|
«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հայաստանյան հավակնությունը` աշխարհի բոլոր հայերին հավաքել եթե ոչ աշխարհագրական նույն տարածքում, գոնե մշակութային նույն «կռիշի» տակ, հաճախ անիմաստ ու անհասկանալի ճիգ է թվում շատ սփյուռքահայերի`հատկապես արեւմտյան բազմամշակութային համակեցության իրականության բնակիչներին:
«Մեկ ազգ, մեկ մշակույթե կամ «Մենք ու Ասոնք» Տարբեր մշակույթների գոյակցության ու փոխներգործության բաց համակարգում սփյուռքահայերը սեփական ինքնության սահմանման ավելի լայն հնարավորություն են ունենում` այլ մշակույթների հետ հարաբերվելով, նմանություններ ու տարբերություններ հայտնաբերելով: Նրանք տեսնում են տարբեր մշակույթների փոխազդեցությունները եւ դրա շնորհիվ են նաեւ իրենց մասնակցությունը հայտնաբերում քաղաքակրթության պատմության մեջ: Ու դժվար է նրանց` զուտ հայկական համարվող վերմակի տակից դուրս եկած ոտքերը զոռով հետ ճխտել կամ կտրել, որպեսզի վերմակի գյորա լինեն: Բայց անգամ այն սփյուռքահայերը, որ հավեսով գալիս են մասնակցելու մեկազգամեկմշակութային միջոցառումներին` հայրենիքի կարոտաբաղձությունը բավարարելով միայն էթնիկ-ֆոլկլորային երգուպարով ու հայրենասիրական ատրիբուտիկային իրենց տուրքը տալով, հայկական խորհրդանշանները համտեսելով ու շոյելով, անգամ նրանք հաճախ խոստովանում են, որ գերադասում են գնալ հայկական գյուղեր ու շփվել գյուղացիների հետ, քանի որ այդ միջավայրում հայտնաբերում են ֆոլկլորն ու ՙխորհրդանշաններն» իրենց բնական ֆունկցիոնալ վիճակում:
Գյուղացին իր այգու ծիրանը, քամած մածունն ու թխած լավաշը դնում է սեղանին, իր բարբառով երգում է քեֆի սեղանի շուրջ կամ երեխուն օրորելիս ու պարում ազգագրական վերամշակման ու զտման չենթարկված իր պարը: Իսկ Երեւանում համարյա բոլոր սփյուռքահայերը կոնֆլիկտներ են ունենում տեղաբնակների քաղաքային մշակույթի հետ, եւ այդ անհաղորդությունը ստիպում է նրանց ստեղծել սեփական կենսատարածք Երեւանի որոշ սրճարաններում, որտեղ շփվում են հիմնականում միայն իրար հետ ու քննադատում «հոստեղի» նիստուկացն ու վարքուբարքը, եւ «մեկ ազգ, մեկ մշակույթը» դառնում է «մենք ու ասոնք»: Չգիտեմ` իմ նախկին սփյուռքահայ լինելու շնորհի՞վ եմ, արդյոք, ես միջանկյալ օղակի վերածվել այս «մենք ու ասոնքի» միջեւ, թե չէ, բայց հաճախ սփյուռքահայերը վստահում են ինձ իրենց տեսակետները Հայաստանի ու հայաստանցիների մասին, իսկ հայաստանցիներն էլ`հակառակը: Ինչեւէ, ես ուզում եմ ներկայացնել իմ զրույցներից մեկը մի ֆրանսահայուհու հետ, որը չցանկացավ իր անունը հրապարակել` գուցե այն պատճառով, որ բավականին հայտնի անձնավորություն է եւ կարծում է, թե ազատորեն իր տեսակետներն արտահայտելով` հարվածի տակ կդնի իր հեղիանկությունն այնպիսի մի երկրում, ուր սովոր չեն իրենց պատկերացրածից տարբերվող հայացքները լսել ու հանդուրժել: Եվ այսպես, «մենք ու ասոնք»երկխոսությունը ներկայացնում եմ ոչ թե անուններով, այլ «ես եւ նա»դերանուններով:
Նա աշխատում է Ֆրանսիայի` արեւելքի հետ երկխոսություն վարելու ծրագրեր մշակող մշակութային մի հիմնարկում, բայց մեր այս երկխոսության մեջ, ի տարբերություն արեւելքը ճանաչելու նրանց փորձի` մենք շրջեցինք քաղաքակրթական ՙկողմնացույցի»սլաքն առ արեւմուտք, որ այսօր, թեկուզ սոսկ պաշտոնապես ու դեկլարատիվ, նաեւ Հայաստանի որդեգրած եվրո-արժեքների ակունքն է: (Մեր զրույցի օրը Ֆրանսիայում նախագահական ընտրությունները դեռ չէին ավարտվել): Քաղաքացին Ես - Ֆրանսիայում հիմա նախագահական ընտրություններ են, իսկ դու Հայաստանում ես, բա քո ձա՞յնը: Նա - Արդեն տվել եմ, փաստաթուղթ եմ ստորագրել, որ քույրս իմ փոխարեն քվեարկի: 18 տարեկանից սկսած մինչեւ հիմա ես ոչ մի ընտրություն բաց չեմ թողել, նույնիսկ եթե այնքան էլ չկողմնորոշվեմ քաղաքական հարցերում, միեւնույն է, պարտադիր մասնակցում եմ: Ինձ համար հստակ է գոնե այն, որ ձայնս տալու եմ ձախ կուսակցություններին, որպեսզի Հայաստանի ընկերներս հեշտ վիզա ստանան. սա`մի քիչ կատակով: Ես - Ուրեմն, ենթադրելի է, որ այս անգամ ձայնդ տվել ես Ռուայալի՞ն: Նա - Գիտես, քեզ կարող եմ ասել, բայց թերթում չեմ ուզում անգամ անանուն հրապարակել, որովհետեւ ես շատ եմ հարգում ընտրությունների ամբողջ դեմոկրատական պրոտոկոլը: Մի հազար տարի պայքարել ենք, որ ընտրության գաղտնիության իրավունքը վաստակենք, դեռ ահագին երկրներ էլ ձգտում են դրան հասնել: Երբ մտնում ես ընտրատարածք, կարող ես վերցնել թեկնածուների անուններով բոլոր թղթիկները, կամ`մի քանիսը, կամ`միայն ուզածդ: 18-20 տարեկանում ես թիթիզ-թիթիզ միայն մի թերթիկ էի վերցնում, նույնիսկ գուցե վարագույրն էլ չէի քաշում, իբր`չեմ թաքցնում, թե ում կողմնակիցն եմ, ցուցադրաբար էի ընտրությունս անում, ինչպես մի անգամ արեց Հայաստանի նախագահը: Հետո հասկացա, որ պետք է պահպանել ու պաշտպանել դեմոկրատիայի բոլոր դրույթները, ողջ պրոտոկոլը: Հիմա վերցնում եմ բոլոր թեկնածուների թղթիկերը`բացի Լը Պենից, որովհետեւ ինձ համար կարեւոր է, որ թեկնածուները գոնե հանրապետական արժեքները հարգեն:
Հայերն ու Նիկոլյա Սարկոզին Ես - Սարկոզիի եւ Ռուայալի հեռուստատեսային բանավեճից Հայաստանում ներկայացվեց հատկապես այն մասը, ուր նրանք ներկայացնում էին Թուրքիայի Եվրամիություն մտնելու մասին իրենց դիրքորոշումները: Ռուայալն ավելի կողմնակից էր, որ Թուրքիային նման հնարավորություն տրվի, իսկ Սարկոզին դեմ էր, քանի որ, ինչպես ասաց` «Թուրքիան Ասիայում է»: Կարծում եմ, որ միայն այս դիրքորոշման համար Ֆրանսիայի շատ հայեր նախապատվությունը կտան վերջինիս:
Նա - Երբ ես տեսա այդ հատվածը, ասեցի` մեղդ (կեղտ), հիմա, ուրեմն,
դեռ լրիվ չկողմնորոշված հայերը Սարկոզիին կընտրեն: Ինձ համար նախագահ ընտրելիս Թուրքիայի Եվրամիություն մտնելու հարցի մասին թեկնածուի վերաբերմունքն առաջնային չէ:
Սարկոզին ազատ շուկայի կողմնակից է, ըստ նրա` խելոք, հնարամիտ ու ճարպիկ մարդիկ ազատ շուկայի պայմաններում կկարողանան առաջ գնալ, իսկ ով չի կարենում, թող մենակ իրեն մեղադրի: Բայց հասարակության մեջ բոլորը հավասար հնարավորություններ չունեն, ու եթե իդեալական հավասարություն հնարավոր չի, մենք գոնե պայքարում ենք անարդար անհավասարության դեմ: Սարկոզին շատ է օգտագործում մի բառ` արժանի, եւ այդ բառն ինձ խանգարում ու ճնշում է: Ի՞նչ է նշանակում արժանի, եթե շատերը նույնիսկ հնարավորություն չունեն դրսեւորել իրենց, խելոքների, ճարպիկների, փող ու կապեր ունեցողների հետ մեկնարկային հավասար շանսեր չունեն, որ դրանից հետո պարզվի, թե ով ինչ արժանիք ունի: Պետության դերը միայն ՙարժանիներին»կանաչ ճանապարհ տալը չէ, պետությունը բոլորինն է: Մի երկու տարի առաջվա Եվրամիության Սահմանադրությանը իմ բարեկամներից շատերը «ոչ» ասեցին հենց էդ ազատ շուկայի պատճառով, նրանք ուզում են, որ Սահմանադրությունը ոչ թե տնտեսական կողմնորոշվածություն ունենա, այլ` սոցիալական: Իսկ ընկերուհիներիցս մեկն էլ, որ լեսբուհի է, ինձ ասեց` առաջին անգամ այդ Սահմանադրության մեջ հոդված կա, որ պաշտպանում է միասեռականների իրավունքները: Նրա համար մարդու իրավունքներն ու պաշտպանվածությունը ավելի կարեւոր են, քան ազատ շուկայի կողմնորոշվածությունը: Ինձ համար էլ առաջնայինը նվազագույն հարգանքն է մյուսի, քեզնից տարբերի, սեւի, արաբի, հոմոյի հանդեպ, ու ես այդ Սահմանադրությանն «այո» ասացի: Աբսուրդ Շովինիզմ Ես - Ֆրանսիայում հայերի ազգային փոքրամասնություն լինե՞լն է քեզ նման հանդուրժողականության ու հարգանքի դիրքորոշում սովորեցրել այլ փոքրամասնությունների, օրինակ, սեռական փոքրամասնության հանդեպ: Նա - Գիտես, հայերը վաղուց արդեն խտրական վերաբերմունքի չեն արժանանում Ֆրանսիայում: Չնայած ես, օրինակ, մի քանի տարի առաջ չկարողացա տուն վարձել, քանի որ տանտերն ասեց`տունն ազատ չէ, իսկ մի երկու ժամ հետո, երբ ֆրանսիացի ընկերս նրանց դիմեց, պարզվեց`լավ էլ ազատ է: Հասկացա, որ իմ օտար ազգանվան պատճառով տունն ինձ վարձու չտվեցին: Հայրիկս էլ, որ 32 թվին է Ֆրանսիա եկել, պատմում էր, որ այդ օրերին իրենց ասում էին`սալ աղմենիան (կեղտոտ հայ): Բայց ես հիմա, ընդհանուր առմամբ, ոչ մի խտրականություն չեմ զգում, գուցե այն պատճառով, որ մշակութային ասպարեզում եմ, իսկ այնտեղ շատ ավելի հանդուրժողականություն ու ազատամտություն կա: Գուցե եթե ինչ-որ մի ոչ մշակութային հիմնարկում աշխատանք փնտրեի, CV-ները նայելիս, առանց կարդալու, հենց առաջին հայացքից օտար ազգանունովինը մի կողմ դնեին, չգիտեմ: Բայց հայերը հիմա Ֆրանսիայում շատ լավ վիճակում են, «յան»-ով վերջացողը ճանաչելի է որպես հայի ազգանուն, ոչ թե արաբի:
Ամեն ֆրանսիացի մի հայ ընկեր ունի, իսկ սեւամորթների կամ արաբների համար շատ ավելի բարդ է: Ինչ վերաբերում է միասեռականներին, նկատել եմ, որ Հայաստանում շատ վատ են վերաբերվում նրանց, երեւի այդ պատճառով էլ նրանք թաքնված են մնում, իսկ թաքնված չի նշանակում, որ չկա, նշանակում է, որ հասարակության մեջ կան ստիպված թաքնվողներ, որ դժբախտ են, դժբախտ են նաև նրանց կեղծ ընտանիքները, իսկ դրանից, չեմ կարծում, որ մյուսներն իրենց երջանիկ ու ապահով կարող են զգալ: Մի քանի օր առաջ մի սրճարանում էինք, ուր մատուցող տղաներից մի քանիսը ակնհայտորեն միասեռական էին, ու մեր սեղանակիցներից մեկը դժգոհ ասեց`այ քեզ բան: Ֆրանսիայում իմ ամենամոտիկ ընկերների մեջ կան միասեռականներ ու հաճախ ինձ հարցնում են` բա ե՞րբ մեզ ցույց կտաս Հայաստանը: Իսկ ես, որ այստեղ հաճախ հիշում եմ ընկերներիս ու մտածում`վայ, ինչ լավ կլիներ կողքս լինեին, հանկարծ մտաբերում եմ այս վերաբերմունքը: Կոշմաղ (մղձավանջ), հնարավոր չէր լինի, ես չէի ուզենա, որ ընկերներս Հայաստանում իրենց ճնշված ու վատ զգային:
Ես - Ի՞նչ ես կարծում, Հայաստանում գոյություն ունեցող այդ անհանդուրժողականությունը ոչ միայն սեռական փոքրամասնությունների, այլև կրոնական տարբեր խմբերի`աղանդավորների հանդեպ ինչի՞ հետևանք է, ի՞նչ արմատներ ունի:
Նա - Վերջերս, չեմ հիշում «Լը Մոնդում» էր, թե «Լիբերասիոնում» Հայաստանի մասին մի բան կարդացի, որ մի արտահայտությամբ էր բնութագրում երկրի վիճակը` «աբսյուղդ շովինիզմ»: Ես էլ, երբ հայկական հեռուստատեսություն եմ նայում ու տեսնում, թե ինչպես է կեսգիշերին ֆիլմը կամ հաղորդումն ընդհատվում, որպեսզի ցուցադրվի Հայաստանի զինանշանն ու հնչի հիմնը, ինչպե՞ս բացատրեմ զգացողությունս: Վախենում եմ, վախ եմ զգում: Այս նացիոնալիստական իշխող միտումներն ու տրամադրությունները գուցե Հայաստանի փակ վիճակից են, չգիտեմ:
Մենք ու Եվրոպան Ես - Իսկ դու ոչ որպես հայ, այլ որպես Եվրամիության քաղաքացի, պատկերացնո՞ւմ ես, թե այս վիճակում Հայաստանը կարող է մտնել Եվրամիություն: Նա - Օ~, չգիտեմ, էս վիճակում հաստատ`չէ, սա ֆեոդալիզմի վիճակ է, բայց ես քաղաքականության մեջ չեմ կարող խորանալ, ու խոսքը միայն քաղաքականության մասին չի, այլ հայ մարդու եվրոպացի դառնալու: Եսիմ: Ես - Իսկ, առհասարակ, որպես եվրոպացի, հայաստանցիների հետ քո շփումների ու հանդիպումների ընթացքում ի՞նչ դեպքերում ես անհաղորդության պատին բախվում:
Նա - Ոչ միայն ես, կարծում եմ`շատ եվրոպացիներ նման անհաղորդ վիճակում կհայտնվեն այստեղ, քանի որ Հայաստանում խոսակցությունների մեջ հաճախ կլսես աստված, բախտ, ճակատագիր, կարմա բառերը: Դրանք ինձ լրիվ օտար բառեր են, բայց այստեղ դրանցով են բացատրում շատ երևույթներ: Այստեղ կարծես մարդու ներքին հոգեկան աշխարհի մասին չեն խոսում: Նույնիսկ մարմնին ամենամոտիկ «սթրես» բառն էլ, որ էլի շատ են ասում այստեղ (սթրեսից հիվանդացա, ներվերս քայքայվեց), օգտագործում են `նկատի ունենալով իրենցից դուրս մի պատճառ: Սթրեսի մեջ ես, քանի որ դրսում աղմուկ է, քանի որ շեֆդ վատն է, և այլն: Ես բոլոր այդ բառերի տեղ օգտագործում եմ ֆրոյդյան հոգեվերլուծության բառապաշարը`առանց մասնագետ լինելու: Սա շատ մեծ տարբերություն է հայաստանցու և եվրոպացու միջև, սա ինձ համար պատնեշ է դիմացինի հետ հաղորդակցվելիս: Այստեղ կարծես մարդու ենթագիտակցությունը բոլորովին նկատի չեն առնում, բայց չէ՞ որ հետաքրքիր է իմանալ, թե ինչու, օրինակ, քո կյանքում կրկնվում են որոշ բաներ, ինչո՞ւ ես շարունակ նույն սխալն անում: Ինքդ քեզ ճանաչելու և վերլուծելու փոխարեն` անընդհատ ուրիշ տեղ են փնտրում պատճառը, իսկ այդպես հնարավոր չի, որ պրոբլեմներդ լուծես, ցավդ հասկանաս, այդպես անընդհատ կհայտնվես նույն ՙփորձանքի»կախարդական օղակի մեջ:
|