|
Աղասի Թադևոսյան 2008-12-10 Կոռուպցիայի և աղքատության պատճառների մեր հետազոտության նյութերում ուշագրավ շատ տվյալներ կան, սակայն դրանցից մեկը հետաքրքիր է յուրովի: Որպես կոռուպցիայի ու աղքատության պատճառ` ի շարս այնպիսի «շաբլոնային» հաստատությունների, ինչպիսիք են ՀՀ նախագահի ինստիտուտը, ՀՀ կառավարությունը, ՀՀ Ազգային ժողովը,
տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարմանմարմինները, նշվում են նաև քաղաքական կուսակցությունները: Համաձայնեք, որ սա որոշ առումով անակընկալ պատասխան է: Բայց այսպես է միայն առաջին հայացքից: Հայաստանում արդեն այնքան սովորական են դարձել այս կամ այն կուսակցության ծախված լինելու մասին խոսակցությունները, որ առանձնապես զարմանք չեն էլ առաջացնում: Վերջին նախագահական ընտրություններն այս առումով թարմացրեցին ու մասնակի սրություն մտցրին այս հարցում: Մասնավորապես, խոսքը գնում է այն միավորումների մասին, որոնք վերջին երկու նախագահական ընտրությունների ընթացքում մի քանի անգամ փոխեցին իրենց կողմնորոշումները, օրինակ, Արտաշես Գեղամյանի ու Արթուր Բաղդասարյանի կուսակցությունները:
Կարելի է իհարկե` նման կուսակցություններն իրենց պաշտոնական անվանումներով կոչել, սակայն քանի որ Հայաստանում կուսակցությունները սկսել են ընկալվել ու մեկնաբանվել, որպես առաջնորդների ու կուսակցական վերնախավի «բիզնես կազմակերպություն», դրա անհրաժեշտությունը, կարծեք թե, վերանում է: Մեզ մոտ վաղուց արդեն խոսակցությունների թեմա է այս կամ այն «կուսակցատիրոջ» «ծախվելու» գինը: Բանը հասել է այնտեղ, որ շրջանառվում են ընդդիմադիր ձևացող առանձին գործիչների իշխանությունից ստացած «կաշառքի» չափերի մասին վարկածներ: Այն, ինչ քաղաքական եզրաբանությամբ կոչվեց «բանակցություններ վարել» ու «կոալիցիա կազմել», մարդիկ անվանում են «բազար անել» ու «ծախվել»:
Կոռուպցիան, թալանը, օրինազանցությունը և նման այլ երևույթներ խիստ քննադատության ենթարկող կուսակցության ու իշխանության դաշնակցային հարաբերությունները հասարակայնորեն ընկալվում են որպես նախարարական պորտֆելներ ստանալու համար իշխանությունների հետ կնքված գործարք: Թվում է, թե որևէ արտառոց բան չկա: Իշխանությանը քննադատող կուսակցությունը շանս ստացավ իշխանության մեջ մտնելու, քննադատվող արատների դեմ պայքարելու համար և չհրաժարվեց դրանից: Սա կարող էր նորմալ հիմնավորում լինել, եթե չլինեին այն ընկալումները, որ Հայաստանում նախարարական ամենահամեստ պորտֆելի տարեկան ամենահամեստ ստվերային եկամուտը հաշվվում է նվազագույնը վեցանիշ թվով: Այսնիքն` նախարարական տեղում մեկ տարվա պաշտոնավարումը, ըստ հասարակությունում շրջանառվող հաշվարկների, նոր միլիոնատիրոջ ձևավորման երաշխիք է դիտվում:
Հարց է առաջանում` ու՞մ և ի՞նչ շահերից ելնելով են կնքվում քաղաքական գործարքները, որոնք ժողովուրդը անվանում է «բազար անել»: Ժողովրդի՞, ում շահերի պաշտպանության լոզունգների ներքո կուսակցությունները քվեներ են ստանում, թե՞ իրենց անձնական բարեկեցության տեսլականը միշտ վառ պահող կուսակցական վերնախավերի:
Հիմք ընդունելով տարբեր կոալիցիաների անպտղությունը` այս հարցի պատասխանը դժվար չէ գուշակել: Անկախության անցած շուրջ քսան տարիները ցույց տվեցին, որ Հայաստանի քաղաքական դաշտը կարելի է ամայացնել այն կոռումպացնելու ճանապարհով: Այսինքն` քաղաքական կուսակցությունը քաղաքական խամաճիկի վեր ածելու տեխնոլոգիան մեր տիպի երկրներում շատ պարզ տեխնոլոգիա է` ընդամենը պետք է կաշառելու ճանապարհով «փչացնել» այդ քաղաքական ուժին: Իսկ կաշառելը Հայաստանում շատ հեշտ է, քանի որ քաղաքական շատ ուժեր հիմնադրվել ու աճեցվել են առաջնորդների ու «կուսակցական վերնախավի» քաղաքական «բիզնես ծրագրի» իրականացման հրամայականով:
Նման ուժերը սովորաբար կազմված են պոտենցիալ կոռուպցիոներ առաջնորդներից, նրանց հետ փայաբաժինը կիսող, կոռումպացվելու հակված կուսակցական վերնախավից և այդ փայաբաժինը կիսողների «էլիտար» շրջանակ ընկնելու երազանքով ապրող կուսակցականներից: Կուսակցականների մի զգալի մասն էլ միամիտ ու պարզունակ շարքային ռոմանտիկներն են, ովքեր անկեղծորեն հավատում են կուսակցական ղեկավարության ազնվությանը և իրենց կողմից հայրենիքին ծառայություններ մատուցելու կարևորությանը: Ավելորդ չի լինի խոսել այն մասին, որ Հայաստանում կուսակցություններն առանձնապես չեն տարբերվում իրենց ֆինանսական գործունեությունը ստվերում վարող տնտեսվարողներից: Այսօր Հայաստանում դժվար թե գտնվի մի կուսակցություն, որի ֆինանսները ստվերում չեն: Այդ առումով Հայաստանի ամենաստվերային օլիգարխը, թերևս, հրեշտակ կարող է թվալ նույնիսկ ամենաընդդիմադիր կուսակցության հետ համեմատելու դեպքում: Որևէ մեկին գաղտնիք չէ, որ ընտրությունների շրջանում ոչ մի կուսակցության ֆինանսական գործունեությունը թափանցիկ չէ: Պատճառները տարբեր են, սակայն փաստն արդեն խոսում է քաղաքական դաշտի ստվերայնության ու կոռումպացվածության մասին:
Այս ֆոնին ավելորդ չէ հիշել ԱԺ և տեղական ինքնակառավարման ընտրությունների հետ կապված այն արտառոց խոսակցությունները, որոնք վերաբերում էին ընտրապայքարի համար նախատեսված գումարները կուսակցությունների ներսում «ուտելու» միջադեպերին: Խոսքը վերաբերում էր հատկապես ընտրակաշառքների համար հատկացված գումարներին, որոնց մի զգալի մասը մինչև ընտրակաշառքի սպասող ընտրողներին հասցնելը մսխվում է միջանկյալ օղակներում:
Հայաստանի քաղաքական համակարգի հիմնական բնութագրիչներից մեկը բոլորիս քաջ հայտնի «դաբրոյի» սկզբունքն է: Այն տրվում ու գործում է ստվերային մեխանիզմով և քաղաքական պայքարում ապահովում է «իշխանության դաբրոն ունեցող» թեկնածուի հաղթանակը:
Սա նշանակում է, որ Հայաստանում քաղաքական համակարգը գործում է ոչ թե օրենքից բխող պայմանագրային փոխհարաբերությունների, այլ` ստվերային բնույթի պայմանավորվածությունների միջոցով: Հատկանշական է, որ մեզ մոտ իշխանությունը ոչ մի հարթությունում ոչ մի քաղաքական ուժի համար չի իրականացնում իշխանության մատչելիության պայմանագրային երաշխավորի իր գործառույթը: Սա Հայաստանում համակարգային կոռուպցիայի ձևավորման գլխավոր քաղաքական պատճառն է: Առաջին հայացքից թվում է, թե կոռուպցիայի հետ առանձնապես կապ չունի այն հանգամանքը, որ քաղաքական գործընթացները, հատկապես իշխանության ձևավորման քաղաքական գործընթացը պայմանավորված է բացառապես ստվերային մեխանիզմներով:
Սակայն կոռուպցիայի դեմ պայքարի ցանկացած ծրագրի, ռազմավարության ու տարաբնույթ հակակոռուպցիոն պետական հաստատությունների ձևավորման մեջ մարդիկ իմաստ չեն տեսնում հենց այս հիմնավորումով, իբր` «գառը գայլին է պահ տրվում»: Իսկ քանի դեռ քաղաքական համակարգը գործում է «գայլերի» կողմից վերահսկվող ստվերային մեթոդներով ու մեխանիզմներով, կոռուպցիան լինելու է քաղաքականորեն խրախուսվող ու քաղաքականորեն վերարտադրվող երևույթ: Իսկ հանուն իշխանության քաղաքական ուժերի պայքարի իրական իմաստը մնալու է կոռուպցիայով հարստանալու հնարավորություն ընձեռող լծակներին տիրանալը: Իսկ եթե դա չի հաջողվում լիովին իրականացնել, ապա խնդիրները լուծվում են «սա ինձ, սա քեզ» կոալիցիոն «փոխըմբռնման» սկզբունքով:
Այսինքն պետք է խոստովանենք, որ կոռուպցիան բնորոշ է ոչ միայն պետական կառավարման համակարգին, այլ նաև այն քաղաքական դաշտին, ում մասնակցությամբ իրականացվում են իշխանության ձևավորման գործընթացները: Հայաստանում կոռուպցիան քաղաքական հենարան ունի ողջ քաղաքական դաշտում: Կոռումպացված են ոչ միայն իշխանություններն ու իշխանական քաղաքական ուժերը, այլ նաև ընդդիմադիրները, ինչի հիմնական պատճառներից մեկն այն է, որ քաղաքական ուժի համար իշխանության մատչելիության խնդիրը լուծվում է ստվերային պայմանավորվածությունների սկզբունքով, ինչն էլ այդ սկզբունքները որդեգրած քաղաքական ուժերին դնում է խմբակային կամ կլանային շրջանակների պատվերները կատարողի դերում:
Կարելի է ասել, որ կոռուպցիայի քաղաքական պատճառների վերացումը պայմանավորված է Հայաստանի քաղաքական դաշտում նոր որակի քաղաքական ուժերի ձևավորմամբ և ապա` իշխանության ձևավորման ու կառավարման վերահսկողության գործընթացներում այդ քաղաքական ուժերի մասնակցության մեծացմամբ:
Ինչ վերաբերում է նոր որակի խնդրին, ապա խոսքն առաջին հերթին գնում է հասարակության, այլ ոչ` խմբիշխանական ուժերի աջակցությամբ իշխանության ձևավորման մեջ հաջողությունների ձգտելուն: Այսինքն կոռուպցիայի դեմ պայքարի իրական ունակություն կարող է ունենալ այն քաղաքական ուժը, որը գաղափարական հենարան ու աջակցություն ունի հասարակության մեջ, ապա` կազմակերպում է իր ներքին հարաբերությունները պայմանագրային, այլ ոչ մասնավոր շահերից բխող պայմանավորվածությունների սկզբունքով:
Միգուցե` ասվածը մեր այսօրվա վուլգար պրագմատիկ աշխարհընկալման տեսանկյունից խիստ վերացական է հնչում, սակայն խնդիրն իմ կարծիքով այն է, որ քանի դեռ նման բաները մեզ կթվան վերացական խոսակցություններ, մենք կշարունակենք մնալ ազգային անվտանգությանը սպառնացող` կոռումպցված հասարակություն ու պետություն:
|