|
Աղասի Թադևոսյան ՀՀ-ում 2008-ի ապրիլից մեկնարկել են լայնածավալ ռեֆորմներ բոլոր ոլորտներում` հասարակական-քաղաքական, տնտեսական, սոցիալական և այլն… և այդպես շարունակ բլա~, բլա~-, ասում է Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը:
Տպավորությունն այնպիսին է, որ մենք մի Հայաստանում ենք ապրում, Արմենը` մեկ այլ: Բայց արդյո՞ք ընդամենը տպավորությունն է այդպիսին, թե հենց դա է իրականությունը, քանի որ արդեն վաղուց մեր երկրում ժողովրդի Հայաստանը մի երկիր է, իշխանության Հայաստանը` բոլորովին այլ: Ժողովրդի Հայաստանում մարդիկ վաստակում են ամսեկան, լավագույն դեպքում, մի 100-150 հազար դրամ, դեսից դենից մի 50-100 հազար էլ են ճարում ու յոլա գնում:
Իշխանության Հայաստանում պոռնիկը մեկ ժամում վաստակում է ավելի շատ, քան ժողովրդի Հայաստանում Հ Հ Գիտությունների Ազգային Ակադեմիա բարձրագոչ ու հպարտ անունը կրող հաստատության ավագ գիտաշխատողը ամբողջ ամսում: Կարելի է նշված երկու Հայաստանների մասին շատ խոսել, բայց փաստն այն է, որ այդ երկու Հայաստաններն ապրում են յուրաքնչյուրն իր աշխարհում և ժամանակ առ ժամանակ հանդիպում են բացառապես մի կետում` կոռուպցիայի ու կաշառակերության: Իսկ այդ կետում պարբերաբար հանդիպելով ու բաժանվելով`մարդիկ ստիպված են ամեն օր լսել իշխանության ներկայացուցիչների իմաստուն մտքերը` ՀԿ-ն երկրում հաղթահարել է աղքատությունը, իսկ քաղաքական պայքարում որոշիչը հավաքված մարդկանց բռունցքը չէ, այլ ինտելեկտը … բլա~ բլա~… ՀՀԿ-ն քաղաքապետի ընտրություններում առաջնորդվել է հետևյալ տրամաբանությամբ. մեկտեղել փորձը, եռանդը, գիտելիքը… բլա~ բլա~… |