ՕՐՎԱ ԹԵՄԱ

Ամոթխած ընդդիմություն

«Նախկին իշխանավորների» կուսակցության  պարագայում տրամաբանությունն այլ է՝ նախկին իշխանավորը չունի որևէ այլ խնդիր, քան սեփական անձը իշխանության համակարգ վերադարձնելն է:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

Մեր զարգացման երաշխիքը փոխակերպումն է

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագումարում.  09 նոյեմբերի, 2011

 
Ես ամենևին հեղափոխություն կամ ապստամբություն նկատի չունեմ

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. սեպտեմբերի 9-ի հանրահավաքում

 
Քաղաքականությունը և քաղաքը Print E-mail

Աղասի Թադևոսյան    2009-07-29

 

Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում ամռանը հայտնվում է իրեն բնորոշ թմբիրի մեջ: Դա երկրի բնակլիմայական պայմաններից է: Ատակարգ բան չկա: Եղանակը տաքանում է, մարդիկ փախնում են շոգից, խուսափում ցերեկները փողոց դուրս գալուց, մեկը մյուսին հանդիպելուց, մտքերն ավելի թույլ են շրջանառվում և դրանից դառնում ավելի անիմաստ ու հոգնեցնող: Շատերն էլ դառնում են ալարկոտ, քնատ ու դանդաղկոտ:
Եվ ստացվում է, որ Հայաստանում  ներքաղաքական իրավիճակի ակտիվությունը պայմանավորված է ոչ այնքան քաղաքական գործընթացներով, որքան քաղաքականությամբ զբաղվողների ֆիզիոլոգիական պահանջմունքներով:

 


Քաղաքականությունն էլ Հայաստանում մի տեսակ այլ բան է, քան իրականում պետք է լիներ: Իրականում քաղաքականությունը վերաբերում է պետական ու հասարակական կարգին, կառավարման ու զարգացման մարտավարություններին ու ռազմավարությանը:

 


Բայց Հայաստանի պարագայում, ըստ էության, քաղաքականությամբ զբաղվում են մի կողմից` նրանք, ովքեր պետությունն ընկալում են որպես պրիմիտիվ և արտոնյալ կարգով առևտրով զբաղվելու միջավայր ու խմբակային գործիք և, մյուս կողմից` նրանք, ովքեր քննադատում են առաջիններին, հայհոյում և ժողովրդին հրահրում՝ իրենց օգնելու իշխանությունը դրանցից խլելու համար: Թե իշխանությունը մյուսի ձեռքից խլելու դեպքում ինչ կլինի, մարդիկ առանձնապես դրա մեջ չեն խորանում, քանի որ նրանց ոգևորում է իշխանափոխության ծիսականությունը և  ինքնախաբկանքը:

 


Տոներն ու տոնակատարությունը կորցրած ժողովրդի հոգեվիճակ է, երբ քաղաքականությունը վեր է ածվում տոնի և կորցնում իր նպատակը:

 

Իսկ նրանք, ովքեր ձգտում են իշխանության հստակ գիտեն, որ հետո գալու է հարստանալու ու հաբռգելու իրենց հերթը:

 

Իսկ մեծամասնությունը կմնա ինչպես միշտ, դժգոհ ու աղքատ, այն պարզ պատճառով, որ չի գիտակցում իր շահն այնքան հստակ, որ քաղաքական կոչվող շարժումների ընթացքում անձամբ իր շարժումը հիմնավորի ու իմաստավորի իր շահով:

 


Սա այն է ինչ Հայաստանում անվանվում է ներքաղաքական իրավիճակ և որը ամառները մեռնում է, քանի որ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը քաղաքական չէ: Եվ սա, այսինքն՝ ներքաղաքական կյանքի քաղաքականացումը, ներկայիս ամենալուրջ խնդիրն է, որն իրականացնելու շահագրգիռ ուժ առայժմ, կարծես թե, հորիզոնում չի էլ ուրվագծվում:

 


Օրեր առաջ, Ղարաբաղից Հայաստան ներգաղթած նախկին զինվորական հրամանատարներից մեկին հարցրել էին, թե ինչու են իր պետության բոլոր առաջատար դեմքերն այսօր գաղթել Հայաստան: Պատասխանն առավել քան ցնցող էր. «բոլոր կենտրոնական իրադարձությունները տեղի են ունենում Հայաստանում և եթե ուզում ես մասնակցել քաղաքականությանը, ապա պետք է տեղափոխվել այստեղ»: Իսկ եթե, օրինակ, բոլոր կենտրոնական իրադարձությունները տեղի ունենային Ռուսաստանում, ապա պետք էր լքել Ղարաբաղը և հիմնավորվել Ռուսաստանու՞մ: Նման պարագայում, կարծում եմ, ամենալավ ընտրությունը Նյու-Յորքն է կամ Վաշինգթոնը, իսկ ավելի լավ է՝ Լոսը:

 


Առաջին հայացքից, հատկապես պրագմատիկ մտածողության տեսանկյունից, դա իհարկե արդարացվում է: Սակայն, այդ ինչպես պետք է Ղարաբաղում կերտվի անկախ պետականություն, եթե նրա բոլոր առաջատար գործիչները թողնում հեռանում են Հայաստան: Այդ ով պետք է այնտեղ քաղաքականությամբ զբաղվի: Չէ որ առանց այդ քաղաքականության Ղարաբաղը երբեք անկախ պետություն չի դառնա, այլ կմնա կամ Հայաստանի ծայրագավառներից մեկը, կամ` Ադրբեջանի:

Սակայն մյուս կողմից էլ, հասկանալով թե որտեղ են նման մարդկանց իրական շահերը, պարզ է դառնում, որ Ղարաբաղում էլ քաղաքականությունը ընկալվում է նույն կերպ, ինչ` Հայաստանում: Պետությունը, փաստորեն, հայաստանաղարաբաղյան պրագմատիկ վերնախավի կողմից ունի ընկալման մեկ ձև` անձնական եկամուտ ապահովող միջոց: Եվ որ ամանաէականն է, այդ պետության մեջ չի երևում արարող ու ստեղծագործ մարդը:

 


Մեր ժողովուրդը մի խոսք ունի և դա ասված է հենց մեր հայկական իրողությունները բնութագրելու ու հաշվի առնելու համար:

 

Ասում են. «գյուղացու գլուխը որքան էլ եփես, ականջները հում են մնում»:

 

Այն, որ այսօր Հայաստանը դարձել է ծայրահեղ գավառային մենթալիտետ կրող խմբակային հոգեբանություն ու աշխարհընկալում ունեցող անձանց պրիմիտիվ առևտրով զբաղվելու գերակայության գերին, դա նրանից է, որ այսօր քաղաքականությամբ զբաղվողների մեծամասնության «ականջները հում են մնացել» և նրանցից շատերը Հայաստան պետությունը ընկալում են բացառապես իրենց ազգարյունակցական ցեղի կամ կլանի «նաղդ փողով» եկամտի պարզ հաշվարկների կոնտեքստում:

 


Բարձր տեխնոլոգիաներ կամ պոստինդուստրիալ հասարակություն տերմիններն էլ նրանք ընկալում են իրենց դուքանային հաշվարկների տեսանկյունից: Այսինքն, եթե «մեջը նաղդ քյար կա» թող լինի, իսկ եթե ոչ … «գիտնականն ով ա ախպեր, հարյուր հատ ըտենց գիտնական կտանեմ ծով, ծարավ հետ կբերեմ»: Ու ճիշտ է ասում պրիմիտիվ ու վուլգար գավառացին, քանի որ իր ստեղծած երկրում գերակա արժեքներն այլ են՝ բռնություն, նաղդ և նման այլ բաներ: Եվ այստեղ քաղաքականություն չի կարող լինել, այստեղ հարցերը լուծվում են զոռբայությամբ:

 

Եվ եթե քո կրթական ու մշակութային կապիտալի որակը թույլ չի տալիս իջնել մարդկության զարգացման տոհմատիրական ու ցեղային հարթություն, քեզ կստիպեն կամ հանուն գոյատևման իջնել, կամ գաղթել Հայաստանից քո նման «տուֆտա» եվրոպացիների երկիր: 

 

Չնայած՝  այստեղ էլ բաշարող հայ տղերքը գողություն են անում ու ծիծաղում այդ «հարիֆների» վրա, որ դրանք չեն «ջոկում» իրենց շուստրիությունները:

 


Օրերս, աշխատանքի բերումով վերընթերցում էի 19-րդ դարի հայկական գյուղական ու ազգակցական համայնքներին վերաբերող ազգագրական գրականություն:

 

Հայկական համայնքը մինչխորհրդային շրջանում բավական ինքնակազմակերպված կառույց է եղել` իր փոխօգնության ձևերով: Բայց իշխանությունն այդ համայնքներում եղել է այսպես կոչված «զոռբաների» ձեռքում: «Զոռբաները» մեկ կամ երկու ընտանիք են եղել, ովքեր քանակով ամենից շատ և ֆիզիկապես ուժեղ տղամարդիկ են ունեցել:

 

Նրանք իրենց դիրքին հասել են պարզապես ֆիզիկական բռի ուժի գործադրմամբ իրենց առավելությունը շեշտելու և մյուսներին վախի մեջ պահելու միջոցով: Իհարկե, կարելի է ասել, որ դա է թելադրում պրագմատիզմը: Չհամաձայնվել չի կարելի, բայց եկեք խոստովանենք նաև, որ դա քաղաքականություն չէ:

 


Քաղաքականությունն ավելի բարձր դիապազոնի երևույթ է և այն առաջանում է քաղաքում, երբ տարբերությունները ծնում են բազմազանություն և այդ բազմազանության հանդեպ ոչ միայն հանդուրժողականության, այլ նաև  այն ընկալելու ու գնահատելու ունակություններ: Սա իր հերթին մարդկանց պահանջմունքները կենսաբանական առաջնային կարիքների մակարդակից բարձրացնում է ավելի վեր և ի հայտ են գալիս առավել դիֆերենցված, ոչ միայն կենսական բնույթի առաջնային, այլ նաև բարձր դիապազոնի մտավոր, հոգևոր և գեղագիտական այնպիսի պահանջմունքներ, որոնք պարզապես հնարավոր չէ բավարարել գավառային միաչափության ու սահմանափակության պայմաններում (ծանոթացեք «Մասլոուի բուրգին»):

 


Իսկ, եթե մարդն ինկուլտուրացվել է այդ միջավայրում, ապա նա չի կարող նաև դառնալ քաղաքական գործիչ, մինչև ադապտացման այն փուլ, երբ նրա մոտ ձևավորված մարդկային կապիտալի ու մշակութային դիապազոնի որակները թույլ կտան հաղթահարել «ականջները հում մնալու» պրոբլեմը: Չի կարող մասնակցել, որովհետև քաղաքականությունը առաջին հերթին խոսքի ու մտքի փոխանակման ոլորտ է, և եթե մարդը չի տիրապետում անհրաժեշտ բազմաչափության, նա քաղաքականության մասշտաբները հարմարեցնում է իր՝ թաղային, բակային, գյուղական կամ ցեղային դիապազոնին: Մի իրավիճակ, ինչը խորանալու ու երկար շարունակվելու դեպքում մեզ բոլորիս կկանգնեցնի պետականությունը կորցնելու վտանգի առջև:

 


Իսկ, որ դա խորանում է, արդեն իսկ նկատելի է պետական բարձրագույն պաշտոնները, Հայաստանի քաղաքապետերի (հատկապես հանրապետության երկրորդ քաղաք Գյումրիի) և ԱԺ պատգամավորական աթոռները զբաղեցնող անձանց կրթական ու մշակութային ընկալունակության որակներից:

 

  
Հայաստանի ներկայիս ներքաղաքական ճգնաժամն առաջին հերթին մշակութաբանական ու մարդաբանական հիքեր ունի: Խոսքս ոչ թե ֆիզիկական, այլ սոցիալմշակութային մարդաբանությանն է վերաբերում: Ներկայումս հայկական այսպես կոչված վերնախավի մշակութային դիապազոնի վերին սահմանները շատ նեղ են և ընկալունակ չեն ոչ միայն համամարդկային, այլ նաև հայկական ժողովրդական մշակույթի բարձրարժեք  երևույթների հանդեպ:

 

Պատահական չէ, որ հայկական այսպես կոչված շոու-բիզնեսն այսօր, գործելով զանգվածային մշակույթին բնորոշ կանոններով, զբաղված է ժողովրդական մշակույթի պարզունակացմամբ և դրա շատ տարրեր իջեցվում են մինչև ինստիկտիվ զգայականության ընկալունակության մակարդակ:

 

Նույնը քաղաքականության մեջ է. դասական իմաստով քաղաքականության փոխարեն ունենք պոպ-  և անգամ գլամուրային քաղաքականություն: Ի դեպ, այս երկրորդն արդեն վերջին մի քանի տարիների «նվաճումն» է:

 


Խոսքը վերաբերում է ոչ միայն այսպես կոչված «վլաստ» ունեցողների վերնախավի սոցիալմշակութային մարդաբանական տեսակին, այլ նաև քաղաքական դաշտում դրանց վերարտադրվելու հնարավորություն տվող, հիմնականում գավառական միաչափ աշխարհընկալմամբ բնորոշվող մարդկանց, ովքեր, ապրելով նույնիսկ քաղաքում, շարունակում են դեռևս առաջնորդվել ազգարյունակցական, թաղային, կրիմինալ-խմբակային և հասարակական նմանատիպ այլ պրիմիտիվ միավորների կարգուկանոնով:  

 


Հայաստանում ներքաղաքական պայքարի գլխավոր նպատակն իշխանության փոփոխությունը չէ, այլ` մշակութային ու սոցիալ-մարդաբանական հեղափոխություն իրականացնելը: Մեր մեջի միաչափ  տեսակի հեգեմոնիան բազմաչափով փոխարինելը ամենառանցքային քաղաքական խնդիրն է, որից կախված է Հայաստանի ապագան: Քաղաքականությամբ պետք է զբաղվի մեր ազգի քաղաքային տեսակը: Իսկ ներքաղաքական ներկա ճգնաժամի հաղթահարման հիմնարար ուղին հասարակության մեջ քաղաքականությամբ զբաղվելու պահանջներն ու չափանիշները փոխելն է:

 

Այն օրվանից, երբ ոչ միայն քաղաքի, այլ նաև գավառի ժողովուրդը հասկանա, որ քաղաքականությամբ պետք է զբաղվի քաղաքը և կամընտրական սկզբունքով երկիրը ղեկավարելու նախաձեռնությունը թողնի նրան, Հայաստանի ներքաղաքական կյանքում ամառային պասիվությունը կհաղթահարի իր կենսաբանական էությունը: 

 
 

ՏԵՍԱԿԵՏ

Լեզու ու խոսք

Այստեղ արդեն միանգամից պարզ է դառնում երկրորդ հարցի պատասխանը` ի՞նչ ենք ասելու: Ասելու ենք այն, ինչ ուզում ենք ասել մեր հարազատներին, ընկերներին ու ծանոթներին, զրուցել նրանց հետ, բանավեճի մեջ մտնել, փորձել միասին նոր մի բան ստեղծել:

 
Ազատության և անազատության սահմանը

Այս խմբի անդամ լինելով` մարդը ոչ միայն ազատ էր, այլ նաև անձնավորություն, ով որպես այդպիսին ճանաչվում էր յուրայինների կողմից, և այսպիսով ինքն էլ յուրային էր