|
Արա Նեդոլյան Առօրեայում մեզ շրջապատող իրերը բոլորն էլ հանդիսանում են մեր ժամանակում իշխող գաղափարների առարկայական մի խոստովանություն:
Առաջին հայացքից երերուն ու անմարմին, կյանքում միայն հատուկենտ մարդկանց համար հետաքրքիր, գաղափարները իրականում կերտում են բոլոր այն մարդկանց ճակատագիրը, որոնց բախտ է վիճակվել ապրելու այս կամ այն գաղափարի տիրույթի դարաշրջանում: Դա լավ գիտեն պատմաբանները, որոնք անմիջապես պարզ պատկերացնում են, թե ինչ է նշանակում ապրել, օրինակ, Ֆեոդալական մասնատվածության, կամ կապիտալի սկզբնական կուտակման, կամ էլ արքայությունների բեկման դարաշրջանի Եգիպտոսում: Եվրոպական գրականությունում ընդունված էր անգամ «վերակառուցողական վեպի» ժանրը, երբ նկարագրվում է մի միջին, ոչ-հայտնի մարդու, կամ տոհմի կյանքն ու ճակատագիրը այս կամ այն պատմական գաղափարի գերակայության ժամանակահատվածում: Հայաստանը ուսումնասիրող ապագայի պատմաբանը տեսնես ի՞նչպես կբնորոշեր 21 - րդ դարի սկզբի Երևանը, մեր ապրած կյանքը: Կարծում ենք, պեղումների արդյունքում նա առաջին հերթին կհայտնաբերեր մեր քաղաքի ազատ, ոչ-ուտիլիտար բոլոր տարածությունների կայուն կրճատման տենդենցը: Նա կհաստատեր, որ այգիները, պուրակները, քաղաքային ամեն տեսակի բաց հեռանկարները, անգամ հետիոտնի ճանապարհները ենթարկվում են աստիճանաբար կրճատման ու անհայտացման. քաղաքով քայլելիս, մարդն ավելի ու ավելի հաճախ ստիպված է արհեստական պատնեշներ շրջանցել, ավելի ու ավելի քիչ են հանդիպում հայացքի համար բաց հեռանկարներ - աչքդ ամենուրեք բախվում է պատերին, շինություններին, ցանկապատերին… նաև` անհայտացել է ինդուստրիալ դարաշրջանի քաղաքին բնորոշ` դիմագծերի ամբողջականությունը, ճարտարապետական համալիրների միասնությունը, այն ամենը, որ ավարտվածություն էր պարգևում առանձին փողոցներին, հրապարակներին, թաղամասերին: Նորակառույց շինությունները կորցրեցին իրենց ձևի որոշակիությունը, դարձան հավասարապես դիտարկելի (կամ` անդիտարկելի) ցանկացած կողմից, առանց ճակատի ու թիկունքի տարբերակման:
Եվ ի՞նչ եզրակացութան կգա երևայական մեր պատմաբանը` այս ամենը զննելիս : Նա վստահորեն կհաստատի, որ մեր առջև ապամոդեռնիստացման դարաշրջանի քաղաքի մի պատկեր է, այնպիսի դարաշրջանի, երբ որ կատարվում է անցում` սոցիալիստական, կամ կապիտալիստական արտադրունակ տիպի հասարակարգից` դեպի ֆեոդալա-կուտակողական տիպի հասարակարգ, որի պայմաններում յուրաքանչյուր շինություն, քաղաքը, ողջ երկիրը սկսում են հանդիսանալ ոչ թե իբրև արտադրության, արժեքների ստեղծման գործիք, այլ ծառայում են միայն որպես կապիտալի ներդրման ու պահպանման միջոց, այսպես կոչված` հողային ռենտա:
Զարգացող, մարտնչող կապիտալիզմի կամ սոցիալիզմի մոդեռնիստական դարաշրջանները պատմության մեջ բնութագրվում են, ինչպես դասականներն էին ասում, կապիտալի կենտրոնացմամբ և, համապասխանաբար` նրա կողմից ստեղծվող տարածքի ամբողջականացմամբ ու իմաստավորմամբ: Եթե ֆեոդալիզմի օրոք ամեն մի հողակտոր, շինություն, դղյակ, կալվածք տնտեսական ու վարչական առումներով գրեթե ինքնաբավ էին, ապա մոդեռնիզմի դարաշրջանում նման ինքնամփոփվածությունը արդեն դիտվում է որպես համատաեղ, հանրային գործունեության ճանապարհին կանգնած մի խոչընդոտ, և ահա այստեղ առաջանում է Քաղաքի ու արտաքաղաքային կառույցների, մարդկային տարածությունների կազմակերպման մի նոր տիպ` «բաց», թափանցված միասնական ոճով ու ոգով: Ճիշտ այնպիսին, ինչպիսինն էր Երևանը ըստ Թամանյանի նախագծի:
Առհասարակ` մեկ ճարտարապետի մտահղացմամբ կերտված, կամ էլ մեկ քաղաքական գործչի կամքով ստեղծված քաղաքների երևույթը ի հայտ է գալիս ազգային-պետական վերածննդի, մոբիլիզացիայի պահերին, երբ երկիրն ու մարդիկ սկսում են դիտվել որպես միջոց, ռեսուրս մի ինչ-որ (այնքան էլ կարևոր չէ, թե ինչ) արտադրողական, նպատակասլած գործունեություն ծավալելու համար: Տիգրանակերտի կամ Պետերբուրգի ծնունդը, կայսրական Հռոմի կամ աբսոլյուտիստական Փարիզի պարբերական արմատական վերակառուցումները, ինչպես նաև Երևանի ի հայտ գալը` նման բաները միշտ էլ հատկանշական էին պատմությունի մոդեռնիստական փուլերի համար, երբ որ երկիրն ու մարդիկ պատրաստվում էին համատեղ ինտենսիվ գործունեության` խոշոր մի գերբնական մարմին ստեղծելու նպատակով: Հենց այս պահերին են առաջանում «Արևի քաղաքի», «Քաղաք-այգու» գաղափարները, որոնց ազդեցության տակ գործել են և Լյուդովիկոս Մեծը, և Լե-Կորբյուզիեն, և հռոմեական կայսրները, նաև` Թամանյանը:
Նման ճարատարապետության մեջ միշտ ուժեղ է ուտոպիայի, խորհրդանշանի տարրը, քաղաքը ստեղծվում է իբրև ապագային, լուսավոր ապագային` վերագրվող կյանքի որոշակի պատկերի մարմնավորում ներկայում: Անտիկ և միջնադարյան քաղաքներում նման երազանքա-սիմվոլիկ քաղաքաստեղծ հիմքի դերը կատարում էր կրոնական ճարտարապետությունը` վանքերն ու եկեղեցիները, քանի որ այն ժամանակներում Աստծո, Հավերժության խորհուրդրն էր արտահայտում այն գերբնականի կարոտը, որը որ հետագայում սկսեց արտահայտել Ապագայի գաղափարը: Եվ հենց այդ իդեալական, գեր-իրական միջուկի, կորիզի բացակայության դեպքում մենք արդեն չենք կարող խոսել քաղաքի մասին, այլ ունենք գյուղ, ինչքան էլ այն ուզում է մեծ լինի: Քաղաքների ճարտարապետական պատկերի քայքայումի խնդիրը այսօր վերաբերվում է ոչ միայն Երևանին, դա համամարդկային մի աղետ է: Միասնական, իմաստավորված ճարտարապետական պատկերը տարբեր արագությամբ կորցնում են մոլորակի բոլոր քազաքները, քանի որ այսօր բոլորի համար հատկանշական է ապամոդեռնիզացումը, երբ որ հասարակությունները կորցրել են և Աստծո, և Ապագայի հիմնարար գաղափարները, չստանալով տեղը ոչ մի այլ բան:
Քաղաքի գաղափարախոսության կտրուկ փոփոխումը նկատելի է դառնում ներքաղաքային կյանքի բոլոր արտահայտություններում: Քաղաքի տարբեր մասերը միավորող ճարտարապետա-իմաստային միասնության կորստին զուգահեռ խզվում է նաև քաղաքային մշակույթի առանձին տարրերի միջև եղած ներքին կապը: Հոգեբանական առումով այժմ զգալիորեն աճում է քաղաքի տարբեր կետերի միջև ընկած տարածությունը: Ըստ երևույթին, դրանով է պայմանավորված Կենտրոնի գերխտացված, տենդային կառուցապատումը նորանոր բնակելի շենքերով: Չ՞է որ այժմյան բնակիչը արդեն չի վստահում քաղաքի անկում ապրող թափանցիկությանը, և ձգտում է իր կյանքի համար կարևոր ամեն ինչը ունենալ ոտքով տասը րոպեում հասնելու հեռավորության վրա: Վստահորեն զարգացող քաղաքներին հատուկ հակառակ միտումը` կենտրոնից դեպի արվարձաններ, այսօրվա Երևանում դրսևորվում է հակառակ ձևով, որպես արվարձանների «ինքնավերացում», այստեղից և բխում է Երևանը տասը առանձին քաղաքների բաժանելու զարմանալի մտահղացումը: Ծայրամասի բնակիչը այլևս չի զգում, որ կենտրոնից նա ստանում է անհրաժեշտ ինչ-որ ազդակներ, և սովորում է կենտրոնն ընկալել պարզապես իբրև մի այլ քաղաք, որտեղ նա անելու բան այլևս չունի: Այս նույն գործընթացի քաղաքական արտահայտումն է հանդիսանում այսօրվա Արցախի «ինքնավարամոլությունը»` «ԼՂՀ»-ն տարեց տարի իրեն ավելի ու ավելի լուրջ է ընկալում, «Հայաստան» հավաքական հասկացողության գրավչությունը զգալիորեն ընկել է:
Մասնատվածությունը թափանցում է կյանքի յուրաքանչյուր ոլորտ: Փաստորեն, մենք արդեն չենք կարող որևէ միասնություններից խոսել, ինչպիսիք են, օրինակ, «մշակույթը», «գիտությունը», «արդյունաբերությունը» կամ «կրթական համակարգը», դրանք բոլորն էլ մասնատվել են առանձին, կարելի է ասել, «օբյեկտների», որոնցից յուրաքանչյուրը արդեն է գործում է ոչ թե որևէ հայեցակարգերից ելնելով, այլ յուրահատուկ «հոգեբանական» եղանակով, իր կոլեկտիվի կամ գլխավոր դեմքի հոգեբենական առանձնահատկություններից ելնելով: Այդ պայմաններում, բնականաբար, դադարում է գործել օրենքը` իբրև հանընդհանրության գործիք, և մարդիկ գերադասում են օգտվել հոգեբանա-կոռուպցիոն հարաբերությունների զինանոցից:
Մենք հանդիպում ենք նույն երևույթի հետևանքներին նաև քաղաքական դաշսում, ին՞չ է, օրինակ, նշանակում «ըննդիմադիր կուսակցությունները չեն կարողանում միավորվել» դրույթը (վաղը, շատ հավանական է, մենք կտեսնենք, ինչպես նաև ոչ ընդդիմադիր կուսակցությունները չեն կարող միավորվել): Ի՞նչ է նշանակում, երբ կուսակցությունները մրցում են ոչ թե որևէ գաղափարական, այլ զուտ հոգեբանական փաստարկների միջոցով: « Իր ներսում բաժանված արքայությունը կկործանվի», - այսպիսի միտք կա Աստվածաշնչում: Հայաստանը բազմիցս հենց այդպես էլ կործանվել է` կլան-իշխանությունների բաժանվելով և կորցնելով այն միակը, որ կարող էր շուրջդարձ ապահովել միանգամայն բնական ու կենսական այս ընթացքին` այն է երազանքի միավորված ուժը, մտքի ուժը, երբ որևէ ճշմարտություն ակնհայտ է յուրաքանչյուրի համար, անկախ նրա հոգաբանական բնութագրից` օրինակ, դու չես կարող չհամաձայնվել, որ երկուսին երկուս գումարածը չորս է, անկախ նրանից, թե մենք ինչպիսի փոխհարաբերություններում ենք միմյանց հետ կամ թե ինչպիսի շրջապատում ենք ապրում: Իսկ եթե դու սկսեցիր հերքել դա, որովհետև քեզ կամ քո շրջապատի համար դա հարմար է կամ հարմար չէ, ուրեմն գործերը վատ են: Երազանք, միտք ու պատիվ, ինչպես նաև օրենքներ վերջին դարերի ընթացքում մեզ, սովորաբար, պարգևում, ներշնչում էին դրսից, և Հայաստանի գոյատևումը, եթե ոչ իբրև միասնական ոգի, ապա գեթ որպես մարմին շարունակվում էր: Բայց այսօր շփոթված է արդեն ողջ աշխարհը, և գաղափարական նոր «վարկի» հնարավորություն, մի տեսակ, չի երևում: Բայց ընդհանուր անմխիթար վիձակը ոչ մի իշխանություն չունի անձի, անհատականության վրա: Երազանքը, միտքն ու պատիվը յուրաքանչյուրս կարող է իր մեջ գտնել, եթե սիրտը տենչա` թեկուզ և մեր քաղաքի չկայացած փառքին:
Արա Նեդոլյան |