմադիր ճամբարները բավականաչափ աշխույժ չեն: Գլխավոր պրոբլեմն այն է, որ մարդիկ իրենց անշարժության մեղավորությունը փորձում են բարդել այդ երկու հակադիր ուժերի վրա: Այն համատարած սպասողական վիճակը, որ ինչ-որ մի ուժ իրենցից դուրս ու իրենցից հզոր ցրելու է օր-օրի տհաճությունը խորացնող գորշությունը, չի կարող որևէ դրական ակնկալիքներ ստեղծել:
Ակնհայտ է, որ մեզ պակասում են գույները և որ դրանք հնարավոր է առաջանան այնպիսի շարժումների հետևանքում ու այնպիսի հարթակներում, որոնք ուղղված են նորի ստեղծմանն ու այն հասարակական կյանքի տարբեր բնագավառներ ու ոլորտներ ներդնելուն: Այդ շարժումները բոլորովին էլ պետք չի որ լինեն՝ հայոց համազգային, հայ ազգային, հայաստանյան, համահայկական կամ նման համընդգրկունության ձգտող: Ընդհակառակը` որքան դիֆերենցված, այնքան շատ ավելի լավ, այնքան գունավոր ու հակագորշ: Այսինքն Հայաստանին այսօր ստեղծագործական դիապազոններում արդյունքների ստեղծում ու շրջանառում է պետք: Եվ որքան ինտենսիվ, այնքան հավանականությունը մեծ է, որ կփոխվեն իշխանության որակները, ինչպես դիմադիր, այնպես էլ ընդդիմադիր բևեռներում: Իշխանության որակները փոխվում են, եթե փոխվում են փոխանակային գործընթացների, հատկապես հոգեմտավոր ու մշակութային ոլորտների փոխանակային գործընթացների դիապազոնները: Որքան բազմազան ու դիֆերենցված լինեն հարթակները և ինտենսիվ` դրանցում արդյունքների ձևավորումը, այնքան ավելի շուտ կհաղթահարվի իշխանության ճգնաժամը:
Մեր գլխավոր խնդիրը ոչ թե ներկայիս վարչակարգի իշխանության ճգնաժամով ուրախանալն է, այլ հակառակը` իշխանության ճգնաժամի արմատականորեն ու անշրջելիորեն հաղթահարելուն մասնակցության աստիճանի որակական ու քանակական առումներով ընդլայնումը: Եթե այդ խնդիրը մենք կարողանանք իրականացնել, ապա էական չի լինի իշխանավորի անձը: Էականն այն կլինի, որ մենք կունենանք ճգնաժամերը հաղթահարելու ունակ, լայն դիապազոն և բարդ արդյունքների արտադրությունն ու փոխանակությունը կորդինացնելու ունակություններ ունեցող իշխանություն: Այսինքն, կիրականացվի ոչ միայն վարչակարգի ուժային կառույցներում կենտրոնացված իշխանության ֆիզիկական ու նյութական ռեսուրսները, այլ` ողջ հասարակության, և հատկապես, նրա հոգեմտավոր ու մշակութային ռեսուրսները, ինչը զգալիորեն կհզորացնի պետությունը արտաքին քաղաքական առումով:
|