|
Հրանտ Տեր-Աբրահամյան 2008-05-22
Միանգամից ասեմ, որ չունեմ այս հարցի հստակ պատասխանը, բայց հարցադրումն առանցքային է, վերաբորող բոլոր հայերին, նաև` անձամբ ինձ։ Ինչո՞ւ հատկապես ինձ։ Իմ ազգանունից հեշտ է կռահել ` քահանաների սերնդից եմ: Պապիս հայրը 1915 թ. 20 տարին չլրացրած էրզրումցի մի երիտասարդ էր, զինակոչված օսմանական բանակ: Մի խումբ ընկերների հետ նրան հաջողվում է փախչել դեպի Կովկաս։ Այդ մարդու անուն ազգանունը ճիշտ իմ անուն-ազգանունն է` Հրանտ Տեր-Աբրահամյան: Մեծ գերդաստանից ինքն ու իր երեք եղբայրներն են միայն փրկվել։
Ըստ ընտանեկան ավանդույթի` նա ևս պետք է դառնար քահանա, տիրապետում էր գրաբարին և լավ գիտեր Աստվածաշունչը։ Բայց նա չդարձավ հոգևորական` ոչ միայն որովհետև ապրեց սովետական Հայաստանում, ուր քահանա լինելը չէր խրախուսվում, այլ` որովհետև 1915-ից հետո նա այլևս չհավատած Աստծո գոյությանը։ «Եթե Աստված լիներ, Եղեռնը չէր կարող լիներ»` սա էր նրա վճռական եզրահանգումը, և նախկին տերտերացուն վերածվեց ոսկերիչ ուստա Հրանտի։ Եվ հիմա, տարիներ անց այս հարցը չի կարող չգալ չբախվել ինձ, որովհետև երբ այցելում եմ նրա գերեզմանը և գերեզմանաքարի վրա կարդում` Հրանտ Տեր-Աբրահամյան, յուրօրինակ զգացումներ են լինում։ Այս հարցը չէր կարող բախվել նրա որդուն` իմ պապին, որովհետև նա իր սերնդի մասն էր` Կոմկուսի նվիրյալ անդամ, սովետական կայսրության սպա և գործ չուներ այդպիսի հարցերի հետ։ Ծնողներիս սերունդի կյանքն իր հերթին` հակադրություն էր իրենց կոմունիստ ծնողների արժեքներին: Նրանք ևս չպիտի խորանային այս հարցադրման մեջ։ Նրանց համար Աստված կա, թեկուզ այն պատճառով, որ դա հակառակ է Կոմունիստական մանիֆեստի դրույթներին։ Բայց այդ հարցը ոչ մի տեղ չի կարող կորել և, շրջանցելով երկու սերունդ, նորից գալիս կանգնում է իմ առջև, և բոլոր ոչ կոնֆլիկտային պատասխանները ընդամենը փախուստ են իրականությունից։ Ես կամ պետք է համաձայնվեմ նախապապիս հետ, կամ, չհամաձայնվելու դեպքում, իրավունք չունեմ պատասխանելու` «ինչպես է հնարավոր Աստված» հին ձևով: Այնպես, ինչպես մինչև 15 թվականը, քանի որ այդ հին պատասխանի փաստարկումը հիմնովին հերքվել էր առաջին Հրանտի Տեր-Աբրահամյանի կողմից։ «Աստված մահացավ»` նիցշեական այս տեսական պնդումը, որն ամբողջ մի ժամանակաշրջանի ն ախտանիշ էր և որի գիտակցումը հոգեբուժարան հասցրեց դրա հեղինակին, Նիցշեից ընդամենը 20 տարի անց առանց որևէ տեսության, ուղղակի սեփական կենսափորձից բխեցրեց նախապապիս սերունդը, և նրանցից շատերի համար էլ այն հոգեբուժարանի ճանապարհ հարթեց։ Հարցն այն չէ միայն, թե ինչպես հավատալ Աստծոն, այլ` ի՞նչ իրավունքով։ Հնարավոր չէ, կեղծ է շարունակել նույն կերպ հավատալ Աստծոն, ասես 15 թվականը չի եղել` ջնջելով մի ամբողջ սերնդի փորձ։ Դա նշանակում է աչք փակել, փախչել իրականությունից։ Բայց հարցի շրջանակաները պետք է մեկնաբանել և ավելի լայնացնել, որովհետև աթեիստներին, այսինք`ն Աստծո գոյությունը ժխտողներին, սա չի վերաբերում։ Աթեիզմն այստեղ ոչ մի կապ չունի։ Աթեիզմը ժխտում է ընդամենը մեր Աստծուն, բայց աշխարհիկ Աստծուն, այսինքն` բոլոր այն աշխարհիկ գաղափարները և արխետիպերը, որոնք պատմական և փիլիսոփայական ծագումնաբանության տեսակետից բխում են Աստծո գաղափարից, աթեիզմը բնավ էլ չի ժխտում։ Այն որ աշխարհիկ բազմաթիվ գաղափարներ և պատկերացումներ ընդամենը Ատծո գաղափարի արտահայտություններ են, կարելի է համոզվել, թեկուզ նույն Նիցշեի վերլուծությանը հետևելով։ Այս իմաստով մեր հարցադրումը նշանակում է նաև. ինչպե՞ս է հնարավոր հավատալ` արդարությանը, բնական և գիտական օրինաչափություններին, տիեզերական-բնական և սոցիալական կարգ ու կանոնին, մարդկային ես-ին և անհատականության գաղափարին, բանականությանը, տրամաբանությանը, ազատությանը, ազատ կամքին, ճշմարտությանը, իմաստին և այլն և այլն։ Գաղափարներ, որոնք բոլորն էլ թեև աշխարհիկացված, բայց անմիջականորեն բխում են Աստծո մասին (առնվազն) քրիստոնեական, իսկ իրականում` հին հունական փիլիսոփայության պատկերացումներից։ Իրականում բերած շարքը գրեթե անվերջ է, և դրան կարող ենք ավելացնել ցանկացած գաղափար, հասկացողություն, որն իր հիմքում ունի կենտրոնի մասին պատկերացում, կամ որևէ աստիճանակարգ է ենթադրում, առհասարակ ունի կառուցվածք: Ասենք` հայրենիք, պատմություն, գիտություն, պետություն, նույնիսկ` ուղղակի տեքստ։ Օրինակ` ինչպե՞ս է հնարավոր հենց այս տեսքտը 1915-ից հետո։ Եթե այս վերջին հարցադրումը չափազանցություն կամ անհամություն է թվում` նորից վերցրեք Նիցշեի օրինակը, ով «Աստծո մահի» հռչակումից հետո փորձեց ստեղծել մի տեքստ, ուր պետք է դեկոնստրուկցիայի ենթարկեր Աստծո գաղափարից բխեցվող` ես-ի, ազատության, կամքի, սուբյեկտի և այլն նման գաղափարներ, բայց այդ տեսքտն ի վերջո փշրվեց, կտոր-կտոր եղավ, չամբաղջացավ` հեղինակի ես-ի փլուզմանը զուգահեռ։ Երբ ասում ենք` «Աստված չկա» և կես ճանապարհին կանգ չենք առնում, այլ միտքը մինչև վերջ ենք մտածում, ապա պետք է հանգենք մի կետի, որտեղ ժխտվում է մարդկային ես-ը, առնվազն այն ձևով, ինչպես որ դա արևմտյան մեր մշակույթում է պատկերացվում և որն այնքան առօրեական ու պարզ է մեր համար, որ երբեք չենք էլ մտածում, որ դա ի վերջո մի կառուցվածք է, մի կոնստրուկտ, մի մտային պատկեր, որը կարող է և չլինի, կամ լինի միանգմայն այլ ձևով։ Քրիստոնեական-նորպլատոնական աստվածաբանության մեջ մարդկային ես-ի մասին այդ պատկերացումն ուղիղ պրոեկցիա է Աստծո մասին ձևակերպումներից, որի ատրիբուտներն են` ազատ կամք, արարչականություն, բանականության և գիտակցության գերիշխանություն, անկրկնելիություն, եզակիություն։ Այլ կերպ ասած` եթե չկա Աստված, ուրեմն չկա և Հրանտը։ Որովհետև ի՞նչ է այդ Հրանտը, եթե ոչ զուտ պայմանական մի մտապատկեր, որը շոշափել, կամ որևէ այլ զգայարանով ֆիքսել հնարավոր չէ: Չէ՞ որ մարմինը, որի կրողն է այդ Հրանտը և որի հետ նա սովոր է իրեն նույնացնել, իրականում միանգամայն անտարբեր է իր Հրանտ, թե Հրաչ լինելուն։ Հրանտը որևէ կապ չունի այդ մարմնի ֆիզիոլոգիական գոյության հետ։ Եվ ահա, ուրեմն, պատահական չէ, որ հայոց ցեղասպանության խորհրդանիշը հենց Կոմիտաս վարդապետն է դառնում, մարդ, որի ես-ը չդիմացավ, փլուզվեց այն բանից հետո, երբ ամբողջ մի սերունդ հարցրեց` «ո՞ւր է Աստված, եթե այսպես կարող է լինել»։ Եվ ի դեպ, այս իրադրությունը արդեն կանխագուշակված էր 1915-ից մի քանի տարի առաջ գրված` Վարուժանի «Հայհոյանքը» բանաստեղծության մեջ, ուր նկարագրվում է լեռներում ջարդից ապաստանած մի ծեր կին, ով աղետի վերապրումի ազդեցության տակ հրաժարվում է Աստծուց։ Մեր բուն հարցադրումը գնալով հստականում է, բայց և միաժամանակ լայնանում։ Այժմ այն կարող է վերաձևակերպվել հետևյալ կերպ` հայությունը ինչպե՞ս կարողացավ նույնը մնալ 1915-ից հետո` չվերարժեքավորելով իր նախկին պատկերացումները։ Այս ձևակերպումը, կարող է արհեստական թվալ։ Բայց կարծում ենք, որ ուշադիր քննության դեպքում կարող է պարզվել, որ հայկական աշխարհընկալման ոչ մի կարևոր տարր էական փոփոխության չի ենթարկվել Մեծ Աղետից հետո: Նույնիսկ եթե վերցնենք ամենապարզունակ, այսպես ասած` աշխարհաքաղաքական տարրը: Օրինակ, ցեղասպանության միջազգային ճանաչման ռազմավարությունը և դրանում ՀՀ ներգրավվումը հիմքում մոտավորապես նույն տրամաբանությունն ունի, ինչ ցեղասպանությունից առաջ էր, և որն ի վերջո հանգեցրեց հենց նույն ցեղասպանությանը։ Ստացվում է փակ շղթա։ Հայկական «Աստվածը» նույնն է մնում, չնայած թվում է, որ այն պետք է կամ առհասարակ ժխտվեր, կամ նրա գոյությունը պետք է միանգամայն նոր կերպով վերաիմաստավորվեր։ Բայց լավագույն դեպքում, դա այդպես է եղել միայն Եղեռնը վերապրածների սերնդի համար, կամ էլ մյուս սերունդների առանձին հատ ու կենտ անհատների համար։ Ինքը` Եղեռնը, մեզ մոտ, թերևս, չի իմաստավորվել իր խորքային չափումներով, նշանակում է` միաժամանակ և փիլիսոփայական և մարդկային-առօրեական մակարդակներով։ Փիլիսոփայականն այս համատեքստում չի նշանակում վերացական, կամ միստիֆիկացված-սպեկուլյատիվ. հակառակը` փոիլիսոփայության նյութը տվյալ դեպքում այնպիսին է, որ իմաստակության կարիք չունի։ Այդ իսկ պատճառով փիլիսոփայությունն այստեղ պարադոքսալ կերպով համընկնում է փաստագրության կամ ժամանակագրության հետ։ Այս վերջին մտքերը ծագեցին Երվանդ Օտյանի «Անիծյալ տարիները» հուշագրությունը կարդալուց։ Սա եզակի մի հրապարակում է` նվիրված Եղեռնի տարիներին, ուր տրված է ոչ թե ցեղասպանության վիպասանությունը (ինչպես նշում է հեղինակը` չի կարելի գեղարվեստականացնել այն, ինչն առանց այդ էլ ինքնին անհավատալի ու սարսափելի է), այլ դրա առօրյան: Սարսափի ու մղձավանջի հետ նույնտեղ այստեղ այդ տարիների իրականության այնպիսի տարրեր են ներկայացված, որոնք Եղեռնի մասին սովորական դարձած կլիշեների տեսակետից գրեթե սրբապղծություն են. ընդհուպ մինչև «զավեշտալի մի քանի դեպքեր», կամ կուրյոզային այնպիսի փաստեր, ինչպիսիք են Դեր Զորում աքսորյալ հայերի կողմից առաջին լուսանկարչատան բացումը։ Եվ հետաքրքիր է, որ գրքի նախաբանը, որը գրված է ժամանակակից գիտկանանի կողմից, ճիշտ հակառակն է օտյանական վկայագրման ոճին։ Այդ նախաբանը (ճիշտ է` այն շահեկանորեն տարբերվում է սովետահայ դպրոցի պատմաբանների ոճից) բուն օտյանական տեքստի ակնհայտ ու հերթական մի կեղծում է, միստիֆիկացիա, թեմայի ջրիկացում։ Վերադառնանք մեզ մոտ ցեղասպանության իմաստավորման խնդրին։ Դա ակնհայտորեն գերքաղաքականացած մի իմաստավորում է, ինչն իրականում ստեղծում է սարսափելի գռեհկացում և մակերեսայնություն։ Կարծես թե, գոնե Արևելյան Հայաստանում թեմայի իմաստավորման բարձրակետը Սևակի «Անլռելի զանգակատունն է»։ Համենայն դեպս թվում է, թե ցեղասպանության ընկալումը մեզ մոտ մինչ այժմ գերազանցապես Սևակի ազդեցության տակ է։ Մինչդեռ այստեղ պարադոքսը հենց այն բանում է, որ Սևակը, լինելով պոետ, զարմանալիորեն գրեթե զուտ հրապարակախոսական և քաղաքական ձևով է բացում թեման, այն էլ` սովետական հրապարակախոսությանը բնորոշ թերիներով։ Սա, անշուշտ, լիովին ընդունելի է` 60-ական թթ-ի համատեքստը հաշվի առնելով, բայց, կարծում ենք, ներելի չէ այն, որ մինչ այժմ այս ընկալումից ավելի առաջ քայլ չի արվել, դեռ մի բան էլ ավելի է պրիմիտիվացվել` շնորհիվ ցեղասպանության այսպես ասած հեռուստականացման, որով սարսափի կադրերը մտնում են սենյկաում նստած ու թեյ խմող մարդկանց տներ։ Ես չեմ ուզում այս հոդվածը հաստատող որևէ դրույթով ավարտել, քանի որ այն ընդամենը մի էսքիզ էր, որից ստիպաղաբար բաց թողեցինք բազմաթիվ հիմնավորումներ և թեմայի ճյուղավորումներ։ Ավելին` կնախընտրեի այս նյութն ավարտել սկզբնական հարցի մի նոր ձևակարպմամբ, որն առաջին հայացքից սկզբնականի հակապատկերն է` կարո՞ղ է արդյոք պարզվել, որ «հայկական Աստվածը», կամ Աստծո ընկալման հայկական կերպը ինչ որ մի պահից վերածվել էր կեղծիքի արդեն մինչև 15 թ-ը, և ուրեմն, հավատքի կորուստը ոչ թե ցեղասպանության հետևանքն էր, այլ հակառակը` ցեղասպանությունն ինքն էր Աստծո կորուստի հետևանք, և նշան, հիշեցում Աստծո գոյության մասին։ Այս նոր ձևակերպումից էլ, կամ որևէ մի այլ կետից մի օր գուցե շարունակենք թեման։ |
Կա մի այլ թյուր կարծիք, իբր, հայերը անհատապաշտ են ու այդ պատճառով հայ հասարակությունը էսպես անկապ ու անկազմակերպ է... Իհարկե ես հանդիպել եմ մի քանի իրոք անհատապաշտների, բայց նրանք էնքան փոր մաս են կազմում, որ պարզապես կարելի է անտեսել: Մենք հայերս` էդ պատճառով մնացել ենք տոտեմիզմի մակարդակին:
Նյութը շա-ատ տարողունակ է հետևաբար էս "նոտայ"-ի վրա կանգ կառնեմ... Եթե պակասեցնենք եսակենտրոն գլուխգովանությունը ու սկսենք իսկապես մտածել ինչպես սույն հոդվածի հեղինակը միգուցե մի բան փոխվի...