Ամոթխած ընդդիմություն Print E-mail
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ


Զրոյականների սկիզբն էր, ընդդիմադիրի համարում ունեցող կուսակցություններից մեկի լիդերների հետ բարեկամական-ընկերական զրույցի ընթացքում Սատանան դրդեց (ինձ) իրավիճակին (լավ եմ հիշում, ընդիմադիր լինելու պաթոսի մթանոլորտ էր) ոչ այնքան հարիր մի միտք հայտնել, թե՝ տվյալ կուակցությունը ոչ թե նախորդ իշխանության կուսակցություն է, այլ՝ նախկին իշխանավորների: Դրանից հետո մեր զրույցը շատ արագ սառեց ու հետո էլ ավարտվեց՝ զրուցակիցներս հաստատապես նեղվել էին ասածիցս:


Իսկ դրա իմաստն ավելի քան թափանցիկ է՝ նախկին իշխանություն ներկայացնող կուսակցությունը որպես կանոն ընդդիմություն է՝ հասկացության կանոնական քաղաքական մեկնաբանություններով. քննադատում է գործող իշանությանը, նոր ծրագրեր է ստեղծում ու հանրայնացնում դրանք, նոր ծրագրերին ու խնդիրներին ռելևանտ նոր ֆիգուրներ է առաջին պլան բերում՝ սեփական դինամիզմը ցուցադրելու ու կուսակցության համար նոր կերպար ձևավորելու խնդրով, քաղաքական ակտիվություններ է իրականացնում ու անընդհատ փորձում կապիտալացնել դրանք՝ նոր ընտրություններին ընդառաջ բարենպաստ հարթակներ նախապատրաստելով: Այլ ձևով ասած՝ շարունակելով մնալ երկրի պետաիրավական ու քաղաքական նախագծերի շրջանակներում (ինչն առաջին հերթին պատասխանատվություն է ենթադրում), կուսակցությունը «քաղաքականություն է ստեղծում»՝ այն հաշվով, որ իրեն փոխարինած «նորը» հնարավորիս կարճ մի ժամանակահատվածում ընկալվի որպես «հին»՝  դրանից բխող պետաիրավական ու քաղաքական բոլոր հետևանքներով:

 


«Նախկին իշխանավորների» կուսակցության  պարագայում տրամաբանությունն այլ է՝ նախկին իշխանավորը չունի որևէ այլ խնդիր, քան սեփական անձը իշխանության համակարգ վերադարձնելն է: Նախկին իշխանավորների կուսակցությունը քաղաքականություն չի ստեղծում, ասել է թե՝ ինքն իրեն դուրս է դնում երկրի պետաիրավական ու քաղաքական նախագծերի շրջանակներից, պատրաստ չէ պատասխանատվություն ունենալ/կիսել դրանցից որևէ իսկ մեկի համար: «Նախկին իշխանավորների կուսակցությունը» փաստորեն  ո՛չ ընդդիմություն է և ո՛չ էլ կուսակցություն, այլ ընդամենը «տանիք»՝ սեփական անձը իշխանության համակարգ վերադարձնելու «սքողումով օպերացիան» իրացնելու համար, կամ էլ պետաիրավական ու քաղաքական համակարգերից դուրս որևէ այլ հարթությունում սեփական անձը կապիտալացնելու նպատակով:

 


Մեր նոր պատմությունը վերը բերած երկու ձևակերպումների համար էլ բազմաթիվ օրինակներ է տալիս. երկրորդի հետ կապվածները հիմնականում մեզ հետաքրքիր չեն, իսկ առաջինը, որ ըստ սահմանման քվազիքաղաքական գործունեություն է, իրացվում է երեք հիմնական մոդելի շրջանակներում:
Մինչև վերջերս առավել տարածված էր «լոյալ ոչիշխանություն» մոդելը (ընթերցողից ներողամտություն եմ հայցում ոչ կոնվենցիոնալ ձևակերպումների համար, բայց ի՞նչ անես. մի կողմից՝ հայկական կոլորիտի համար շատ հաճախ հնարավոր չէ կոնվենցիոնալ ձևակերպումներ գտնել, իսկ մյուս կողմից էլ՝ արդեն մեր մասսմեդիայի մակարդակով «կոնվենցիոնալ» դարձած ձևակերպումները որպես կանոն պատշաճ չեն): Այս մոդելի շրջանակներում իշխանությունից դուրս մնացած գործիչը (գործիչների խումբը), գործելով արդեն եղած (կամ իշխանության սեփակասն բաժինը կորցնելուց հետո նոր ստեղծած) կուսակցության շրջանակներում, ամեն կերպ լոյալություն է դրսևորում, և ինչ-որ մի ժամանակի ընթացքում որպես կանոն հետ է վերադառնում՝ իշխանության ինչ-որ մասնիկ հետ ստանալով: Օրինակները շատ են, և ցանկացած մեկը կարող է մեկ տասնյակից ավել թվարկել:

 


Երկրորդ մոդելը «արմատական ընդդիմություն» կոչվող խաղն է, որն արդեն «ազգային» դառնալու հստակ միտումներ ունի: Այս մոդելի շրջանակներում էլ օրինակները շատ են, բայց «ամենադասականը», թերևս, ՀՀՇԿ –ն է: Իշխանությունից  դուրս մնալով՝ այս կուսակցությունն ինքն իրեն դուրս դրեց նաև երկրի պետաիրավական ու քաղաքական նախագծերից, ու չիրացնելով «քաղաքականին» բնորոշ որևէ իսկ ակտիվություն, այն շատ արագ դեգրադացվեց քվազիքաղաքական անորոշ մի գոյացության: Մեծ գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ սեփական «քաղաքական» կարգավիճակի կապիտալացումն էլ կուսակցության երևելի անդամներից շատերը  տեսնում էին ոչ թե բուն քաղաքական, այլ բոլորովին ուրիշ հարթություններում: Բնակաանբար, «սեփական անձը իշխանություն» վերադարձնելու ինչ-որ նախագիծ էլ էր ենթադրվում, բայց՝ կամ ինչ-որ մի երրորդ կողմի  նախագծի «անկյուններում տեղավորվելու» ձևով, կա՛մ էլ «շոգեքարշ» գտնելու հույսով, ու կրկին մեծ գազտնիք չեմ բացի, եթե ասեմ, որ Հայաստանում ընդամենը մեկ շոգեքարշ է հայտնի՝ Լևոն Տեր-Պետրոսյանը: Եվ ահա, իշխանությունից հետո ՀՀՇԿ –ն փորձել է ու այսօր էլ՝ արդեն երկատված ձևով, փորձում է իրացնել այս երկու մոդելները՝ կա´մ միաժամանակ, կա´մ առանձին առանձին:

 


Ըստ էության, այս երկրորդ մոդելի շրջանակներում կարելի է դիտել նաև ՀԱԿ գործունեությունը: Եվ խնդիրն այստեղ ոչ թե այս կազմակերպության լիդերների ու երևելիների կենսագրությունն է, ոչ էլ անգամ «կուլիսների հետևում» մնացած ինչ-ինչ փաստեր՝ այն մասին, որ ՀԱԿ  ձգտում է տեղավորվել ինչ-որ մեկ երրորդ կողմի «նախագծի անկյուններում», այլ այն, որ ՀԱԿ ողջ գործելակերպը («քաղաքական փիլիսոփայությունը» J) ըստ սահմանման տեղավորվում է «սքողումով գործողություն» հասկացության շրջանակներում:

 

Նախ, պետաիրավական ու քաղաքական նախագծերի տեսանկյունից աներկբա լեգիտիմ նպատակների ու խնդիրների (իշխանության համար պայքար՝ այն գրավելու ձգտումով) իրականացման համար ընտրվում են բոլորովին այլ հարթություններից բերված գործիքավորում, հասկացություններ ու մեթոդներ. «ավազակապետության կազմաքանդում»՝ որ փաստորեն ոչ մի անչություն չունի «ընտրություն» հասկացության հետ, «մեր պայքարը հանուն արդարության հաղթանակի է»՝ որ կրկին կապ չունի քաղաքականության հետ ու էթիկայի ոլորտից է: Բացի այդ՝ շրջանառության մեջ են դրվում ու մինչ այսօր էլ պրակտիկաներում կրառվում են «լույսի ու ստվերի», «բարու և չարի» պայքարի պատկերներ… նման այլ բաներ՝ որ կրկին ոչ մի կապ չունեն ռացիոնալ քաղաքականության հետ: Կհարցնեք՝ իսկ ինչու՞ եմ ես սա «սքողումով գործողություն» դիտում: Շատ պարզ. հնարավոր է, այս ամենը շատ լավ է կոնկրետ Լևոն Տեր-Պետրոսյանի ու ևս մի քանի մարդկանց կերպարը ռեաբիլիտացնելու ու միֆականացնելու տեսանկյունից, բայց ամենևին տեղին չէ որպես քաղաքական գործունեություն, որ նաև սեփական համակիրների կամակերպման հետ է կապված:

 

Հետո, անցած տարիների փորձը ցույց տվեց, որ պետքաիրավական ու քաղաքական համակարգերում ՀԱԿ չի կարողանում իրացնել պոզիտվիվ նախագիծ, ինչին կոչված է ըստ սահմանման՝ որպես քաղաքական միավոր: Իսկ քաղաքական շուկայի, ինչպես՝  ցանկացած այլ շուկայի, տրամաբանությունը շատ կոշտ է. կա՛մ գոյություն ունես սեփական ռեսուրսները կապիտալացնելու ու այն անընդհատ ավելացնելու ռեժիմում, կա՛մ՝ սպառման ռեժիմում: ՀԱԿ, որպես քաղաքական համակարգ, սպառման ռեժիմում էր, ինչի վկայությունն է թեկուզ այն, որ Հայաստանի համար աննախադեպ մի իրավիճակում՝ կապված երկխոսային իրավիճակ ստեղծելու հնարավորության հետ, ՀԱԿ չկարողացավ կապիատալացնել սեփական հնարավորություններն ու, ըստ էության, չիրացվեց (ո՞վ է մեղավոր, ո՞վ արդար հարցադրումն այստեղ իմաստազուրկ է, ինչպես նաև՝ ով տապալեց պրոցեսր,  - հարցադրումը):

 

Այստեղ մի նոր հանգամանք կա, որ անմիջական կապ չունի այս նյութի ասելիքի հետ, բայց կարևոր է՝ ըստ սահմանման: Բանն այն է, որ ՀԱԿ համակիրների քաղաքացիական ու քաղաքական ակտիվություններն ու նաև՝ ինքնակազմակերպման օրինակները, արդեն իսկ շատ սեգմենտներում ծածկում-լրացնում են ՀԱԿ քվազիքաղաքական էությունը: Եվ արդեն կարող է ստեղծվել մի վիճակ, երբ հենց այս նոր գործոնները դառնան վճռորոշ: Հնարավոր է՝ այս կապիտալը իրացվի նույն ՀԱԿ շրջանակներում, հնարավոր է՝ մեկ այլ լուծում, ինչի մասին խոսելն այսօրվա իմ խնդիրների շրջանակից դուրս է և իմաստազուրկ՝ ըստ սահմանման:

 


Այժմ անդրադառնանք նախկին իշխանավորների քաղաքական (քվազիքաղաքական) գործոնեության երրորդ մոդելին, որ ես անվանում եմ «ամոթխած ընդդիմություն»: Այս մոդելի շրջանակներում մնալով՝ դերակատարները վիճակի չեն հստակ ձևակերպել, թե ինչու են իրենք ընդդիմադիր: Մյուս կողմից՝ դերակատարները սահմանափակված են նաև իշխանության հայտ ներկայացնելու հարցում: Այս «կիսատ» վիճակի պատճառներն ու հիմքերը շատ են, ու ըստ էության, դրանք այնքան էլ կարևոր չեն այս նյութի համատեքստի շրջանակներում: Առավել կարևոր է, թե որ դերակատարների գործունեությունն եմ  տեսնում այս մոդելի շրջանակներում: Օրինակ, Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական փորձը, ընդ որում՝ թե՛ մինչև «Ժառանգություն» կուսակցության ստեղծումը և թե՛ կուսակցության ստեղծումից հետո: Մասամբ այս մոդելի շրջանակներում է դիտվում նաև ՀՅԴ գործունեությունը, ընդ որում՝ թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին և թե՛ հիմա:

 

Իսկ «ամենադասականը» Վարդան Օսկանյանի այսօրվա գործունեությունն է, ում քաղաքական ակտիվությունները հնարավոր է դիտել որպես «մարդ-կուսակցություն»: Այս երկու-երեք տարիների ընթացքում նրան, այնուամենայնիվ, հաջողվել է ցույց տալ, որ ինքը «ոչիշխանություն» է, ուրիշ է, բայց չի հաջողվել պատասխանել այն հարցին՝ բա ի՞նչ է: Հետո,  «ոչիշխանություն»  է, որովհետև իր լոյալությունը որևէ մեկին պետք չէ՞. թե՞ «ոչիշխանություն»  է ինչ-որ այլ հիմքով: Վերջապես, ինչու՞ է մարդ-կուսակցություն, ու ոչ թե մարդ՝ կուսակցությունում, չնայած անընդհատ ակնարկներ է անում, որ դեմ չէր լինի կրկին «սեփական անձը իշխանությունում տեսնելու» հեռանկարին, ինչը, այնուամենայնիվ, պարտիա հասկացություն է ենթադրում ու հենց ինքն էլ այդ մասին հաճախ դատողություններ է անում: Տեսեք, մարդն ի՞նչ է ասում. «…Եթե զգամ, որ իմ մասնակցությամբ կարող եմ նպաստել այդ իրավիճակի ստեղծմանը (դե խոսքը բարձր ու վեհ բաների մասին է՝ չմանրացնենք, կարևորը պաթոսն է), ես դա կանեմ…»,  «…Միայնակ դժվար է ինչ-որ բան անել, իհարկե, պետք է ինչ-որ թիմի մաս կազմել։ Թե ի՞նչ թիմ կձեւավորվի, կամ կձեւավորվի՞ արդյոք` դա էլ է հարցական, բայց ես իմ քաղաքական խնդիրը շատ հստակ եմ ձեւակերպել՝ եթե կա թիմ, որը նպաստելու է քաղաքական հակակշիռների ստեղծմանը, ես պատրաստ եմ համագործակցել: Այսօր իմ գաղափարական (J սա էլ իմ կողմից ու հենց այս առիթով) հենքը դա է»:  Մարդն ուզում է վերադառնալ ու իշխանությունում իր մասն ունենալ, դրա համար ակտիվություններ է իրականացնում, տարբեր հասցեատերերի կոչեր ուղղում, բայց դեռ ամեն ինչ «այսքան մշուշոտ» է ու ընտրությունից ընդամենը ամիսներ առաջ: Կամ էլ՝  հնարավոր է, բանն ամենևին էլ ընտրությունների հետ կապ չունի՞…

 

Հետո, Պարոն Օսկանյանն անընդհատ ակնարկներ է անում ԲՀԿ, ու հիմա էլ «Ռոբերտ Քոչարյանի շրջապատ» -ի (ձևակերպումն իրենն է՝ վերջին հարցազրույցից) ուղղությամբ, իբր՝ պարտիա, այնուամենայնիվ, կարող է և կա... ու սա դեռ քիչ է՝ վերջիններիս (հնարավոր պարտիաների) համար ինչ-որ խնդիրներ ու նպատակներ դեկլարացնելով, ճիշտ է՝ կրկին կիսատ ու կրկին ակնարկներով: Չգիտեմ՝ կամ պետք է կոնսպիրաֆիլիայի ոլորտից դատողություններ անես, կամ իսպառ լռես՝ որևէ մեկնաբանություն հնարավոր չէ անել:

 

Մի բան էլ կա, որ կարևոր է. կարող եմ ասել, որ ինչպես և նախորդ բոլոր մոդելների ու օրինակների պարագայում է, այստեղ նույնպես սեփական «քաղաքական նախագծի» իրացումը պոզիտիվ ու լեգիտիմ նախագծերի շրջանակում չէ որ դիտվում է: Երևի շատերն են նկատել, որ պարոն Օսկանյանի քննադատական ողջ պաթոսը կիզակետի է հասնում հենց այն փուլերում, երբ հնարավորություն կա պոզիտիվ քաղաքական նախագծեր իրականացնելու համար: Մի դեպքում՝ դա իշխանության ներսում քաղաքական խաղի կայուն կանոններ սահմանելու հետ էր կապված, որ հստակորեն քաղաքական նոր մշակույթ սահմանելու փորձ էր նաև: Մեկ այլ դեպքում պարոն Օսկանյանի քննադատական պաթոսը պիկի է հասնում՝ կապված Հայաստանում երկխոսային իրավիճակ ստեղծելու փորձերի հետ: Հա, նույն վիճակն է նաև արտաքինքաղաքական հարթությունում. երբ կրկին քաղաքական նոր մշակույթ ու նոր իրավիճակ ստեղծելու հնարավորություն է ստեղծվում, պարոն Օսկանյանը չի զլանում անգամ կոնսպիրաֆիլությանը դիմելու գնով քննադատական պաթոս ներկայացնել:

 

Ընթերցողի մոտ կարող է հարց լինել՝ իսկ ինչու՞ եմ այսքան կենտրոնանում պարոն Օսկանյանի գործունեության վրա: Պատասխանը պարզ է՝ այն շատ մոդելային է, համարյա լաբորատոր փորձ մակարդակի  ու շատ հարմար է՝ ինչ-ինչ երևույթներ ակնառու դարձնելու համար: Ըստ էության բոլոր մեր ընդդիմադիրներն էլ «ամոթխած» են, հարցը գնի մեջ է:

 


 

 

Add your comment

Your name:
Your email:
Subject:
Comment:

ՀԵՂԻՆԱԿԻ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ

 

ՏԵՍԱԿԵՏ

Լեզու ու խոսք

Այստեղ արդեն միանգամից պարզ է դառնում երկրորդ հարցի պատասխանը` ի՞նչ ենք ասելու: Ասելու ենք այն, ինչ ուզում ենք ասել մեր հարազատներին, ընկերներին ու ծանոթներին, զրուցել նրանց հետ, բանավեճի մեջ մտնել, փորձել միասին նոր մի բան ստեղծել:

 
Ազատության և անազատության սահմանը

Այս խմբի անդամ լինելով` մարդը ոչ միայն ազատ էր, այլ նաև անձնավորություն, ով որպես այդպիսին ճանաչվում էր յուրայինների կողմից, և այսպիսով ինքն էլ յուրային էր

 

ՔՈՐՈՑ

Գենետիկայի վնասները

Ճշգրիտ լինելու համար ասենք, որ գենետիկան ոչ վնաս է, ոչ էլ օգուտ. իր համար գիտություն է:

 
Հայկական աշխարհ

Ազգը խառնվել է իրար: Ազգային ժողովի ընտրություններ են: Ամենաազդեցիկ քաղաքական կուսակցություններից մեկի շտաբի դիմաց նախընտրական քարոզարշավի եռուզեռը կորդինացնում են թաղի խուժանները:

 
Նազարի սինդրոմ
Այն հավերժ է: Լինի հեքիաթում, հնում, թե այսօր՝  նշանները նույնն են, մասշատաբներն են տարբեր: