|
Լևոն Մարգարյան
Վերջին մի քանի ամիսներին, մի կողմ թողնելով այն բարդույթս, թե հայկական ռոքը §դրսինին¦ չի հասնի, սկսեցի ավելի հաճախ այցելել ռոք ֆեստերին, համերգներին, հետևել խմբերի գործունեությանը: Այն ամենն, ինչ կուտակվել էր իմ մեջ այդ ամիսների ընթացքում, իր ամփոփումը ստացավ օրերս «Արարատ» մշակութային ալիքով կայացած մի քննարկումով, որը նվիրված էր հայկական ռոքին: Մինչև հաղորդման սկսկվելը, արդեն տեսնելով երաժիշտների դեմքերը, ուրախացա, մտածելով, որ վերջապես կարող է քննարկում գնալ, ասենք սոցիալական այնպիսի խնդիրների մասին, որոնք իրավասու է լուծելու միայն արվեստը: Սխալվեցի: Ռոքերները հավաքվել էին շոու – բիզնեսի հարցերով զբաղվելու:
Բախտի բերմամբ, երևի, դաստիարակվել եմ ռոք երաժշտության հնչյունների տակ: Վերջին տարիներին, տարված «ծաղիկների հեղափոխության» գաղափարներով, ռոքին փորձում էի մոտենալ ոչ միայն գեղագիտական, այլև բարոյագիտական տեսանկյունից: Երիտասարդական մաքսիմալիզմն էլ մի կողմից, ռոքից մի կրոնական գաղափարախոսության նման համակարգ էի փորձում քամել: Այդ է պատճառը, որ ռոքերի չափանիշները իմ մոտ հոմանիշ էին մարտնչող արվեստագետի չափանիշներին: Պատահական չէ, որ հեղափոխությունն ու ռոքը ծնվեցին ու զարգացան իմիմյանց զուգահեռ: Ու ամնենակարևորը, ռոքերի չափանիշները առաջին հերթին «երիտասարդ» մարտնչող արվեստագետի չափանիշներին պետք է համապատասխանի:
Հետ գնանք ասված քննարկմանը. Արվին Քոչարյանը, որի մասին կարծիք է ձևավորվել, թե արդի հայ իրականության ռոք «շնաձկներից» է, տեսակետ էր հայտնում, թե ռոքը կապ չունի անկեղծության հետ, որ ռոքը պարզապես երաժշտության տեսակ է: Զարմանացած էի: Ռոքը ծնվեց ու պայքարում էր դեմագոգիայի ու կոնֆորմիզիմի դեմ, փոխարենը քարոզելով անկեղծություն և անհանդուրժողականություն: Ազատության այն ճիչերը, որոնք դուրս էին գալիս Ռ. Փլանթի կամ Յ. Գիլանի կոկորդներից`վնասելով նրանց ձայնալարերը, ոչ այլ ինչ էին, քան անկեղծության ու անհանդուրժողականության կոչ:
Հատկանշական էր նաև, դեռ մի քանի օր առաջ Գյումրիում Վերջին զանգի միջոցառմանը քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պատվերով՝ նրա իսկ գովքն անող և պապսա համերգ վարող «32 ատամի» Գարիկի ակտիվությունը, մասնավորապես, ռոք-մասս-մեդիա փոխհարաբերություններին վերաբերող քննարկումում: Նրա կարծիքով Ռոքը պետք է հայտնվի ԶԼՄ-ներում, իսկ ռոքերն էլ կարող է զբաղվել և´ ռոքի և´ պապսայի տարածմամբ (իհարկե այս վերջինն ուղղակի չասվեց, բայց ամբողջապես բխում էր նրա կեցվածքից): «Էմփիրեյի» ուստա Սաքոն էլ բաց չթողեց շանսը, և մի պահ իրեն` Ջիաննիում շանսոն երգողի դերից տրանֆորմացիա արեց իր` ռոքերի շատ զիլ ու հարուստ բառապաշարով ուղեկցվող դերին:
Անկեղծ ասաց, շատ էի հիասթափվել: Միացրեցի Փոլ Ռոջերսի համերգներից մեկը, մի քիչ ուժերս վերականգնեցի ու փորձեցի հասկանալ եղածը:
Այսօր մեր երիտասարդությունը թափառում է օդնոկլասսնիկյան բավիղներում, ավելի զարգացածները՝ ֆեյսբուկյան թավուտներում, ստեղծագործական ոգին հասել է զրոյի, Արմենչիկ ու Արտաշ լսողը գալիս է Փարփլի համերգին, քուչի բարբառով ջինգեր անողները մասնակցում են լեզվի մասին օրենքի կողմ և դեմ միջոցառումներում, բուհերում ուսանող թե դասախոս զբաղված են ինքնախաբեությամբ: Մյուս կողմից այդ ամենը քողարկվում է մեր հայկական ավանդականության ու հայրենասիրական դեմագոգիայով ու ամենի ինչ կարծես թե շատ պայծառ է Հայաստանում:
Լռում են այն մարդիկ , ովքեր պարտավոր են գոռալ, չեն մտածում այն մարդիկ, ովքեր պարտավոր են ստեղծագործել: Իսկ հայկական ռոքի տառապող հոգիները թող շարունակեն Ջիաննում շանսոն երգել, կամ Եվրատեսիլում բեք-վոկալ ապահովել:
Երիտասարդություն գումարած ինտելեկտուալներ` ահա այս էր այն ամբողջ ներուժը, որը ցնցեց ավելի հզոր Արևմուտքը նախորդ դարի կեսերին: Ինչո՞ւ չփորձենք, ինչու՞ չպայքարենք: Սկսենք մեզնից` երիտասարդներից, սկսենք մեր սխալների քննադատությունից, հասկանանք ու տարբերակենք լավն ու վատը: Իսկ հայկական ռոքի «տառապող հոգիները» թող շարունակեն քրեական սերիալների համար սաունդ– թրեկներ գրել:
Մի խոսքով, ես երիտասարդ եմ ու հավատում եմ, որ կա իսկական ռոք ու իսկական հեղափոխություն: Վերջում Վարդան Պետրոսյանի խոսքերով` խնդրանք շանսոնի անվան տակ բուտիրկա երգող հայ ռոքերներին` լրջացեք տղերք, վիճակը լուրջ է:
|
Husov em, vor mi or mer jamanakakic rock lsoghnern u ergoghner@ khaskanan, vor rock@ kensakerp e, voch te jashak, vor rock chen lsum, rock aprum en...
շատ ապրես
շատ է երևում: Ռոքը պետք է տեսնեն միայն իրական սիրահարները: