|
Ալինա Պողոսյան 2010-07-02
Ինչ-որ տեքստ կարդալիս զգում ես գրողի վերաբերմունքը քո` ընթերցողի, հանդեպ: Տեքստը, թվում է հուշում է գրող-ընթերցող հարաբերությունների բնույթը: Դու կարող ես զգալ, որ հեղինակը խոսում է քեզ հետ` ընթերցողի, ով պարզապես հետաքրքրվել է տեքսով (կամ գուցե պարզապես վերնագրով, կամ գրքի կազմով) և այն ձեռքն է վերցրել: Նա կիսվում է անկախ այն բանից, թե ով ես մասնագիտությամբ, կրթական մակարդակով, խոսում է քեզ հետ առանձ պահանջելու, որ մինչ իր գրածը ձեռքդ վերցնելն այլ գրականություն կարդացած լինես, որոշակի գիտություններ սերտած լինես և այլն:
Թվում է` հեղինակն ընթերցողին վերաբերում է ինչպես զրուցակցի, խոսում է այնպես, որ իրեն հասկանալը հեշտ լինի, նրա նպատակը զրույցն է, ինչ-որ բան պատմելը կամ հասկանալը: Նա հարցնում է, կասկածում, երկմտում` դրդելով ընթորցողին մտածել, փնտրել, ցանկանալ հասկանալ: Սրանք ապրող տեքստեր են: Մյուս կողմից, հաճախ են հանդիպում տեքստեր, որ կարծես ճնշում են ընթերցողին: Այնտեղ հիմնականում գտնում ես համոզմունքներ ու պատասխաններ՝ և ոչ մտածմունքներ և հարցադրումներ, որոնք դրդում են երկխոսության, մտածելու, նոր խոհեր և գաղափարներ ստեղծելու: Նման տեքստեր մենք հանդիպում ենք արդեն իսկ դպրոցում` դասագրքերում (հատկապես պատմության, կրոնի), շատ ուսուցիչների խոսքերում: Դրանք որպես կանոն ուղղված են յուրացնել տալու, հիշվելու, ականջին օղ դառնալու, և ոչ թե մտածելու, հասկացվելու, մեկնաբանվելու: «Համոզմունքների և պատասխանների», «շեշտերի և վերջակետների» լեզվով տեքստեր կարդալիս, թվում է գրողն ընթերցողին վերաբերում է ոչ թե ինչպես հավասարը հավասարի, այլ ուղղահայաց հարաբերություններ է հաստատում, որտեղ ինքը գիտի, հասկանում է, հայտնում է, իսկ ընթերցողը պետք է սովորի, հասկանա և ընդունի: Թվում է իր լեզվի իշխանությամբ նա ստիպում է ընթերցողին չկասկածել, հարցեր չտալ, չարտահայտվել, լռել, լսել: Սրանք մեռած տեքստեր են:
Աբստրահարման մակարդակներ
Աբստրահման բարձր մակարդակներում ջնջվում է եզակիությունը, անունները, դեմքերը: Վերացարկման այդպիսի բարձր մակարդակ է առաջարկում թվերի լեզուն (կամ վիճակագիրների լեզուն): Այն առաջարկում է իր օրենքներն ու օրինաչափությունները, որոնց իշխանության առջև մարդկային անհատականությունն ու մարդկային ճակատագրերն անզոր են թվում: Ստալինի հայտնի արտահայտություններից մեկն իր հիմքերն ունի (մի մարդու մահը ողբերգություն է, հազարներինը` վիճակագրություն): Անհատն ունի անուն, պատմություն, որն ընկալելի է, եզակի, այն կարող է հասկացվել, վերապրվել: Մինչդեռ թվերն աբստրակցիա են. դրանք մեզ չեն ասում ոչինչ իրենց չափից բացի: Թվերով արտահայտված, հիմնավորված, բացատրված տեքստեերի լեզուն կարծես մեռած լինի, այն չի շնչում, չի դրդում, չի ապրեցնում, զգացնել չի տալիս: Այն մի տեսակ անմարդկային է, չունի մարդկային ֆորմա, : Երևի որովհետև ջնջում է անհատականն ու եզակին, մարդկայինն ու կենսականը:
Նման տեքստերում, որտեղ տիրում է թվերի հեգեմոնիան, կրկին զգում ես գրողի և թվերի իշխանությունն ընթերցողի վրա, ավելին` թվերի իշխանությունը նաև հեղինակի վրա:
Մինչդեռ կոնկրետ իրադարձություններով, անհատներով, պատմություններով արտահայտվող լեզուն մարդամոտ է թվում, այն կարծես դիպչում է մեզնից յուրաքանչյուրի ներսում գտնվող այն հատվածին, որը համամարդկային է: Այդպիսի տեքստերը կարծես ծնում են ապրումակցում, կարեկցանք, ոգևորություն, մարդասիրություն (անշուշտ դրանք կարող են ծնել նաև ատելություն, տառապանք):
Հեղինակի օտարումը իր գրած նյութից
Առաջին դեմքով գրելը կարծում եմ հեշտ չէ: Հեղինակն այսպես թե այնպես պատմում է իր մասին (թեև III դեմքով գրողները ևս հաճախ իրենց մասին են գրում), կիսվում է ընթերցողի հետ, համոզված չլինելով` արդյո՞ք կհասկացվի, թե ոչ: Չհասկացված լինելու վախը III դեմքով գրելիս կարծես թուլանում է, որովհետև այդ ժամանակ թվում է հասկացված չէ ոչ թե հեղինակը, այլ` նրա գրածը:
Երևի այդ է պատճառը, որ առաջին դեմքով տեքստ կարդալիս, մի տեսակ, պատասխանատվություն ես զգում, փորձում ես անպայման հասկանալ գրողին. եթե նույնիսկ չընդունել, գոնե հասկանալ: Կրճատելով դիստանցիան իր և իր գրածի միջև՝ հեղինակը կարծես կրճատում է նաև իր և ընթերցողի միջև դիստանցիան:
«Ճշմարտության» ընկալում
Տեքստի լեզուն ընթերցողին հուշում է նաև թե՝ գրողն ինչպես է ընկալում իրողությունը. արդյո±ք նա համարում է, որ իրադարձությունը կամ երևույթը (որի մասին գրում է) միակ իրականությունն է, «բացարձակ ճշմարտություն» է, «օբյեկտիվ երևույթ» է, թե դրան վերաբերում է որպես ինտերպրետացիա, սուբյեկտիվ ընկալում:
Առաջին դեպքում կրկին զգում ես հեղինակի իմպերատիվությունը: Նման լեզվով տեքստը կարծես հուշում է, որ հեղինակն անհանդուրժող է այլ ինտերպրետացիաների հանդեպ, նա անհանդուրժող է ընթերցողի ինտերպրետացիայի նկատմամբ, եթե վերջինը չի համընկնում իրենի հետ: Այստեղ կրկին լեզուն նվազեցնում է երկխոսության և հաղորդակցության հնարավորությունը: Սրանք փակ տեքստեր են:
Հակառակ դեպքում` երբ հասկանում ես, որ հեղինակը փորձում է ներկայացնել երևույթի նկատմամբ իր հայացքը, դու նրա մեջ կարող ես համախոհ գտնել: Եթե նույնիսկ հեղինակի ինտերպրետացիան չես կիսում, այնուամենայնիվ ճնշում չես զգում, որովհետև նա նաև չի բռնանում ընթերցողի` սեփական մեկնաբանությունն ունենալու ձգտումի, փորձի վրա, սխալ չի համարում ընթերցողի փորձը, մոտեցումը, հարցադրումը կամ կասկածը, մտածմունքը, խոհերը: Սրանք բաց տեքստեր են:
Երբեմն կարծիքների դաշտը դառնում է բռնութայան դաշտ, որտեղ յուրաքանչյուր կարծիք արտահայտող իր իշխանությունն է դրսևորում և իր իշխանության չափով բռնության է ենթարկում դիմացինին:
Բռնությունն առաջանում է հեղինակ - ընթերցող հարաբերություններում, որտեղ միջնորդ-տեքստի նկատմամբ թե հեղինակի և թե ընթերցողի տեսակետները ռեալ են, օբյեկտիվ իրենց սուբյեկտիվության մեջ, անհամատեղելի իրենց սուբյեկտիբության մեջ և հակամարտող որպես տեսակետների բռնության դաշտի տարբեր կետեր: Գործը բարդացնում է նաև այն, որ երևույթին տված մի մեկնաբանությունն արդեն իսկ փոխում է երևույթը, իրողությունը, կամ ստեղծագործությունը և ստացվում է, որ տեսակետների բախումը և բռնությունը տեսակետների դաշտում տեղի է ունենում անընդհատ փոխակերպվող իրողության շուրջ: Այնուամենայնիվ սա անխուսափելի չէ: Նման «բռնութունը» ոչ միայն նվազում է, այլ նաև վերանում, երբ տեքստն ունկնդրվում և հասկացվում է դիմացինի կողմից: Երբ տեքստը հասկացվում է, ոչ միայն սեփական տեսանկյունից, այլ նաև հեղինակի տեսակետից. երբ տեքստը դիտարկվում է իր ամբողջականության տրամաբանության մեջ:
Այդ դեպքում հաղորդակցությունը բռնության ակտից վերածվում է անհատականությունների մերձեցման, ճանաչողության և սիրո ակտի: Այսպիսով լեզուն ոչ միայն հեղինակի իշխանության արտահայտման միջոց է, այլ նաև ինքնին իշխանություն է:
Տեքստեր ստեղծելով մենք կարծես սերմեր ենք ցանում անցած ճանապարհն: Դրանք ժամանակ անց կարող են զարգանալ, վերածվել ինչ-որ կենդանի բաների: Հնարավոր է այդ ճանապարհով մենք կրկին անցնենք, հնարավոր է` ոչ, հնարավոր է, որ այլ մարդիկ ոտք դնեն այդ ճանապարհին: Ուստի տեքստեր ստեղծելիս կարևոր է մտքում պահել հարցը, թե «ինչ ենք ուզում աճեցնել մեր անցած ճանապարհին»: Հատկապես որ դրանք` ինչպես մեր ստեղծագործությունները, կարող են նաև մեզնից անկախ շարունակել իրենց կյանքը, ձեռք բերել ազդեցություն և իշխանություն. այդ թվում նաև իրենց ստեղծողների վրա:
|