|
Աղասի Թադևոսյան 2009-04-20 Այն, որ անցյալ տարվա ռուս-վրացական պատերազմից հետո, Հարավային Կովկասում և տարածաշրջանում զգալիորեն ընկավ Վրաստանի դերը, ակնհայտ է: Դրան հաջորդեցին Հայաստանի դերակատարման բարձրացման հնարավորության մասին խոսակցությունները: Իսկ վերջերս էլ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման շուրջ միջազգային
լայն շահագրգռվածությունը թույլ է տալիս մտածել, որ Հայաստանը հայտնվել է միջազգային և տարածաշրջանային կարևոր երկրների ուշադրության կենտրոնում: Հավանաբար նպաստավոր գործոններից մեկն էլ այն է, որ ի տարբերություն Վրաստանի ու Ադրբեջանի Հայաստնն անմիջական սահմաններ չունի Ռուսաստանի հետ: Դա կարևոր դաս է օգոստոսյան պատերազմից, երբ Ռուսաստանն առանց վարանելու զորքերը մտցրեց Վրաստանի տարածք և հաշված ժամերի ընթացքում ի ցույց դրվեց Վրաստանի անզորությունը: Բայց դա չէ միայն էականը: Հայաստանն, ի տարբերություն Վրաստանի ու Ադրբեջանի, ռազմավարական այնպիսի դիրք ունի, որը չունի տարածաշրջանային և ոչ մի երկիր: Դա Թուրքիայի, Իրանի, Վրաստանի ու Ադրբեջանի հետ սահմանների առկայությունն է: Հետևաբար, եթե Հայաստանը կարողանա սեփական շահերը համապատասխանեցնել միջազգային և տարածաշրջանային երկրների շահերին և ամենակարևորը` ԱՄՆ շահերին, ապա ձեռք կբերի ռեգիոնալ կրևորագույն դերակատարի գործառույթ:
Իհարկե, սա շատ բարդ խնդիր է, այս ճանապարհին բազմաթիվ խոչընդոտներ կան: Մասնավորապես, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական փոխհարաբերությունների հարթոթյունում: Հավանաբար այս հիմնախնդիրը լավ հասկանում են նաև հարևան Ադրբեջանում և փորձում են խոչընդոտել հայ-թուրքական հարաբերությունների մերձեցմանը և, հատկապես, սահմանի բացմանը: Սակայն, միջազգային հանրությունը, կարծես թե, վճռականորեն է տրամադրված ինչպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված, այնպես էլ` հայ-ադրբեջանական: Այս առումով Հայաստանը հայտնվել է երկակի վիճակում, մի կողմից նա շահագրգռված է հայ-թուրքական սահմանի բացմամբ, մյուս կողմից ծանր է տանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանակներում զիջումների գնալու արևմտյան և ռուսական օրեցօր ուժեղացող ճնշումները: Այն, որ շատ հարցերում Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, կարծես թե, ընդհանուր շահեր են գտել, և որ դա վերաբերում է նաև այդ երկրների համար ընդհանուր վտանգ դիտվող չինական գործոնին, փորձագիտական դաշտում բազմիցս է շոշափվել:
Այս համատեքստում է դիտարկվում նաև ԱՄՆ-Իրան փոխհարաբերությունների փոփոխության և դրանում Ռուսաստանի հնարավոր դերակատարության խնդիրը: Այս ամենը նշանակում է, որ շախմատային այս արագ պարտիայի ընթացքում, որը ըստ ամենայնի ԱՄՆ-ը ձգտում է իրականացնել մինչև համաշխարհային տնտեսական ճգնաժամի ավարտը, Հայաստանում չպետք է լինեն ներքաղաքական լուրջ փոփոխություններ: Հատկապես, եթե հաշվի առնենք այն, որ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը առայժմ գործում է գերտերությունների նախատեսած սցենարի շրջանակներում: Այլ բան է, թե տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական իրավիճակի ձևավորումից հետո ինչպիսի խնդիրներ կդրվեն հայաստանյան իշխանությունների առջև և դրա լուծման մեջ որքան բարձր կլինի գործող իշխանության որակն ու ռեսուրսները: Որովհետև, եթե Հայաստանին տրվեց որոշակի դերակատարություն տարածաշրջանում, ապա դա ենթադրւմ է նաև երկրի ներքին կյանքում համապատասխան փոփոխություններ: Այնպիսիք, որոնք կբարձրացնեն Հայաստանի կոմպետենտությունը իրեն վերապահված գործառույթը անխափան ու հաջողությամբ իրագործելու համար:
Բնականաբար, դա չի բացառում նաև երկրում նոր իշխանությունների ձևավորման հնարավորությունը, ինչի համատեքստում բնական պետք է համարել Հայաստանի ներքաղաքական ներկայիս իրավիճակը: Տպավորությունն այնպիսին է, որ թե իշխանությունը և թե ընդդիմությունը (նկատի ունենք ՀԱԿ-ին և «Ժառանգությանը») Հայաստանում որոշակիորեն գործում են համարժեք արտաքին ազդակների ներքո: Ընդդիմությունն, իհարկե, գնահատում է տարածաշրջանում իրավիճակի փոփոխության հեռանկարները և ինչպես երևում է այդ ամենին քաջատեղյակ է Լ. Տեր-Պետրոսյանը, ով ի տարբերություն մնացած բոլորի իշխանափոխության շտապողականությամբ չի տառապում և Երևանի ավագանու առաջիկա ընտրություններից իշխանափոխության իրական ակնկալիքներ, կարծես թե չունի, սակայն ունի իր դիրքերն էլ ավելի ամրապնդելու և իր քաղաքական ռեսուրսի ամրապնդման խնդիրներ: Գնահատվելով որպես իրատես քաղաքական գործիչ` Լ.Տեր-Պետրոսյանը հավանաբար հասկանում է, որ արտաքին իրադրությունը նպաստավոր չէ իշխանափոխության համար:
Այս ամենով հանդերձ, իշխանություն-ընդդիմություն առկա փոխհարաբերություններում կա նաև մեկ այլ ասպեկտ, երբ արտաքին գործոնը բացառել չի կարելի: ՀՀ ներկա իշխանությունների առջև արտաքին դերակատարների կողմից դրված պայմանները իրականացնելու համար անհրաժեշտ են ոչ միայն արտաքին ճնշման գործիքներ, այլև` ներքին: Լինելով հմուտ քաղաքական գործիչ` Լևոն Տեր-Պետրոսյանը, կարելի է կարծել, գնահատում է արտաքին գործոնի այդ նշանակությունը ու հենց այդ պատճառով էլ որդեգրել է գլոբալ խաղացողների համար ՀՀ ներքաղաքական կյանքում գործոն լինելու մարտավարությունը` միաժամանակ չհակադրվելով նրանց կողմից բարձրացվող ԼՂՀ հիմնահարցին և հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցադրումներին և ներքաղաքական կյանքում անընդհատ ճնշման տակ պահելով Սերժ Սարգսյանին:
Իսկ քանի որ ցանկացած գործոն ունի իր գինը, չի կարելի բացառել, որ իր ներկա դերակատրության համար Լ.Տեր-Պետրոսյանը հետագայում ակնկալում է որոշակի «պարգևավճարներ»: Ասվածի ֆոնին, մնում է եզրակացնել, որ առաջիկա ընտրությունը չնայած չի հանգեցնի իշխանափոխության, սակայն զգալիորեն կարող է ազդել Հայաստանի «ներքաղաքական քարտեզի» և ուժերի հարաբերակցության ձևափոխման վրա: Ի դեպ, Լ.Տեր-Պետրասյանի համար չափազանց ձեռնտու է Սերժ Սարգսյանի ձեռքով արտաքին քաղաքական այնպիսի կնճռոտ հարցերի լուծումը, ինչպիսիք ԼՂՀ հիմնահարցն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
Այնպես, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը, կարծես թե, առայժմ ձեռնտու է նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանին:
|