|
Աղասի Թադևոսյան 2008-10-28 Հասարակական կարծիքն ուսումնասիրելիս` կարելի է հանդիպել կոռուպցիայի բնորոշման հետաքրքիր տեսանկյունների: Ուշագրավ է որ հարցվածների շուրջ 38 %-ը կոռուպցիան բնորոշում որպես ազգային մտածելակերպի և ավանդույթների արդյունք:
Եթե հաշվի առնենք նաև այն փաստը, որ հարցվածների շուրջ 85 %-ը կոռուպցիայի հիմնական պատճառը համարում է հանրային շահերը կլանայինին ստորադասելը և պետական լծակները սեփական և մերձավորների նպատակներին ծառայեցնելը, ապա կարելի է ասել, որ հայաստանյան ընկալումներում կոռուպցիան դիտվում է որպես բավականին լուրջ ազգային և հասարակական հենարան ունեցող երևույթ:
Հատկանշական է հատկապես հետազոտությունների ժամանակ գրառված մի դիպված Գյումրի քաղաքից, երբ տեղական իշխանություններին կոռուպցիայի մեջ մեղադրող տարեց մի տղամարդու հարցրեցինք, իսկ ինչպե±ս կվերաբերվեր ինքն իր տղային, եթե նա դառնար քաղաքապետ և չկատարեր «բարեկամին գործի տեղավորելու իր խնդրանքը», նա անկեղծորեն պատասխանեց. «որպես որդու` կհրաժարվեի նրանից»:
Համաձայնենք, պատահական չէ, որ հասարակական կարծիքում կոռուպցիայի պատճառների մեջ ամենաառանցքայինը համարվող կլանայնությանը զուգահեռ մատնաշվում են ազգային-հասարակական բնույթի գործոններ:
Առաջին հայացքից` կոռուպցիայի հասարակական և հատկապես ազգային-մշակութային պատճառների մասին խոսելը կարող է տարօրինակ թվալ, սակայն այն իրականում գոյություն ունի և պայմանավորված է մեր հասարակական մշակույթով և մի շարք այնպիսի ազգային առանձնահատկություններով, որոնք եթե ուղղակիորեն չեն առաջացնում կոռուպցիա, ապա գոնե դրա համար ստեղծում են նպաստավոր արժեքային մթնոլորտ ու դաշտ:
Ինքնակազմակերպման նախնական փուլում ենք դեռ: Այն, որ անկախության շրջանում հայ հասարակությունը սկսեց ինքնակազմակերպվել էթնոմշակութային սեփական ավանդույթներին բնորոշ եղանակներով, դժվար է ժխտել: Դժվար է ժխտել նաև, որ այդ ինքնակազմակերպումը հիմնականում ընթացավ անձնական ճանաչողության և վստահության հիմքի վրա: Արդյունքում, հասարակական հարաբերությունների նորմավորման ինքնաբուխ գործընթացները հիմնականում իրականացան ամենից պարզունակ` զարգացման քիչ հեռանկարներ խոստացող ազգ-արյունակցական, թաղային, ընկերական ավանդույթների հիմքի վրա: Դրանց մեծ մասն այսօր էլ առավելապես համայնքային են և դեռ չեն փոխակերպվել հասարակականի: Այս երկուսի հիմնական տարբերություններից մեկն էլ հենց այն է, որ առաջինում վստահության առանցքային գործոնը անձնական ճանաչելիություն է, իսկ երկրորդում` ինստիտուցիոնալ նորմավորումը:
Այսինքն` եթե առաջինում մարդն իր անհատական նվաճումների համար բազմաթիվ պարտավորություններով կապված է իրեն անձամբ ճանաչող մարդկանց ու խմբերին, ապա երկրորդում` պարտավորությունները վերացարկված են կոնկրետ մարդկանցից և կապված են հասարակական ու պետական ինստիտուտների հետ: Եթե առաջինում մարդը ենթակա է չգրված նորմերին, ապա երկրորդի դեպքում` օրենքներին: Եվ ամենակարևորը, եթե առաջինի արժեքային համակարգն իր բնույթով նեղխմբակային է (կարևոր են խմբի շահերը), ապա երկրորդինը` հասարակական ու պետական է, այսինքն` կարևորվում են պետության ու հասարակության շահերը, անհատը սեփական շահերը չի հակադրում ընդհանուրին, այլ համաձայնեցնում է դրանք:
Խմբակային արժեհամակարգում ապրող մարդն անձնական հաջողությունների ու նվաճումների հասնելու համար ստիպված է իր շահերը ծրագրավորել` դրանք հարմարեցնելով խմբակային շահերի շրջագծին: Սա որոշիչ է, քանի որ մարդու համար անձնական շահերի իրացմանն ուղղված գործունեության բնույթը պայմանավորված է հասարակական մշակույթով: Եթե, վերջինս դեռ խմբակային է, ապա պետական շահը ստորադասվում է խմբին` դա լինի ընտանիք, արյունակից ազգականների խումբ, ընկերներ, թայֆա կամ թայփ:
Հատկանշական է, որ այսօր Հայաստանում ավելի ցածր են գնահատվում այն անհատները, ովքեր իրենց անձնական ու ընտանեկան բարօրության համար չեն հրաժարվում հասարակական, պետական ու ազգային շահի գաղափարներից և դրանց իրացմանն ուղղված գործունեությունից: Հակառակը, շատ հաճախ անձնական, անկեղծ զրույցներում այդպիսի մարդկանց մասին կարելի լսել` «մարդ չէ», «անպետք մարդ է», «վատ մարդ է» և նմանատիպ այլ արտահայտություններ:
Ստացվում է այնպես, որ անձնական-հատվածական արժեքները հասարակականին, կամ համազգայինին ածանցողը ենթակա է օտարման ու մեկուսացման տարբեր ձևերի: Այդպիսի մարդուն չեն սիրում, խուսափում են նրա հետ հարաբերություններ հաստատելուց, հարգալից չեն վերաբերվում, բամբասում են և նման այլ բազմաթիվ ձևերով ցույց են տալիս իրենց բացասական վերաբերմունքը: Վերջերս ծանոթներիցս մեկը վերադարձել էր Գերմանիայից և շատ բացասաբար արտահայտվեց նրանց մի շարք սովորույթների մասին: Մասնավորապես, նա ցնցված էր, երբ մի ծանոթ գերմանացի, իր բնակարանի պատուհանից տեսնելով փողոցային երթևեկության կարգազանցությունը, զանգահարել և հայտնել էր ոստիկանությանը: «Դրանք բոլորը գործ տվողներ են, ախպե՛ր ջան, մարդկությունը կորցրել են», - սա իմ ծանոթի եզրակացությունն էր, որն ավելի շատ ոչ թե նրա անձնական կարծիքը պետք է համարել, որքան հայաստանցու համայնքային մշակույթի հակադրությունը գերմանացու հասարակական մշակույթին: Բնական է, որ Հայաստանում նման մեկին հանդիպելիս` այդ ծանոթս և նրա նմանները նրան ոչ միայն մարդ, այլ նաև հայ չէին համարի ու կբնութագրեին ամենստորացուցիչ ածականներով: Այսինքն` կօտարեին այդ մարդուն ոչ միայն բարոյական գնահատականի, այլ նաև հասարակական-ազգային հակադրման միջոցով: Հատկանշական է, որ այդ նույն մարդկանց մեծ մասը չի տեսնում օրինազանցության հանդեպ իր հանդուրժողականության և օրինազանցության կոնկրետ դրսևորման` կուռուպցիայի միջև կապը: Մեզանից յուրաքանչյուրի շրջապատում էլ կան մարդիկ, ովքեր, աշխատելով այս կամ այն պաշտոնում, շեշտակիորեն բարելավվում են իրենց ունեցվածքային վիճակը: Բոլորն էլ գիտեն, որ նրա հարստության աղբյուրը կոռուպցիայի տարբեր ձևերն են: Սակայն, արտառոցն այն է, որ բոլորն էլ դա համարում են շատ նորմալ ու բնականոն երևույթ, և մեծամասնությունը այդ պաշտոնյանին` «որպես մարդ», չէր հասկանա, եթե նա չհարստանար և չօգտվեր իր այդ դիրքից: Ավելին, միանգամից ավելանում է այդ մարդու հետ անձնական կապերը ջերմացնելու ձգտողների թիվը, քանի որ դրանում տեսնում են նաև «գործ կպցնելու», այսինքն` կոռուպցիոն ճանապարհով գումար աշխատելու հնարավորություն:
Կարելի է ասել, որ պոտենցիալ կոռուպցիոներների թիվը մեր հասարակությունում բավական մեծ է և դա պատճառներից մեկն է, որ կոռուպցիայի միջոցով հարստացած պաշտոնյան թաղային, հարևանական, բարեկամական և նմանատիպ այլ հասարակական միջավայրերում առավել հարգի կարգավիճակ ունեցողներից է, իսկ նա, ով պաշտոնի անցնելով չի օգտվում դրանից, համարվում է «անբաշար», «անշնորհք», «կյանքը լավ չհասկացող» տհասի մեկը:
Առկա այս մտածելակերպն ու արժեքային մոտեցումները նպաստում են հասարակական կյանքի կազմակերպման ստվերային ինստիտուտների դերի բարձրացմանը: Այսինքն` ոչ միայն տնտեսական ու պետական կառավարման համակարգն է գործում ստվերում, այլ նաև` հասարակականը: Գերմանիայից վերադարձած իմ ծանոթի նման մտածողները, որոնք գերակշռում են մեր մեջ, նպաստավոր հող են ստեղծում, որ մեր «հասարակական ստվերը» քրեականացվի: Ի՞նչ է այսօր, այսպես կոչված թաղի «հարց լուծողի», «թաղային հեղինակության» կամ «հարգված տղու» ինստիտուտը: Դա օրենքը շրջանցելու հասարակական ստվերային ինստիտուտ է: Պատահական չէ, որ նման ինստիտուտները նաև մեծ դեր են խաղում կլանային իշխանությունների վերարտադրության գործում: Վստահորեն կարելի է ասել, որ հասարակությունում առկա ստվերային ինստիտուտները այն հիմնական արգելքներից են, որոնք խոչընդոտում են հասարակական լեգիտիմ ու թափանցիկ հարաբերությունների ձևավորմանը: Հատկանշական է, որ այսօրվա թաղային, ազգարյունակցական խմբակային համակեցության պատվի կոդեքսն ավելի հարազատ է քրականին, քան քաղաքացիականին: Քաղաքացու համար պատիվ է համարվում օրենքը հարգելը, քանի որ դրա ձևավորմանը որպես ազատ քաղաքացի մասնակցել է կամ ինքը կամ իր կողմից ընտրված ներկայացուցիչը: իսկ մեր թայֆայական աշխարհընկալմամբ` օրենքին դիմելը համարվում է խմբակային պատվի կոդեքսի հանդեպ անհարգալից դիրքորոշում և տղամարդու համար դատապարտելի ու անվայել արարք: Նման ստվերայնությունից ազատագրումը կարելի է համարել հակակոռուպցիոն պայքարի կարևոր տարրերից մեկը:
Կարելի է ասել, որ Հայաստանում հակակոռուպցիոն պայքարի գլխավոր խնդիրներից մեկւ հենց հասարակության ապաստվերայնացմանը նպաստելն է: Առանց ապաստվերայնացված հասարակական ինստիտուտների չի կարելի հաջողության հասնել կոռուպցիայի համակարգային հիմքերի վերացման գործում: Իսկ դրանում կարևոր է հասարկությունում քաղաքացու պատվի կոդեքսի արմատավորման խնդիրը:
|