Աղասի Թադևոսյան 2009-06-24
Վերջերս ռուսական ամսագրերից մեկում ծանոթացա նախկին ԽՍՀՄ 5 երկրներում միգրացիոն գործընթացների վերաբերյալ համեմատական մի վերլուծության տվյալների: Հայաստանը, ի թիվս Բելոռուսի, Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի, ուսումնասիրված երկրներից մեկն էր:
Համեմատական տվյալները Հայաստանի վիճակն առանձնապես չէին տարբերում մյուս երկրներից: Պատկերը համարյա բոլոր տեղերում նույնն էր:
Ամենից ցայտուն տարբերություններից մեկը Հայաստանի ու մնացած երկրների միջև Ռուսաստան արտագաղթող միգրանտների թվաքանակի մեջ էր: Մյուսը` միգրացիայի դիմելուց առաջ սեփական ունակությունների վրա աշխատողների ծավալների մեջ էր:
Նախ նկատենք, որ Հայաստանը միակն էր նշված հինգ երկրների մեջ, որտեղից միգրանտների համար Ռուսաստանը գլխավոր թիրախն էր: Ասենք, օրինակ, հարևան Վրաստանից միգրանտները ամենից շատը մեկնում են ԱՄՆ, հետո Գերմանիա և Հունաստան: Ինչպես տեսնում ենք, վրաստանցի միգրանտների համար Ռուսաստանը նույնիսկ առաջին եռյակի մեջ չի մտնում: Կամ, ասենք, Բելոռուսից ամենաշատը մեկնում են Գերմանիա և ԱՄՆ, Մոլդովայից ու Ուկրաինայից` Իտալիա:
Միգրացիայից ակնկալվող դրական կամ բացասական հետևանքների գնահատման հարցում կարող է որոշիչ դեր խաղալ, թե զարգացման ինչ մակարդակի պետություն են մեկնում տվյալ երկրի միգրանտները: Ընդհանրապես զարգացման բարձր մակարդակ ունեցող երկրներ մեկնելը ունի մի շարք դրական կողմեր: Նախ դա ավելի լայն հնարավորություններ կարող է ստեղծել միգրանտի համար՝ իրացվելու, ինքնահաստատվելու և առաջընթացի տեսանկյունից: Շատ էական է, որ մարդկային որակյալ ներուժ ունեցող միգրանտները կարողանան դրսում գտնել որակյալ աշխատանք: Հետո, ավելի դրական կարող է լինել հետադարձ ազդեցությունը, կոպիտ ասած, միգրանտներ արտահանող երկրի վրա:
Ըստ առկա հետազոտական տվյալների 1991-1996 թթ Հայաստանից արտագաղթածների մեջ բարձրագույն կրթություն ունեցողների տեսակարար կշիռը կազմել է շուրջ 48 %: Հետագա տարիներին բարձրագույն կրթությամբ որակյալ մարդկային ներուժի արտահոսքը կրճատվել է՝ ըստ որոշ տվյալների 2005-ին իջնելով մինչև 34 %, իսկ 2006-ին՝ 27 %-ի, մինչդեռ ՀՀ բնակչության մեջ նույն խավը կազմել է մոտ 20 %: Չնայած միգրանտների մեջ կրթական բարձր ցենզ ունեցողների համամասնական քանակի կրճատմանը, այն դեռևս շարունակում է ավելի բարձր մնալ ՀՀ բնակչության մեջ այդ նույն խավի թվից: Սա, բացի նրանից, որ վկայում է այն մասին, որ միգրացիայի հետևանքում Հայաստանը կորցնում է իր հեռանկարային զարգացման համար կարևոր որակյալ մարդկային ռեսուրսի մի զգալի մասը, ցույց է տալիս նաև, որ գործ ունենք այդ որակյալ ներուժի դրսում համարժեքորեն իրացվելու հիմնախնդրի հետ: Ավելորդ չի լինի նկատել, որ միգրացիայի հիմնախնդրին վերաբերող համարյա բոլոր հետազոտությունների տվյալներով բարձրագույն կրթությամբ անձանց շատ փոքր մասն է դրսում համարժեք որակավորմամբ աշխատանքով զբաղված: Այս առումով վիճակը շատ անմխիթար է դեպի Ռուսաստան, իսկ քիչ ավելի մխիթարող՝ ԱՄՆ միգրացիայի պարագայում:
Թվային տվյալները ցույց են տալիս, որ Ռուսաստան մեկնած հայաստանցի միգրանտների հիմնական մասն իրականացնում է իր որակավորումից ցածր, իսկ որոշ դեպքերում էլ շատ ավելի ցածր աշխատանքներ, այն պարզ պատճառով, որ Ռուսաստանի տնտեսությունը և աշխատաշուկան այն աստիճանի զարգացած ու դիֆերենցված չի, որ բարձր որակավորմամբ մասնագետների պահանջ ներկայացնի: Փաստերն ու թվերը ցույց են տալիս, որ Հայաստանից Ռուսաստան մեկնած շատ միգրանտների մեջ բարձրագույն կրթություն ունեցող շատ անձինք իրականացնում են բանվորական կամ լավագույն դեպքում շինարարական ոլորտի արհեստավորական աշխատանքներ: Ըստ առկա հետազոտությունների Հայաստանից Ռուսաստան մեկնած միգրանտների շուրջ 67 %-ը ներգրավված է գործունեության ոչ որակյալ ոլորտներում, իսկ որակյալում` ընդամենը 10 %-ն է:
Հետաքրքիր է, որ Ռուսաստանից իրենց ծանոթներին ու բարեկամներին դրամական փոխանցումներ ուղարկող հայաստանցի միգրանտների մեջ ամենամեծ թիվը կազմում են շինարարության ոլորտում ընդգրկվածները` շուրջ 55 %, իսկ կրթության, գիտության և առողջապահության ոլորտում ընդգրկվածները կազմում են ընդամենը 1 %՝ այն դեպքում, երբ ԱՄՆ մեկնածների մեջ այս երկու խմբերի տեսակարար կշիռը հավասար է 8-ական %-ի: Սա նշանակում է, որ ԱՄՆ մեկնած միգրանտների մեջ որակյալ աշխատանքի անցնողների տեսակարար կշիռը շատ ավելին է, քան Ռուսաստան մեկնողներինը:
Առաջին հայացքից Հայաստանի և Հայաստանում մնացողների համար կարծեք թե սա այդքան էլ արդիական խնդիր չէ, քանի որ միգրացիային մենք ունենք խիստ հայաստանակենտրոն մոտեցում և կարևորում ենք գլխավորապես Հայաստան ուղարկվող տրանսֆերտների կտրվածքով: Եթե դրանք կան, ապա լավ է, բայց եթե քչանում են` վատ: Սակայն եթե վերացարկվենքմիգրանտ բառի վերը բերված շահադիտական առումներից, ապա ակնհայտ է դառնում, որ այդ միգրանտն առաջին հերթին մարդ է, ով մեկնելով Հայաստանից, պետք է ոչ միայն վաստակի ու փող ուղարկի Հայաստան, այլ որ շատ ավելի կարևոր է` մարդավայել ապրի իր կյանքը, զարգանա որպես մարդ, ձեռք բերի ավելի բարձր մարդկային, մշակութային և մասնագիտական որակներ, որոնք նրան թույլ կտան ավելի մեծ հաջողությունների հասնել իր գործունեության մեջ, կայանալ և, որ վերջապես շատ ավելի կարևոր է, որպես մարդ ավելի երջանիկ զգալ: Հենց այս մոտեցումն է, որ բացակայում է մեր հասարակությունում և որ առավել տարօրինակ է` միգրանտների մեծ մասի մոտ:
Ըստ վերը նշված նախկին ԽՍՀՄ հինգ երկրների համեմատական հետազոտության տվյալների, միգրացիայի պատրաստվողների մեջ իր կողմից որակավորման ու ադապտացիոն կարողությունների բարձրացմանն ուղղված քայլեր ձեռնարկողների թվով հայաստանցի միգրանտները վերջին տեղում են: Օրինակ, եթե միգրացիայի նախապատրաստվողների մեջ օտար լեզու սովորողների թիվը Վրաստանում և Ուկրաինայում կազմում է համապատասխանաբար 26.8 % և 20.5 %, ապա Հայաստանում այդպիսինների թիվը ընդամենը 4.8 % է: Կամ մինչև մեկնումը իր մասնագիտական որակավորումը բարձրացնել փորձողների թիվը այդ երկրներում կազմել է համապատասխանաբար 10.4 % և 10 %, իսկ Հայաստանում` 2.3 %:
Այս թվային տվյալներից կարելի է եզրակացնել, որ միգրանտներն իրենք էլ առանձնապես չեն գիտակցում ու կարևորում մեկնելուց հետո որակյալ աշխատանք կատարելու խնդիրը: Հիմնական մասը ձգտում է լուծել գոյատևման, այլ` ոչ զարգացման խնդիրներ:
Կարելի է ասել, որ այս երևույթի տարածվածությունը ՀՀ միգրացիայի ոլորտում, առկա իրավիճակի կարևոր հիմնախնդիրներից է, և մինչև միգրացիայի դիմելը միգրանտների որակավորումը բարձրացնելուն ուղղված ծրագրերի մշակումն ու իրականացումը կարող է նպաստել, որ հայաստանցի միգրանտների շարքերում մեծանան որակյալ ոլորտներում աշխատողների քանակը:
Այսինքն, միգրացիոն ոլորտի առկա խնդիրների մեջ կարևոր նշանակություն է ստանում արտերկրում միգրանտներին աշխատանքային ավելի որակյալ ոլորտներում ներգրավելուն և մարդկային զարգացման տեսանկյունից նպաստավոր իրավիճակում հայտնվելուն ուղղված միջոցառումների նախաձեռնումը: Կարևոր է, որ մարդիկ առավել հետամնաց Ռուսաստան արտագաղթելու փոխարեն նախընտրեն առավել զարգացած արևմտյան երկրներ մեկնելը, ինչը կարող է միաժամանակ ավելի նպաստավոր լինել միգրանտների համար մարդկային զարգացման և Հայաստանի համար միգրացիայի հետադարձ դրական ազդեցության տեսանկյուններից: