|
Աղասի Թադևոսյան Մեր հոդվածներից մեկում նկատել էինք, որ կոռուպցիան Հայաստանում «վլաստ» ունեցող վերնախավի կողմից ձևավորված մի մեխանիզմ է, որով այդ վերնախավը պետական իշխանությունը օգտագործում էսեփական ունեցվածքային ու կարգավիճակային ստատուսը և արտոնությունը պահպանելու ու վերարտադրելու նպատակով:
Դատելով հասարակական հարաբերություններում և կարգավիճակային աստիճանակարգի ձևավորման հարցում կոռուպցիայի գործառույթից՝ կարելի է ասել, որ այն անմիջական ազդեցություն ունի մեր հասարակությունում հնարավորությունների անհավասարության և բևեռացման խորացող իրավիճակի վրա: Ըստ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) իրականացրած վերջին հետազոտությունների` բավական տարածված է այն կարծիքը, որ կոռուպցիան արգելափակում է մարդկանց անհրաժեշտ այս կամ այն խնդիրը լուծելու ուղիները: Այսինքն, կարելի է ասել, որ կոռուպցիան սահմանափակում է մարդկանց հնարավորությունները, և շատերը չեն կարողանում լիարժեք օգտվել իրենց հասանելիք անհրաժեշտ ծառայություններից, հասնել իրենց համար կարևոր հարցերի լուծմանը, որի ճանապարհը գտնվում է այս կամ այն պետական հաստատության մեծ կամ փոքր պաշտոնյաի ձեռքում: Այդ պաշտոնյան, փաստորեն, տիրապետելով իշխանության այնպիսի լծակի, որի միջոցով անարգել կարող է կասեցնել քաղաքացուն անհրաժեշտ հարցի լուծումը, ստիպում է նրան դիմել կոռուպցիոն գործողության, որի ձևերը, շատ դեպքերում մարդկանց նախապես արդեն հայտնի են:
Հիշատակած հետազոտության տվյալները ցույց են տալիս, որ կոռուպցիոն գործողությունների քաղաքացիներին հաճախ դրդում են պետական տարբեր աստիճանի պաշտոնյաները իրենց կողմից իրականացվող քայլերով և ցուցաբերվող վարքով: Այսպես օրինակ. հարցվածների 26 %-ը նշել է, որ պետական պաշտոնյան իրենից ուղղակի է պահանջել է փող, նվեր կամ այլ տիպի «պարգև»: Իսկ 35 %-ը նշել է, որ պաշտոնյաները իրենց հարցը լուծելու համար ցուցադրել են փող, նվեր կամ վերաբերմունք ստանալու ակնկալիք, իսկ 24 %-ն էլ նշել է, որ իր հարցը լուծելու համար օգտագործել է պետական ծառայողների հետ ունեցած անձնական կապերը: Այսինքն, կարելի է ասել, որ եթե մարդիկ չդիմեին այս կամ այն կոռուպցիոն գործողության, ապա նրանք հնարվորություն չէին ունենա իրենց անհրաժեշտ հարցը լուծելու և ստացվում է այնպես, որ իշխանության կոռումպացվածությունը Հայաստանում դարձել է մարդկանց հնարավորություններն ու ազատությունները խոչընդոտող լուրջ գործոն: Ավելին, սեփական ատնահարվող հնարավորությունները քիչ թե շատ վերականգնելու միակ ճանապարհը շատերի կողմից համարվում է հենց կոռուպցիոն որևէ գործողության դիմելը, քանի որ միայն այդ եղանակով են պետական այս կամ այն տրամաչափի չինովնիկները հանում այն արգելափոկումները, որոնք դրվում են որևէ հարցով պետական մարմիններին դիմելու դեպքում:
Սակայն պետք է նկատել, որ կոռուպցիան, բացի հնարավորությունների սահամանափակման վերը նկարագրված հատկանիշից ունի նաև հնարավորությունների բևեռացում ձևավորելու հատկանիշ: Եթե հարցման մասնակիցների 61.3 %-ը գտնում է, որ կոռուպցիայի հիմնական դրդապատճառն այն է, որ «գործը գլուխ բերելու այլ ուղի չկա», իսկ 46.5 %-ի կարծիքով այն արագացնում է գործընթացները, ապա պետք է եզրակացնել, որ կան «գործը գլուխ բերելու» կամ արագացնելու հնարավորություն ունեցողներ, կամ ժողովրդի մեջ ընդունված արտահայտությամբ՝ «հարց լուծողներ», ումից կախված է մնացածի գործերը հաջողելու կամ ընթացքը արագացնելու հարցը:
Ստացվում է այնպես, որ նրանք, ովքեր որ տիրապետում են կոռուպցիայի հնարավորություն ընձեռող իշխանական լծակների, որոշում են նաև այլոց հնարավորություն տալու կամ չտալու հարցը և, հետևաբար, իրենք ունեն ավելի մեծ հնարավորություններ: Պատահական չէ, որ ըստ մեր փորձագիտական դիտարկումների, հաճախ այս խնդիրներին առնչվող կարծիքներում առանձնահատուկ կարևորվում են հենց հնարավորությունները: Ունենալ մեծ հնարավորություններ նշանակում է տիրապետել իշխանության կամ կոռուպցիոն հզոր լծակների: Կամ ավելի պարզ ասած՝ մեզ մոտ իշխանութունն ընկալվում է գլխավորապես և առաջին հերթին որպես կոռուպցիայի լծակ: Այս առումով կոռուպցիան բացի նրանից որ հանդիսանում է իշխանության մատչելիությունը սահմանափակող գործիք և իշխանության մատչելիության սահմանափակման միջոցով սահմանափակում է նաև մարդկանց հնարավորությունները, այն նաև իշխանություն ունեցողների համար ծառայում է որպես իշխանությունը չարաշահելու և սեփական հնարավորություններն ընդլայնելու միջոց: Ստացվում է այնպես, որ կոռուպցիան, մի կողմից՝ նվազեցնում է բնակչության հիմնական մասի հնարավորությունների վերին սահմանը, մյուս կողմից՝ ընդլայնում իշխանության համակարգում գտնվողների հնարավորությունների սահմանները` խորացնելով հնարավորությունների բևեռացումը:
Ընդհանրապես այս հիմնախնդիրը մեզ մոտմ քիչ կարևորվողներից է: Ավելի շատ կարևորվում է կոռուպցիոն մասնակի դրսևորումներ ցուցադրաբար բացահայտելու ու պատժելու պրակտիկան, ինչն ըստ էության առանձնապես ազդեցություն չի ունենում կոռուպցիայի կենսագործունեության վրա: Մենք պատահաբար չենք օգտագործում կենսագործունեություն բառը, քանի որ Հայաստանում կոռուպցիոն համակարգը ապրում և զարգանում է որպես օրգանական այնպիսի մի ամբողջություն, որը հաղթահարելու համար պետք է ընդհանրապես փոխել հասարակական ու պետական զարգացման կոնցեպտուալ հիմքերը:
Ըստ հիշատակված հետազոտության՝ Հայաստանում կոռուպցիայի տարածվածությունը ծայրահեղ ծավալներ ունի: Տեսեք ինչ է կատարվում. հարցվածների 63 %-ն է համարում է, որ կոռուպցիան Հայաստանում լուրջ խնդիր է, և հետևաբար գործ ունենք համատարած կոռուպցիայի հետ: Իսկ եթե դրան հավելենք նաև այն, որ կոռուպցիոն գործողության դիմելը դարձել է «գործը գլուխ բերելու» համարյա թե միակ ձևը, ապա կոռուպցիայի մասին կարելի է խոսել որպես ոչ միայն հնարավորությունների բևեռացման, այլ նաև՝ բնակչության մի զգալի խավի մեջ հնարավորությունների աղքատության ձևավորման պատճառի մասին:
Հատկանշական է, որ հնարավորությունների անհավասարությունը կամ աղքատությունը, ըստ վերջերս իրականացված մի շարք որակական հետազոտությունների, հաճախ դառնում են նաև հնարավորությունների աճի ակնկալիքներ ունեցող և դրանք Հայաստանում իրականացնելն անհնարին համարող անձանց արտագաղթելու պատճառ: Այսինքն, կոռուպցիայի տարածվածության աստիճանը, որի արդյունքում ընդլայնվում են իշխանության հետ անձնական կապեր ունեցող շրջանակների հնարավորությունները և սահամափակվում նման կապեր չունեցողներինը, դարձել է մարդկանց ինքնարտահայտման հնարավորությունների սահմանափակման լուրջ խոչընդոտ:
Ըստ էության, կոռուպցիան, որպես հնարավորությունների սահմանափակում և հնարավորությունների բևեռացում ձևավորող երևույթ, դարձել է երկրի հիմնական ռազմավարական ռեսուրսի` մարդկային ռեսուրսի զարգացման և տնտեսական, քաղաքական, մշակութային ու հասարակական կյանք ստեղծագործորեն ներդրվելու ու հավելյալ արժեք ձևավորելու լրջագույն խոչընդոտ: Սա նշանակում է, որ այս ընթացքի պարագայում Հայաստանում պարզապես կամրապնդվեն այսպես կոչված կախյալ կապիտալիզմի հատկանիշները և ինքնուրույն զարգացման անկարողությունը կդառնա երկրի հիմնական բնորոշիչ հատկանիշը:
Դրա արդյունքում սովորաբար տվյալ երկրում իշխանությունը դառնում է կոռուպցիոն մեխանիզմների ու լծակների ամբողջություն ներկայացնող մի համակարգ, որի գործունեության նպատակը առկա բոլոր ռեսուրսների նկատմամբ բնակչության մատչելիության սահմանափակումն է, ի շահ իշխանություն ունեցող «արտոնյալների» ոչ մեծ շրջանակների, իսկ պետությունը դառնում է ոչ թե հասարակական բարիք, այլ` հակառակը:
Համաձայնեք, երբ հասարակության մի զգալի հատվածի համար պետությունը դառնում է բեռ, իսկ «արտոնյալ» փոքրամասնության համար անձնական «վլաստի» ու բարեկեցության գործիք, վտանգվում է ընդհանրապես պետության գոյությունը, քանի որ վտանգավորության աստիճան կարող է կրճատվել այդ պետության գոյությամբ շահագրգիռ հասարակական խավերի ու մարդկանց քանակը:
|