|
Նիկոլ Մարգարյան Երկու շաբաթ առաջ էր… Երևանից Գյումրի մեկնող միկրոավտոբուսը (գազելը) Թալինի մերձակայքում կտրուկ գցեց արագությունը: Գլորվելով մի կերպ հասանք Ազատան: Ուղևորները սկսեցին տրտնջալ: Ուզում էին լույսով քաղաք հասնել: Պարզվեց վառելիքը չէր բավարարում և վարորդը փորձում էր խնայողաբար այն օգտագործել: Մարալիկի մոտերքում մի տեղ, այնուամենայնիվ մեքենան կանգ առավ լիցքավորվելու: Քսան րոպե ուղևորները ստիպված եղան ԱԳԼՃԿ -ի սպասասրահում սպասել: Երբ կրկին տեղավորվեցինք միկրոավտոբուսում, ուղևորներից մի կին չկարողացավ զսպել զայրույթը և բարձր հայտարարեց, որ այս անգամ Մարտուն Գրիգորյանին չի ընտրելու: Մարտուն Գրիգորյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Շիրակի մարզային կառույցի ղեկավարն է, ՀՀ ԱԺ պատգամավոր, որն ընտրվել է Գյումրիից և հանդիսանում է «Տրանս-Ակնթարթ» ՍՊԸ-ի ոչ պաշտոնական ղեկավարը (2003-2007 թթ նա եղել է այդ ՍՊԸ տնօրենը և «Հայավտոկայան» ՓԲԸ-ի Գյումրու ավտոկայանի պետի տեղակալը): Գազելը, որով մի կերպ մթով հասանք Գյումրի, պատկանում էր «Տրանս-Ակնթարթ» ընկերությանը: Երեք օր առաջ Երևանի ավտոկայանի Գյումրի մեկնող միկրոավտոբուսների կայանատեղի առջև մեծ հերթ էր: Ուրբաթ էր, ամեն շաբաթվա ուրբաթ օրվա պես: Միկրոավտոբուսները ուշանում էին: Իսկ երբ կես ժամը կամ քառասուն րոպեն մեկ հայտնվում էին, ապա մեծ իրարանցում ու հրմշտոց էր սկսվում և ամենազոռբաներն ու անկարգները հաջողեցնում էին ներս թափանցել, իսկ ավելի վաղ սպասող կարգապահ ուղևորները մնում էին դրսում: Անմիջապես Գյումրի մեկնող միկրոավտոբուսների կայանատեղի հարևանությամբ Վանաձորի միկրոավտոբուսների կայանատեղն էր: Ուղևորները հանգիստ, առանց ավելորդ քաշքշուկի, նախապես գնված տոմսերով, հերթով տեղավորվում էին իրենց տեղերում: Միկրոավտոբուսներն էլ մեծ մասամբ «Ֆորդ» մակնիշի էին ու ոչ թե մարդատարի վերափոխված բեռնատար գազելներ: Գյումրեցի ուղևորներից մեկը գլխի շարժումով ցույց տալով վանաձորցիների կողմը՝ արտաբերեց. «որովհետև կիրովականցիները ղեկավար ունին»: Գյումրեցի մեկ այլ ուղևոր վրա բերեց. «որովհետև իրենց գծի տերը Բարգավաճ Հայաստանից չէ»: Մի ժամ ու կեսից ավելի սպասելուց հետո որոշեցի տաքսիով գնալ: Ծանոթներիցս մեկի հետ ընտրեցինք քիչ թե շատ համեստ արտաքինով վարորդի ու տեղավորվեցինք նրա գազ 3110 մեքենայում: Ավտոկայանից հեռանալիս՝ որսացի մեզ երանի տվող ուսանողների և տարեց մի քանի կանանց հայացքները: Նրանք, երևի դեռ երկար կմնան ավտոկայանում, որովհետև գրպանում բավական գումար չունեն…
Մեզ տեղափոխող մեքենայի թափքը երերում էր: Վարորդից հետաքրքվեցինք անսարքությունը չվերացնելու պատճառի մասին: Ասաց, որ ղեկավարները համարյա տիրություն չեն անում իրենց մեքենաներին: Պարզվեց, որ մեքենան պատկանում է «Տրանս-Ակնթարթին»: Թալինի մոտ տաքսին կանգ առավ: Վառելիքը սպառվել էր: «Մե րոպեմ սպասեք, զապրավկա էղնինք»: Մի րոպեն անցավ ութ րոպեում: Այսօր, 2011թ. նոյեմբերի 8-ին, երկուշաբթի պետք է նորից Երևան գնայի: Ծանոթ վարորդս գործեր ուներ ու ես ստիպված էի մեկնել «Տրանս ակնթարթի» գազելով: Ժամը 09.10 րոպե հասա Գյումրու ավտոկայան և ականատես եղա այն տեսարանին, ինչը արդեն սովորական է… Հինգ-վեց գազելի ուղևոր ու ոչ մի գազել…և «էստի համեցեք» բղավող տաքսիների վարորդներ իրենց փնթի արտաքինով, աջ ու ձախ թքելով և սիգարետները դեղնած ատամների արանքում ծամելով: Իսկ ուղևորները փնթփնթում էին նույն բողոքները շուրթերին՝ «էս ի՞նչ երկիր է… սաղ իրենցով են արել… տոմս ինչի՞ չեն վաճառում…մի օր էստեղ կարգ ու կանոն չտեսանք…»: Ավտոկայանում աշխատող ծանոթիս հարցրի թե. «Ըստ հայտարարությունների՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների թիվն աճում է, բայց ավտոկայանը չի բարգավաճում»: «Ո՞նց է շատացել,- զարմացավ, -իսկ դու գրվել ե՞ս»: «Իսկ դու՞»,- հակադարձեցի: Ձեռքը թափ տվեց ու հեռացավ: Երեք գազել բաց թողեցի: Արդեն առաջին տեղերը «բրոնյա» արած գալիս էին: Գազելների վարորդներն են ընտրում թե ինչ չափսի ու սեռի ուղևորներ պետք է նստեն իրենց կողքին: «Զբաղված է, հենց ըդպես»- նետեց վարորդներից մեկը դժգոհող ուղևորի երեսին: «Բայց ե՞րբ էր զբաղված, ախր իրենք մեզնից ուշ էկան»,- ծղրտաց անճար կինը:
Հետո եկավ չորրորդ գազելը ու ինձ վերջապես հաջողվեց նստել: Քիչ անց հայտնվեց փող հավաքող աշխատակիցն ու հրամայեց փողերը արագ պատրաստել: Կողքիս նստած ակնոցավոր կինը զարմացավ. «Այ քեզ խոսելու շնորհք»: «Սա դեռ ի՞նչ է, այ քուր ջան,- արձագանքեց դռան մոտ նստած կինը,- Անցած անգամ փողը մի ջահել տղա էր հավաքում: Դու պիտի տեսնեիր թե ոնց էր խոսում հետս: Ինձ ասում էր, թե էս հինգ հազարանոցը ընչի կուդաս: Տա՛ր մանդրե բեր: Ասի տղա ջան, փող մանրելը ձեր գործն է: Քիչ էր մնում ինձ մեքենայից իջեցներ ու փող մանրելու ուղարկեր: Լավ է, մի տղամարդ միջամտեց ու կարգի հրավիրեց էդ սանձարձակին»: Կողքիս նստած կինը զարմանքից թե զայրույթից չգիտեր ինչ ասեր:
Վերջապես հայտնվեց վարորդը ու գազելը շարժվեց տեղից: Գազելը չէր տաքացվում և շուտով զգացի, որ ոտքերս սառչում են: Բայց մի բան մխիթարող էր՝ վարորդը չէր ծխում: Գոնե մաքուր օդով կգնանք: Թե չէ արդեն էլ համբերություն չկա: Հոգնել եմ վարորդներին զգուշացնելուց, որ չծխեն: Տասից ինը ծխում է ու հոխորտում դժգոհող ուղևորների վրա: Մի անգամ մեկը նույնիսկ ասաց՝ եթե չծխի, պիտի դանդաղ քշի: Ու դանդաղ քշեց: Էլի մթով հասանք Գյումրի: Չէ, լավ է, որ էս վարորդը չի ծխում ու հանգիստ է քշում: Էդպես մտածում էի ու…մեկ էլ գազելը կանգ առավ: Պահո, մտածեցի. աչքով ե՞մ տվել: Կամ էլ երևի գազն է վերջացել… Շրջվեցինք ու տեսանք, որ մեր վարորդը պարանը հանել է, որ կապի հետևում կանգ առած տաքսիի /s5731 համարանիշով/ առաջնամասին: «Ի՞նչ է պատահել վարորդ», հարցրեցին ուղևորները: «Մեր տաքսիներից է, խոդի չի ընկնում: Քաշենք խոդի ընկնի»: Ես ջղայնացած լքեցի մեքենան ու գնացի մոտակա այգու կողմը: Հետ վերարդարձա տաքսու վարորդի բղավոցի վրա: «էս ու՞ր ես այ տղա, շուտ արա նստի», ասում է ինձ: Պահանջեցի, որ խոսելու տոնը փոխի. «Ինչու՞ մեքենադ սարքին չի ու դեռ քո պատճառով կանգնել ենք»: 15 րոպե էդ մեքենան էինք տեղից պոկում: «Մարդ է, օգնենք», ասում է գազելի վարորդը: «Մի հոգին ինչու՞ պիտի 16 հոգու սպասեցնի», - հարցնում եմ: «Դե հիմա, մեքենա է, փչացել է, մի օր էլ մերը կփչանա», - արդարանում է: Ասում եմ՝ «թող ՍՊԸ-ն տիրություն անի, որը մեքենաները ճանապարհի կեսին չփչանան»: «ՍՊԸ-ն հազիվ իր փողերը հավաքի», - պատասխանում է: Դռան մոտ նստած կինը փորձեց հանգստացնել ինձ. «Տղան ջան, էդպես մի ջղայնացիր, ջահել ես, ինֆարկտ կստանաս: Հըմի ինֆարկտը շատ է տարածված»: Ատամներս մի կերպ սեղմած հասա Երևան: Իջնելիս վարորդը մխիթարում է, թե. «բան չկա ախպերս, մեր ձեռն ի՞նչ ճար կա»:
Խառը մտքերով հասնում եմ համալսարան ու սկսում եմ դասախոսությունը: Դասախոսության կեսից ուսանողներիցս մեկը մոտենում ու խնդրում է, որ իրեն մի քիչ շուտ թողնեմ գնա տուն: «Աբովյան եմ գնալու,- ասում է,- հետո ավտոբուս չի լինի»: «Բա հիմա ի՞նչ ավտոբուսով ես գնալու», - հարցնում եմ:
-Հատուկ ուսանողների համար գազել է, Գագիկ Ծառուկյանն է տրամադրել:
-Բոլորը կարո՞ղ են օգտվել:
-Ո՛չ, միայն ԲՀԿ երիտասարդ անդամները: -Բայց, ախր կուսակցության անվանումը Բարգավաճ Հայաստան է ու ոչ թե՝ ԲՀԿ անդամ դարձածների բարգավաճ Հայաստան: Իրիկունը շտապ հասնում եմ տուն ու որոշում եմ սրա մասին անպայման մի հոդված գրել: |