|
Աղասի Թադևոսյան 2008-11-23 Օրերս էլեկտրոնային մամուլում կարդացի Սևանա լճի ջրառի հետ կապված մի արտառոց հրապարակում, ըստ որի հաստատված 360 մլն. խմ ջրի բացթողումն ավելի շատ կապված է ոչ թե էկոլոգիական կամ գյուղատնտեսական հրատապ խնդիրների լուծման հետ,
այլ շատ ավելի կենցաղային հարցի` տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներին պատկանող շինությունները ջրի բարձրացումից փրկելու: Որպես ապացույց բերված էր բնապահպանության նախարարին պատկանող շինության լուսանկարը: Քիչ թե շատ կայացած պետությունում սա կարող էր մեծ սկանդալ համարվել, որը չէր իջնի մամուլի առաջին էջերից, որի շուրջ կսկսվեին տարբեր մակարդակի հետաքննություններ և արդյունքում հրաժարական կտար ոչ միայն բնապահպանության նախարարը, այլ ողջ կառավարությունը: Եթե հրապարակումը համապատասխանում է իրականությանը, ապա սա շատ լուրջ օրինազանցություն է և այն արվել է ոչ թե մեկ պաշտոնյաի, այլ պետական հաստատության կողմից:
Եթե ոչ ամեն օր, ապա շաբաթը գոնե մեկ անգամ կարող ենք կարդալ նման բովանդակության հրապարակումներ: Հատկանշականն այն է, որ այդ պաշտոնյաներից շատերը նաև Հայաստանի ամենաունևոր մարդկանց համբավն ունեն: Այսօր չկա մի եկամտաբեր ոլորտ, որի հետ կապված չշոշափվեն ՀՀ տարբեր կարգի բարձրաստիճան պաշտոնյաների անուններ:
Օրեր առաջ, ՀՀ նախագահն ի լուր համայն հայության հայտարարեց կրթական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի կարևորության մասին` խիստ հրահանգելով բացառել դպրոցներում ամեն տեսակ դրամահավաքները: Այն, որ դպրոցներում մանր-մունր փողեր են հավաքվում, բոլորն էլ հավանաբար գիտեն: Բայց, երբ երկրի նախագահի մակարդակով ցուցադրական քայլ է արվում այսպիսի մանր հարցի շուրջ, որն ըստ էության որևէ կերպ չի նպաստելու պետական անվտանգության համար սպառնալի ձևեր ու չափեր ընդունած կոռուպցիայի հաղթահարմանը, ապա հարց է առաջանում` իսկ ընդհանրապես որևէ պաշտոնյա անձնական շահագրգռվածություն ունի՞ կոռուպցիայի հաղթահարման հարցում:
Հայաստանն այն երկրներից է, որտեղ այս հարցը հռետորական երանգ է ստանում և կորցնում պատասխանի անհրաժեշտությունը` առաջացնելով դառը քմծիծաղ: Այս ֆոնի վրա, մեր շրջապատում օրեցօր ավելի ու ավելի հաճախ ենք լսում, որ «սա երկիր չէ», «այստեղ մեր երեխաները ապագա չունեն»:
Ինչի՞ց են այդպես հիասթափված մարդիկ: Հավանաբար այն բանից, որ կոռուպցիայի դեմ պայքարը ընկալվում ու հնչեցվում է դպրոցների դրամահավաքի մակարդակով: Իսկ հարկային մարմինների կողմից կատարվող ստվերային դրամահավաքը՞, որն ըստ մամուլի հրապարակումների հասնում է միլիոնավոր դոլարների ու հոսում երկրի ամենաբարձր պաշտոնյաների գրպանները: Իսկ դատական համակարգում իրականացվող «դրամահավաքը», իսկ պետական մնացած կառույցների կողմից արվող «դրամահավաքը»: Իսկ ամենաբարձր պաշտոնյաների, նրանց տղաների, փեսաների, եղբայրների, եղբոր տղաների ու բազմապիսի բարեկամների արտոնյալ բիզնեսը:
Օրեր առաջ կոռուպցիայի հիմնախնդրի շուրջ քննարկումներից մեկում երևույթի հիմնական պատճառների թվում առանձնացվում էր բիզնեսի ու իշխանության սերտաճումը: Այսինքն` իշխանությունն օգտագործվում է ոչ միայն հսկայական չափերի դրամաշորթության լծակները գործի դնելու, այլ, որ ավելի քայքայիչ է, իշխանության ընձեռած ուժային, վարչական, օրենսդրական, դատական, տեղեկատվական ու ազդեցության այլ լծակները սեփական գործունեությանը անվերահսկելիորեն ծառայեցնելուն և երկրի մնացած քաղաքացիներին եկամտաբեր գործունեության ոլորտներից դուրս մղելուն:
Այն, որ բիզնեսը սերտաճած է իշխանությանը հատուկ ապացույցների կարիք չունի: Բավական է միայն նայել Ազգային Ժողովի կազմին: Բավական է միայն այն փաստը, որ Ազգային ժողովի պատգամավորը պարգևատրվում է տարվա լավագույն բիզնեսմենի մրցանակով:
Հիմա հարց է առաջանում, ի՞նչ տրամաբանությամբ պետք է իշխանության ազդեցիկ լծակներին տիրապետող մարդիկ հրաժարվեն արտոնյալ աղբյուրներից, եթե իշխանության են ձգտում բացառապես հենց այդ նպատակով: Ո՞վ կարող է հավատալ, որ կոռուպցիայի դեմ կպայքարեն մարդիկ, ում համար իշխանության ողջ իմաստը համապատասխան լծակներին տիրանալն է: Իսկ կոռուպցիայի լծակները, ինչպես մեր ժողովուրդն է սիրում ասել «նաղդ փող» է:
Հայաստանում 2003 թ. ընդունվել է Կոռուպցիայի հաղթահարման ռազմավարական ծրագիր, իսկ 2004 թ. ստեղծվել է Կոռուպցիայի դեմ պայքարի պետական խորհուրդ, որի մեջ մտնում են շատ բարձրաստիճան պաշտոնյաներ: 2007 թ. իրականացված հարցման տվյալներով` 62.3 %-ը համարում է, որ ՀՀ-ում կոռուպցիայի մակարդակը աճել է: Իսկ հարցվածների 63.3%-ը կոռուպցիայի դեմ կառավարության ծրագիրը գնահատել է որպես անարդյունավետ:
Նկատենք, որ այս ծրագիրն ու պետական խորհուրդը փող արժեն` մեր փողերը: Այդ փողերը պետությունն իզուր է ծախսել: Միգուցե, այդ փողերը նույնպես հոսել են ինչ-որ մարդկանց գրապանները, պարզ չէ: Բայց, որ փողերն անիմաստ են ծախսվել, հաստատ է ու դրա համար պատասխանատու են համապատասխան իշխանական կառույցները: Սակայն, ամենից էականն այն է, որ այս հարցման արդյունքները ցույց են տալիս, որ կոռուպցիայի դեմ պայքարին կոչված պետական ծրագրերում ու կառույցներում չպետք է ներգրավվեն պետական պաշտոնյաներ:
Հարց է առաջանում. այդ դեպքում ովքե՞ր պետք է ներգրավեն հակակոռուպցիոն պայքարի ոլորտ: Կարծում եմ, որ եթե մենք իրոք ունենք իշխանություն և ընդդիմություն, ապա այս հարցում կարելի է համագործակցել: Օրինակ սա կարող է դառնալ իշխանության և ընդդիմության երկխոսության թեմա: Հայտնի է, որ ընդդիմությունը իշխանությանը գնահատում է որպես «ավազակապետություն»: Ուրեմն` թող իշխանությունը գործնականորեն ապացուցի, որ ընդդիմությունը դատարկախոս է` իր մեղադրանքն ապացուցելու հնարավորություն տալով: Եթե մեղադրանքն ապացուցվի, ապա իշխանությունները հրաժարական կտան, իսկ եթե ոչ` ապա ընդդիմությունը կհեղինակազրկվի: Այսինքն` ընդդիմադիր ուժերին կարելի է ընդգրկել կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով ստեղծվող պետական կոմիտեներում:
Վերջերս, հայաստանյան հակակոռուպցիոն բնույթի կազմակերպություններից մեկի կայքէջում «Արվեստն ընդդեմ կոռուպցիայի» նկարների ցուցահանդեսին ծանոթանալիս, աչքիս ընկավ մի նկար, որտեղ աշխատանքի հրավերքի գրությամբ «աթոռը» դատարկ էր մնացել: Սա բավական չէ, դեռ մարդիկ էլ փախչում էին դրանից: Այդպես նկարիչը պատկերել էր կոռուպցիայից զերծ երևակայական Հայաստանը: Նկարը շատ իրատեսական է և պատկերում է մեր իրականությունը` հայելակերպ էֆեկտով: Ծայրահեղությունից ծայրահեղություն ներկայացված լարումում սակայն չկա միջակայքը, որտեղ կարելի է փնտրել լուծումը: Ըստ էության մեր հիվանդ իրականությունը և նույնքան հիվանդ երևակայական հակապատկերը խոսում են մեկ բանի` իշխանության սխալ ընկալման մասին:
Հայաստանում իշխանությունը բնակչության մեծամասնության կողմից ընկալվում է որպես «վլաստ»: «Վլաստը» իշխանություն չէ, որ կառուցված է լիազորությունների ու պատասխանատվությունների հավասարակշռման ու հակաշիռների վրա: Այն չունի հակակշիռ և վերահսկողության չի ենթարկվում: Այդ պատճառով այն ծնում է արտոնյալություն ու սահմանազանցություն (բեսպրեդել): Իսկ Հայաստանում գործում է չգրված մի օրենք` ով «վլաստ» ունի, նա էլ պետք է օգտվի բարիքներից: Կոռուպցիան ծնվում է այնտեղ, որտեղ իշխանություն կրողը օրենքից վեր է, կամ` օրինազանց:
Օրեր առաջ կոռուպցիայի հաղթահարմանը նվիրված քննարկումներից մեկում, ընդդիմադիր գործիչներից մեկը կոռուպցիայի հաղթահարման պայման համարեց ժողովրդավարության ու քաղաքացիական հասարակության կայացումը: Իհարկե, ժողովրդավարությունը կարևոր է այս հարցում: Սակայն կոռուպցիան միայն ժողովրդավարական երկրներում չէ, որ հաջողությամբ հաղթահարվել է: Ժողովրդավարությամբ առանձնապես աչքի չընկնող, բայց կոռուպցիայի ամենացածր մակարդակն ունեցող երկրներից մեկի` Սինգապուրի, վարչապետի խոսքերը կիրառելի են ցանկացած երկրի համար` «Եթե վերևում գտնվող մարդիկ բարոյական չափանիշների օրինակներ չեն, եթե նրանք այդ չափանիշները չեն տարածում իշխանության ներքին օղակներում, ինչ-որ բան անելը շատ դժվար է»: Հիշեցնենք, որ Դանիայից, Շվեդիայից և Նոր Զելանդիայից հետո Սինգապուրը կոռուպցիայի ամենացածր մակարդակն ունեցող երկիրն է և իրենից հետ է թողել բոլոր ժողովրդավարական երկրներին:
Մեկ այլ` Ժողովրդավարական Եվրոպան ներկայացնող, գործչի խոսքերով «Կոռուպցիայի դեմ պայքարը պահանջում է կոշտ վերահսկողության իրականացում խորհրդարանի, իրավապահ կառույցների, ԶԼՄ-ների և ուժեղ քաղաքացիական հասարակության կողմից: Այն դեպքերում, երբ այս ինտիուտները անբավարար են զարգացած և թույլ են, կոռուպցիան դուրս է գալիս վերահսկողությունից, ինչը սովորական քաղաքացիների համար հանգեցնում է սարսափելի հետևանքների»:
Երկուսի հետ էլ չի կարելի չհամաձայնել, քանի որ երկուսում էլ կարևորվում է հասարակությունում ու իշխանությունում պետական մտածողության գերակայությունը: Ցանկացած այլ դեպքում առաջանում են կոռուպցիոն լուրջ ռիսկեր, այսինքն` իշխանություն ներկայացնող անձանց կողմից անձնական կամ խմբակային օգուտներ ստանալու նպատակով օրինազանցությունների իրականացում:
|