|

Եվրատեսիլ 2009-ի այս տարվա մրցույթին Վրաստանը ներկայացնող Stefane & 3G խմբի ներկայացրած «We don’t wanna Put in» երգը, որի «Մենք չենք ուզում դնել» բառացի իմաստը բառախաղի արդյունքում ստանում է «Մենք չենք ուզում Պուտինին» հնչողությունը: Խմբի անդամները խոստովանել են, որ իրենք դա միտումնավոր են արել` ընդդեմ Ռուսաստանի քաղաքականության: Օրերս նաև Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլին համաշխարհային տնտեսական ճգնաժամի առիթով նկատել էր, որ Հայաստանի ֆինանսատնտեսական ոլորտի ցնցումները պայմանավորված են ռուսաստանյան տնտեսությունից կախվածության գործոնով:
Վրացական մի շարք քաղաքական գործիչներ էլ քննադատեցին Մ. Սահակաշվիլուն «բարեկամ» Հայաստանի հասցեին ոչ կոռեկտ արտահայտվելու համար: Նախ նշեմ, որ Հայաստանին «բարեկամ» անվանող վրացի գործիչները զբաղված են դեմոգոգիայով: Իսկ Մ. Սահակաշվիլին, եթե նույնիսկ խախտել է քաղաքական էթիկայի նորմերը, համենայն դեպս ասել է իր կարծիքն անկեղծ, գուցեև նպատակ ունենալով սթափեցնել ռուսական արջի հովանու տակ խաբուսիկ ապահովության զգացումի թմբիրի մեջ գտնվող հայ հանրության գոնե այն շրջանակներին, ովքեր ի վիճակի են սթափվել: Հայաստանը Եվրատեսիլ-ում պետք է ներկայացնեն Անուշ և Ինգա Արշակյան քույրերը: Որքան հասկանում եմ` հայկական ժողովրդականը արևելյան էկզոտիզմով համեմված ինչ-որ մի երգով, որը որոշների կարծիքով նաև մի քիչ էլ հնդկականի է ձգում: Մարտի 8-ի կապակցությամբ Հանրային հեռուսատալիքով Արտակ Ալեքսանյանի պատրաստած «Հատուկ ռեպորտաժ» խորագրով հաղորդման մեջ, որտեղ խոսվում էր նաև կարմիր խնձորի ավանդույթի ժամանակավրեպության մասին, քույրերի կարծիքն այն էր, որ իրենք, լինելով հայուհիներ, անհարմար են համարում այդ հարցի մասին կարծիք հայտնել: Սա, իմիջիայլոց, «Եվրատեսիլ 2009»-ի Վրաստանի ու մեր մասնակիցների աշխարհընկալման տարբերության առիթով: Իհարկե քաղաքականությունը ազդում է մշակույթի, հատկապես պոպ մշակույթի վրա, բայց լավ կլիներ մի օր էլ Հայաստանից մի այնպիսի խումբ կամ երգիչ դուրս գար Եվրատեսիլ, ում աշխարհընկալման դրսևումներում նկատելի կլիներ եվրոպական քաղաքակրթությանը ինտեգրվելու միտումը: Իսկ դա առաջին հերթին ազատատենչությունն է: |